BBC-ն անդրադարձել է վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանն ու դրա հիմնական պատճառներին: Այս մասին մասնավորապես նշված է.
«Հայաստանն առանձնահատուկ հարաբերություններ է պահպանել Ռուսաստանի հետ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր, սակայն վերջերս տեղի ունեցած պատանդման դեպքն ի հայտ բերեց հակառուսական տրամադրությունների ստորջրյա հոսանք։
Անցած ամիս երկու շաբաթ զինված անձինք գրավեցին Երևանի ՊՊԾ գունդը և պատանդներ վերցրին:
«Մենք ուզում ենք, որ ժողովորդը և միջազգային հանրությունը հասկանա՝ սա ազգային-ազատագրական շարժում է ընդդեմ ռուսական գաղութատիրության»,- ասվում է նրանց հաղորդագրությունում։
Հազարավոր ցուցարարներ ամեն գիշեր համախմբվում էին՝ աջակցելու զինված անձանց, նրանցից շատերը մեղադրում էին Ռուսաստանին ՝ Հայաստանի գործերին միջամտելու համար։ Շատ հայեր համամիտ են ապստամբների պահանջների հետ, որը ներառում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչ։ Շշուկներ կան, որ նա ցանկանում է Հայաստանի կողմից վերահսկվող որոշ տարածքներ հանձնել Ադրբեջանին՝ խաղաղ գործարքի դիմաց։
Հայ-ռուսական բարեկամությունը դարավոր պատմություն ունի։
Հայաստանի տնտեսության զգալի մասը տնօրինվում կամ վերահսկվում է Ռուսաստանի կողմից՝ ներառյալ էներգետիկ ոլորտն ու երկաթուղիները։ Հայաստանը հյուրընկալում է ռուսական ռազմաբազան և համարում իրեն Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը Կովկասում։
Ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ էսկալացիա, որի ժամանակ մոտ 200 մարդ՝ զինվորականներ ու քաղաքացիական անձինք զոհվեցին։ Դա բռնության ամենախոշոր բռնկումն էր ավելի քան 20 տարում։
Կրեմլը օգնեց ապրիլի 5-ին հասնել հրադադարի, սակայն ռուսական կողմի զենքի մատակարարումները և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին քննարկումների ալիք բարձարցրին հայ-ռուսական հարաբերություների շուրջ»:
Ռուսաստանը վերջին տարիներին Ադրբեջանին ավելի քան 4 մլրդ դոլարի զենք է վաճառել, բայց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պնդում է, որ երկու կողմերի զենքի մատակարարումը զսպող գործոն է և տարածաշրջանում ստեղծում է «ուժերի հավասարակշռություն»։
Այս տարի ավելի վաղ Ռուսաստանը համաձայնել է Հայաստանին տրամադրել 200 մլն դոլարի վարկ՝ ռուսական զենքեր գնելու համար, այդ թվում՝ հակահրթիռային համակարգեր և հակատանկային հրթիռներ։
Չորեքշաբթի բանակցությունների նպատակով սպասվում է նախագահ Սարգսյանի այցը Մոսկվա։ Նախագահը վերջերս հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի մաս։ Երբեք, նորից կրկնում եմ՝ դրա մասին խոսք լինել չի կարող»: