▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ֆոտոլրագրության հիմնադիրը՝ Նեմրութ Բաղդասարյան

 Հայաստանում ֆոտո լրագրությունը հիմնվել է 1920-ական թվականներին, որի կայացման ակունքներում կանգնած է Նեմրութ Բաղդասարյանը: Նա առաջիններից էր, ով հայկական լրագրերում զետեղեց լուսանկարներ: Մինչ այդ լրագրերում տեղադրվում էին ձեռքով արված նկարներ,  որոնք սակայն չէին կարող ընթերցողի վրա ունենալ այն ներգործությունը, որը կարող էր ունենալ լուսանկարը:

      Նեմրութ Բաղդասարյանը մեծ ներդրում ունի Հայաստանում թե՛  ֆոտոլրագրության և թե՛ լուսանկարչության կայացման և զարգացման գործում:

       Նեմրութ Բաղդասարյանն առաջին անգամ լուսանկարչությանը ծանոթացել է  1920-ական, երբ փողոցում  պատահաբար տեսել է  մի մարդու լուսանկարելիս: Այդ շրջանում լուսանկարչությունը դեռ նոր էր մուտք գործում Հայաստան և լուսանկաչական ապարատն, ինչ խոսք, նորություն էր: Երիտասարդ Նեմրութի մոտ հետաքրքրություն է առաջանում լուսանկարչության հանդեպ, և նա շուտով  սկսում է լրջորեն զբաղվել դրանով: Նա իր առաջին լուսանկարները նկարում է ներկայիս Շահումյանի արձանի տեղում գտնվող, ռուսական եկեղեցու մոտ: Այդ շրջանում ի հայտ էին եկել փողացային լուսանկարիչներ և Նեմրութը նրանցից մեկն էր:

        Ինչպես նշեցինք, Նեմրութ Բաղդասարյանը համարվում է Հայաստանի ֆոտոլրագրության հիմնադիրներից մեկը (նաև միակ լուսանկարիչը, ում շնորհվել է արվեստի վաստակավոր գործչի կոչումը): Նրա գործը շարունակում են իր որդիները՝ Հերբերտ, Գագիկ եւ Մելիք Բաղդասարյանները, ու թոռները` Հայկ և Վահրամ Բաղդասարյանները:

նկար 1

       Նեմրութն իր կյանքի ընթացքում օգտագործել է GOMZ, Фохтландер, Linhof, Nikon, Mamiya,  ֆոտոապարատներ: Նա այն լուսանկարիչներից է, ովքեր լուսանկարելուց հետո աշխատում են լուսանկարի վրա: Այսինքն՝ լուսանկարի քիմիական մշակման ժամանակ տալիս են համապատասխան կարգավորումները: Եթե ներկայումս այդ աշխատանքը շատ դյուրին է ֆոտոշոփի կամ այլ ծրագրերի շնորհիվ, որը մի քանի րոպեների ընթացքում կտրում կամ լուսավորում է լուսանկարը, ապա Նեմրութ Բաղդասայանի ապրած ժամանակաշրջանում լուսանկարչից մեծ հմտություն և ջանքեր էին պահանջվում: Այդպիսի մի օրինակ է Ստալինի արձանի բացման լուսանկարը (նկ.1):

Վերոհիշյալ արձանի բացումը տեղի է ունեցել  1950թ. դեկտեմբերի 21-ին: Հաղթանակի այգում դեկտեմբեր ամսին սովորաբար մշուշ է լինում և բնականաբար այդ բարձրության արձանը լուսանկարել առանց որևէ միջամտության հնարավոր չէր: Ինչպես նշում է նրա որդին՝ Նեմրութը դեռ նոյեմբեր ամսից շատ էր լուսանկարել արձանը (արձանը տեղադրված է  եղել շատ ավելի վաղ քան պաշտոնական բացումը),և բացման օրվա լուսանկարի հետ համադրելով ավելի վաղ արված լուսանկարը ստանում է վերջնական արդյունքը:

