Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այսօր Մաշտոցյան Մատենադարան է այցելել և տնօրինության հետ ջերմագին հանդիպում ունեցել հայոց պատմության կարկառուն կեղծարար, հայ ազատագրական շարժումների ու գաղափարախոսության երդվյալ թշնամի՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը։ Ինչպես նշվում է Մատենադարանի պաշտոնական կայքէջում, «Ռազմիկ Փանոսյանը ողջունել է Մատենադարանի առաջադիմական ծրագրերը և շեշտել, որ դրանք համահունչ են հիմնադրամի որդեգրած առաջնահերթություններին։ Երկուստեք ընդգծվել է համագործակցությունը նոր հարթության վրա դնելու և խորացնելու կարևորությունը»։
Ժամանակին այս գործչի կեղծարարություններն արձանագրել եմ՝ լուսահոգի Հրաչուհի Փալանդուզյանին տված մի ընդարձակ հարցազրույցում։ Այժմ ընդամենը համառոտաբար հիշեցնեմ, թե ինչեր է գրում ու քարոզում Ռազմիկ Փանոսյանը հայոց պատմության մասին և թե ուր կարող է Մատենադարանին բերել նրա հետ «համագործակցության խորացումը»։
Ահա մի քանի դրվագ Փանոսյանի «Հայեր. թագավորներից և հոգևորականներից մինչև վաճառականներ և կոմիսարներ» (The Armenians: From Kings and Priests to Merchants and Commissars) գրքից։
• 1988-1994 թթ. արցախյան ազգային-ազատագրական շարժումը Փանոսյանն անվանում է անջատողական` secessionist movement (էջ 317), ավելացնելով, թե այն՝ «նացիոնալիստական պահանջների կիզակետ դառնալով եկավ ամբողջովին փոխարինելու Սփյուռքի ահաբեկչական շարժմանը» (էջ 311)։ Փաստորեն, սա հե՛նց այն է, ինչ ասում են Բաքվում և Անկարայում՝ արցախյան գոյամարտը ոչ այլ ինչ էր, քան հայերի նացիոնալիստական և ահաբեկչական մի շարժում։
• Փանոսյանը սևացնում է հայ պատմագիտական դպրոցը` համարելով այն նացիոնալիստական: Մասնավորապես, նացիոնալիստ և ռևիզիոնիստ են պիտակվում հայոց բնիկությունը հաստատող հեղինակները (էջ 33-34): Նա շրջանցում է հայերի բնիկ լինելու վերաբերյալ բոլոր պատմական տեղեկություններն ու հետազոտությունները։
• Փանոսյանը «ծայրահեղ նացիոնալիստ» է անվանում և ծաղրում է նժդեհյան գաղափարախոսությանը հարողներին (էջ 389-392)։
• Ցեղասպանությունից մազապուրծ փրկված և օտարության մեջ տառապող հայության լայն խավերին նա պիտակավորում է «ռադիկալ» անվամբ, պատճառաբանելով՝ թե նրանք համակրում էին 1970-1980-ական թթ. ԱՍԱԼԱ-ին և հայկական մյուս գաղտնի կազմակերպություններին։ Մինչդեռ Փանոսյանը այդ հայ վրիժառուներին՝ բոլորին՝ այլընտրանք չհանդուրժող «տեռորիստ» տերմինով է կոչում, ընդգծելով, թե նրանք «նացիոնալիստական պահանջներ» էին առաջ քաշում (էջ 227, 310-311):
• Փանոսյանը կրկնում է այն սուտ դրույթը, թե հին Հայաստանը եղել է «կախյալ թագավորություն՝ որոշակի ներքին ինքնավարությամբ» (էջ 38): Այսինքն՝ իբր մենք չենք ունեցել հզոր պետություն՝ 120 հազարանոց բանակով, այլ ընդամենը՝ «ներքին ինքնավարություն»:
• Իհարկե՝ Ուրարտուն նա հայկական պետություն չի համարում: Գրում է Հայաստան, փակագծում ավելացնում թուրքական հնարովի տերմինը՝ Անատոլիա (էջ 34): Ավելին, ըստ նրա՝ «հայերի պատմական հայրենիքը գտնվում է Անատոլիայի սրտում», ընդ որում հայերն իրենց հայրենիքում լավագույն դեպքում կազմել են «հարաբերական մեծամասնություն» (էջ 387)։
• Փանոսյանը նսեմացնում է նաև հայ արքայատոհմերին, օրինակ գրում է, թե հայտնի չէ՝ Երվանդունիները հա՞յ են, թե այլազգի, որովհետև «նրանք հավանաբար խառնամուսնությունների մեջ էին մտնում Պարսկաստանի իշխող [ընտանիքների] հետ» (էջ 35): Իսկ ո՞ր երկրի արքայատոհմերում դրանք հնարավոր չէին, հենց այսօր Անգլիայի թագուհու արյան մեջ անգլիականը որքա՞ն է, բայց մի՞թե կարելի է նրան անգլուհի չհամարել: Կամ՝ Փանոսյանը անհիմն թեականությամբ է խոսում Արշակունիների հայախոս լինելու մասին, անհարկիորեն շահարկելով առաջին Արշակունիների պարթևական ծագումը (էջ 38-39): Իսկ «իսկական հայկական առաջին պետության հիմքերը», ըստ նրա՝ դրվել են Արտաշես Ա-ի օրոք միայն (էջ 36):
• Փանոսյանը պաշտպանում ու կրկնում է մեկ այլ կեղծարարի` Ռոբերթ Թոմսոնի ասածները, թե իբր Խորենացին գրել է «VIII դարի կեսերին, այլ ոչ թե V դարում», ինչպես նաև մեջբերում է Պատմահոր հասցեին Թոմսոնի հայհոյանքը. «Մովսեսը մի լկտի և կեղծարար խաբեբա է, իսկ նրա երկը՝ ոչ հավաստի աղբյուր» (էջ 50):
• Ինչ վերաբերում է հայ ազատագրական շարժումներին, ապա ըստ Փանոսյանի, օրինակ, Դավիթ բեկի գլխավորած Սյունյաց ապստամբությունն ազգային-ազատագրական պայքար չէր, այլ այն այդպես են որակում «նացիոնալիստ պատմաբանները», իսկ Վարդանանց պատերազմն էլ իբր միմիայն կրոնական բնույթ ուներ՝ առանց ազատագրական նպատակների:
• Արևմտյան Հայաստանը նկատի ունենալով, նա չակերտների մեջ է դնում՝ «կորուսյալ հողեր» արտահայտությունը, փաստորեն ծաղրելով հայրենիքի նկատմամբ հայոց ունեցած զգացմունքները (էջ 317, 388)։
• Նա Ջավախքը վրացական եզրույթով անվանում է Ջավախեթի` այդ տարածքի նկատմամբ ազգային զգացմունքներն ու քաղաքական մոտեցումները բնութագրելով «նացիոնալիստական»:
• XIX դարի վերջի — XX դարի սկզբի հայ ֆիդայիների գործողությունների մասին նա խորշանքով գրում է. «Նրանք աղտոտեցին իրենց ձեռքերը մեծավ մասամբ Օսմանյան և պակաս չափով Ռուսական կայսրություններում» (էջ 226)։
• Առհասարակ, Փանոսյանն իր շարադրանքներում որևէ լուրջ գիտական հիմնավորումներ չի տալիս` փոխարենն անելով անհեթեթ հայտարարություններ, որոնք լուծում են քարոզչական խնդիր՝ նսեմացնել հայերին, նրանց անցյալն ու ներկան, պատմությունն ու մշակույթը։
• Փանոսյանը որևէ արևմտյան պատմաբանի երբեք նացիոնալիստ կամ, եթե իրերն իրենց անունով կոչենք, իմպերիալիստ, բնականաբար, չի անվանում։
• Պատմության ադրբեջանա-թուրքական կեղծարարության քննադատությունը նրա գրքում նույնպես բացակայում է։ Նրա գլխավոր խնդիրը հայ պատմագիտական դպրոցը վարկաբեկելն է, այն «նացիոնալիստական», այսինքն՝ անհավաստի հռչակելը»:
• Կրկնեմ դեռևս 2011 թ. Փանոսյանի «գլուխգործոցին» տված գնահատականս. «Սա հերթական ծրագրված հարձակումն է հայոց ազգային պատմագրության դեմ: ...Ըստ նրա՝ «Հայաստանի մտավորականների և պատմաբանների մեծամասնությունը» հարում են «նացիոնալիստական գծին» և չեն ընդունում «արևմտյան (քննական) միտքը», որն այս դոգմատիկի համար միակ ճշմարիտն է (էջ 16, ծնթ. 32)։
Եվ ուրեմն ի՞նչ է տալու Մաշտոցյան Մատենադարանին Ռազմիկ Փանոսյանի հետ համագործակցությունն ու համատեղ «առաջադիմական ծրագրերի» իրականացումը։
Թեև ամեն ինչ պարզ է. Հայաստանի Հանրապետության քաղաքական բռնազավթմանը հետևում է նաև հայագիտության դաշտի բռնազավթումը։
Յո՞ յերթաս, հայաստանյան հայագիտություն»։