Ատելությունս առ տրանսլիտ գնալով աճում է՝ ուղիղ համեմատական արդեն շենքերի պատերի վրա, գրիչով գրառումներում լատինատառ հայերենի հայտնվելու՝ գնալով ահագնացող դեպքերին։ Այսինքն, էս երևույթը դադարել է տեխնիկական սահմանափակումներից բխող և հետևաբար այընտրանք չունեցող լուծում լինել. այն սկսել է մշակույթի մաս դառնալ։ Ըստ իս, սա շատ վատ երևույթ է, ավելի վատ, քան գազի գնի թանկացումը, Մաքսային միության անդամակցությունը, Գալուստ Սահակյանի բոլոր հարցազրույցները միասին վերցրած։ Այսինքն, տիեզերքի չափ վատ։ Գոնե՝ տեսանելի տիեզերքի։ Ու էս ամենը՝ հայրենի կառավարության՝ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու համատեքստում։ Էդ ոնց որ կոշկակարը բոբիկ ման գա, որևէ հարկայինի պետ ազնվությունից խոսի, կամ մշակույթի նախարարը՝ մշակույթից։ Աբսուրդ։
Ցայսօր չունենք համակարգիչների ֆիզիկական ստեղնաշարերի վրա հայերեն տառերի նշման՝ պետության կողմից ներկայացվող պահանջ։ Հարգելի օլիգարխ-մոնոպոլիստներ, Ձեզ եմ դիմում։ Կառավարությունը սա էդպես էլ չի անելու, գոնե դուք արեք (ջհաննամը թե գերշահույթ չեք ստանա)։ Ուշադրություն. դնում եք ստեղնաշարի արտադրության ցեխ ու արտադրում հայերեն տառերով ստեղնաշարեր։ Բայց էնպես, որ մայքրոսոֆթի, օրինակ՝ գրամեքենայական ստեղնաշարի հետ բռնի։ Հետո քացով բացում եք համապատասխան չինովնիկի (անկախ ռանգից) աշխատասանյակի դուռը ու պարտադրում, որ մի կարգ հորինեն, ըստ որի հայերեն տառեր չունեցող ստեղնաշար ծախելը դրամարկղային չէկ չտպելու պես մի բան է. մենակ մի քանի մոսկվիչկայատիպ խանութ կարող են անել։ Բայց դա հեչ։ Կարևորը, որ բոլորը կսկսեն վաճառել հայատառ ստեղնաշարերով համակարգիչներ։
Սա հարդի մասով։ Հիմի անցնենք սոֆթին։
Ձեր խոնարհագույն ծառան, այսինքն ինքզինքս, դարերի խորքից տքնում էր հայկական ստեղնաշարեր թողարկելու սուրբ գործի վրա ու 5 անգամ տքնելուց հետո էսօր 6-երորդ անգամ տքնեց։ Այսինքն՝ տքնեցի (իմ մասին երրորդ դեմքով երկար գրեմ, կմտածեք ԲՀԿ-ական եմ)։ Տքնելու պատճառը մի շարք համաքաղաքացիների իրավացի բողոքն էր, որ հայերեն ստեղնաշարի իմ հինգերորդ տարբերակում լատինատառ միջակետը տարել էի թվային ստեղնաշարի վրա, հիմնական մասում թողնելով հայկականը (որն, ի դեպ, ինչպես էսօր պարզեցի, էնքան էլ հայկական չէր, գլխիս չխփեք)։ Սա խնդիր էր ստեղծում մի շարք հայերեն տառատեսակների հետ հատկապես լափթոփատերերի մոտ, որոնք, էդ տառատեսակներից օգտվելու դեպքում ստիպված պիտի լինեին num lock-ով ակտիվացնել թվային ստեղնաշարը, էդ կետը խփել ու հետ գալ։ Հակառակ դեպքում քառակուսի նշան էր երևում։
Սույն գրառմամբ ներկայացնում եմ թվով վեցերորդ հայերեն յունիքոդ ստեղնաշարը, որտեղ սա ուղղված է։
Դիմավորեք։ Armenian Unicode Phionetic layout v1.6
Նախկին տարբերակներից օգտվողները նախապես պետք է Programs/uninstall a program միջոցով հեռացնեն «Armenian Unicode Phonetic-PV(v1-5)» ծրագիրը։ Համակարգչում կիրառելու ձևը, հուսով եմ, հիշում եք.
1. Պետք է նախ համոզվել, որ գտնվում եք windows օպերացիոն համակարգում։ Համոզվելու համար պետք է քանդել համակարգչի բլոկը, առանձնացնել բաղադրիչները, մաքրել, փոշեծծել (սորրի), ետ հավաքել, միացնել հոսանքին, անթարթ հետևել մոնիտորին, եթե միանալուց վրան microsoft windows գրեց, որեմն համոզվեցիք։ Հիմա կհարցնեք՝ բա քանդելն ու փոշեծծե՞լը ինչներիդ էր։ Ասեմ. ուղղված էր համընդհանուր մաքրությանն ու համակարգչի լավ աշխատանքին։ Դրանից վնաս չկա։
2. Էն վերևի կարմիր (հարգելի դալտոնիկնե՛ր ու մոնոքրոմ մոնիտորներ օգտագործող համաքաղաքացինե՛ր, կարմիրից բացի այն նաև տակը գիծ ունի) հղումը պետք է սեղմել ու սույնով ներբեռնել arm-u-p6.rar ֆայլը, սա unrar անել որևը պանակում։
3. Անհրաժեշտ է աշխատեցնել դրանում առկա setup.exe ֆայլը (նիշքը)։ Մինչև ֆեյսբուքի մի քանի ստատուս լայքեք, էկրանին կհայտնվի հաստատմամբ հաղորդագրություն։
4. Եթե հետագա ակտիվացման հետ խնդիրներ կան կամ եղանակը չգիտեք, առաջարկում եմ կարդալ էս պոստը, որտեղ ամեն ինչ մանրամասն նկարագրված է ու օգտակար հղումներ էլ կան։
Ստեղնաշարի շարվածքն էսպիսին է՝
Կարճ՝ սույն ստեղնաշարի՝ առաջին հայացքից չերևացող հատկությունների մասին։
6 – «(» փակագիծ
SHIFT+6 – «)» փակագիծ
SHIFT+«-» – «֊» հայկական գծիկ (ենթամնա)
SHIFT+«» – «՚» հայկական ապաթարց
CTRL+ALT+«» – «․» հայկական միջակետ
SHIFT+«,» – "«" չակերտ
SHIFT+«.» – "»" չակերտ
CTRL+ALT+«4» – «֏» ՀՀ դրամի նշան
CTRL+ALT+«=» – «=» հավասարման նշան
Եթե կարմիրով ներկված (դալտոնիկնե՜ր, աո՜ւ) նշանների փոխարեն քառակուսի եք տեսնում, ուրեմն ձեր մոտ էլ տառատեսակի խնդիր կա։ Առաջարկում եմ այցելեք էստեղ։
Էլ չեմ երկարացնում։ Ամեն դեպքում առաջարկում եմ ներքոհիշյալ գրառումը կարդալ. օգտակար հղումներ կան, որ կարող է և պետք գան՝ ascii-ից unicode փոխարկման, տողադրաձի և այլ նման հնարավորություններով։ Հարցեր լինեն, գրեք։ Սույն բլոգում կամ էստեղ:
Աղբյուրը՝ ovanitas.livejournal.com