նկար1-1

           Քիմիական մշակման ժամանակ նա ձեռքի օգնությամբ փակելով լույսի աղբյուրը կարողացել է լուսանկարներին տալ իրեն ցանկալի էֆեկտները: Սա բավականին բարդ պրոցես է, որը խոսում է լուսանկարչի հմտության մասին: Երբեմն իր լուսանկարները վերջնական տեսքի բերելու ընթացքում, կիրառել է նաև չափերի փոփոխում՝ լուսանկարը չափագրելով, ապա՝ կտրելով (նկ.1,1):

             1920-ական թվականներին, լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանը սկսելէ լուսանկարել Երևանը պատկերող իր առաջին լուսանկարները, որոնց շնորհիվ մեզ է փոխանցվել այն ժամանակների ոգին: Այդ լուսանկարներում պատկերված են ճարտարապետական կառույցներ՝ իրենց ողջ հմայքով: Հաշվի առնելով, որ միշտ ունեցել է սահմանափակ թվով կադրեր՝ տպավորիչ է, թե ինչպիսի համբերություն և վարպետություն է  դրսևորել լուսանկարիչը : Ամեն մի կառույց դիտվում է որպես ճարտարապետական մտքի թռիչք և ներկայացվում է իր ամբողջության մեջ՝ ներառելով լանդշաֆտը:

նկար 2

        Բաղդասարյանի  լուսանկարների մի շարք տեղին է անվանել «Արարման  պահին»: Այս լուսանկարներում պատկերված է կառույցների, քանդակների և նույնիսկ մտքերի ստեղծման պահը: Երեք ճատարապետների լուսանկարը(նկ.2) արված է Երևանյան ինչ-որ նախագծի քննարկման ժամանակ: Լուսանկարում հստակ երևում է իրերի ներդաշնակ դասավորութունը: Նեմրութը միշտ աշխատել է ստեղծել համապատասխան միջավայր, իմաստալից ֆոն: Նույնիսկ աթոռի դիրքն է օգնում ընդհանուր կոմպոզիցիայի ճիշտ ընկալմանը:

               Այս շարքից հետաքրքրական է Գառնու տաճարի վերականգնման լուսանկարները՝ ընդամենը մի քանի լուսանկար նայելով ծանոթանում ես աշխատանքի ողջ գործընթացին (նկ.3,4,5): Հետաքրքիր է նաև մեկ այլ լուսանկար, որին պայմանականորեն անվանենք «Էրեբունու առաջին ջուրը» (նկ.6):  Այստեղ ետնախորքում երևում է Էրեբունու հայտնի թանգարանը, որը մատնանշում է լուսաբանվող իրադարձության վայրը: Կենտրոնում երկար խողովակից դուրս ցայտող ջուրն է ՝ իրադարձության առիթը: Եվ վերջապես ցայտող ջուրը շրջապատող մարդիկ և նրանց ուրախությունը:

նկար 3

նկար 4

նկար 5

նկար 6

 

 

 

 

 

 

 

Մեր ընդգրկած լուսանկարները նշանակալից են նաև պատմական-փաստագրական տեսանկյունից: Լուսանկարներից մեկը ներկայացնում է Զվարթնոց օդանավակայանի կառուցումը (նկ.7), ներկայումս  օդանավակայանը կանգնած է քանդվելու վտանգի առջև ,և գուցե հետագայում հենց այս լուսանկարի միջոցով գալիք սերունդները ծանոթանան այս գեղեցիկ և յուրահատուկ ճարտարապետական մոդելին: Հետաքրքիր է նաև բանվորներին պատկերող լուսանկարը (նկ.8), որտեղ շինհրապարակի իրար հաջորդող սիմետրիկ երկաթե դետալները գեղեցիկ ֆոն են կազմում երկու բանվորների համար:

նկար 7

նկար 8

նկար 9

Nemrut-Baghdasaryan-010

նկար 10

              Հաջորդ շարքը հավանաբար Նեմրութի արած լուսանկարներից ամենահետաքրքիրն է: Եթե նախորդ լուսանկարներում նա փորձում էր դիտողին ֆիքսել տվյալ պահը, ապա այս լուսանկարներում նա ստիպում է դիտողին խորհել: Այս շարքի լուսանկարները բնութագրվում են խոհափիլիսոփայական տրամադրություններով: Օրինակ՝ ճաքած հողի վրա զույգ ձեռքեր և մայր հողի արգասիքը՝ խաղողի տեսքով (նկ.13): Վերջինս Վահան Քոչարն անվանում է «Վաստակ»: Նույնպիսի հորինվածք ունեն նաև հաջորդ երեք լուսանկարները (նկ.14,15,16):

նկար 11

նկար 12

նկար 13

նկար 13-1

նկար 14

Nemrut-Baghdasaryan-015

նկար 15

նկար 16

նկար 17

        Նեմրութ Բաղդասարյանը լուսանկարել է նաև հայտնի մարդկանց՝ Մարտիրոս Սարյանին (նկ.17), Վիկտոր Համբարձումյանին (նկ.18), Արա Սարգսյանին, Արա Հարությունյանին և այլոց: Նա մտերիմ հարաբերությունների մեջ է եղել ժամանակի մտավորականության հետ:

          Պատմական իրադարձությունները ֆիքսելու մեծ վարպետ է Նեմրութը: Նա լուսանկարել է Ինդիրա Գանդիին՝ Հայաստան այցելության ժամանակ(նկ.19): Ինչպես նաև Վեհափառ Վազգեն Առաջինի և ԽՍՀՄ մշակույթի նախարարի հանդիպումը (նկ.20):

Nemrut-Baghdasaryan-018

նկար 18

Nemrut-Baghdasaryan-019

նկար 19

Nemrut-Baghdasaryan-020

նկար 20

Nemrut-Baghdasaryan-021

նկար 21

       Ուշագրավ են նաև տարբեր ներկայացումների ժամանակ արված լուսանկարները (նկ.21), որոնք համեմված են դինամիկայով և նուրբ ռիթմով: Կարծես լուսանկարիչը փորձել է որսալ  կատարյալ կադրը: Ինչ զգոն և հմուտ պետք է լինի լուսանկարիչը, որպեսզի ունենալով ընդամենը մի քանի լուսանկար անելու հնարավորություն, կարողանա ֆիքսել շարժման ամենաարտահայտիչ պահը:

         Այսպիսով ՝պետք է փաստել , որ Նեմրութ Բաղդասարյանի լուսանկարները իրենց ուրույն տեղն ունեն հայ լուսանկարչության պատմության մեջ,  որպես մնայուն արժեքներ: Միանշանակ մեծ է նրա վաստակը հայ լուսանկարչության զարգացման գործում:

1925-1929թթ. Նա աշխատել է Արհմիությունների տանը, որպես լուսանկարիչ: 1925թ. Երևանի պիոներների կենտրոնական տանը եղել է լուսանկարչական խմբակի ղեկավար, ապա «Պիոներ կանչ» թերթի ֆոտոթղթակից:

1941թ. աշխատել է  «Կոմունիստ» թերթում , որպես ֆոտոթղթակից:

1958թ. «ՍովետականՀայաստան» ամսագրի լուսանկարիչ:

1959թ. դարձել է   ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ:

1960թ. Մինչև իր կյանքի վերջը ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության ֆոտոթղթակից:

1967թ. արժանացել է Հայկական ՍՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ կոչմանը:

1975 թ. պարգևատրվել է  Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով :

Հեղինակ՝ Վարդուհի Կզլյան 

Աղբյուր՝ arvestagir.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее