▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ կանայք՝ սեզոնային ամուսիններին սպասելիս

Լիճք գյուղի կանայք դուրս են գալիս դաշտ՝ գյուղտեխնիկայի փոխարեն, այն աշխտացնող տղամարդիկ չկան

30-ամյա Անի Մանուկյանը տասը տարի է ամուսնացած է, սակայն երբ հանում է ամուսնու բացակայությամբ ապրած ժամանակահատվածը, արդյունքում մնում է  կեսը: Աչքերը փայլում են կուտակված կարոտից, ամուսնու ջերմության բացակայությունից, մխիթարվում է երեխաներով ու հույսով սպասում տան տղամարդու վերադարձին:

«Անցած տարի՝ նոյմեբերի 12-ին երեխա եմ ունեցել, ամուսինս երեք ամիս անց է միայն տեսել Ռիմային: Միայն տղայիս ծնվելուց է այստեղ եղել: Չի տեսել երեխաների մեծանալը, չի տեսել նրանց առաջին քայլերը, չի լսել առաջին խոսքերը: Տնից-տեղից կտրված, մնացել ենք սկայպի հույսին: Ու ամբողջ գյուղն է այս օրին»,- պատմում է երեք երեխաների մայրը:

Անին ապրում է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, որը գտնվում է Սևանա լճի ափին: Հենց այս մարզում էլ աշխատանքային միգրացիան ամենաբարձր աստիճանասանդղակում է: Սոցիալական կարիքները հոգալու նպատակով աշխատանքային միգրանտները վաղ գարնանը մեկնում են Ռուսաստանի ամենատարբեր քաղաքները, տուն վերադառնում ուշ աշնանը:

Լիճքի 5300 բնակիչներից 1000-ը՝ 18-65 տարեկան տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի: Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանի խոսքերով, մեկնում են հիմնականում Ռուսաստան, հաճախ՝ հեռավոր Սիբիր, մի մասն էլ՝ Ուկրաինա.

«Աշխատատեղեր չունենք: Այնտեղ բրիգադիրներ ունենք մեր գյուղացիներից, ովքեր վաղուց են գնացել, ստեղծել են իրենց տեխնիկան, բազանները, հիմա էլ տանում են ընկերներին ու բարեկամներին: Մերոնք այնտեղ նաև ասֆալտի գործ են անում»:

Այնուհանդերձ վերջին շրջանում Ռուսաստանի տնտեսական ճգնաժամն ու ինֆլյացիան իր ազդեցություն է թողել նաև Լիճքի աշխատանքային միգրանտների վրա: Շատերը գարնանը մեկնել են արտագնա աշխատանքի, բանկերից վերցրած գումարների հաշվին:

Անի Մանուկյանի սկեսուրը՝ Ռիմա Հայրապետյանը ասում է. ամեն զանգելուց տղաներին հորդորում է գան ու ընտանիքներին տանեն իրենց հետ:

«Դժվար է պահելը: Էս տարի կոպեկներով հետ եկան: Հիմա նորից ոսկեղենը դրել ենք բանկում, որ կարողանային գնալ: 800 հազար դրամ վարկ իմ անունով ունենք, մեկ միլիոն Անիի, էս երեք տարի միայն տոկոս ենք փակել բանկերի՝ էնքան է իջել ռուբլու կուրսը: Բայց մեկ է, էլի գործը էնտեղ է, ու Պուտինն է մեզ պահում է»,- ասում է Ռիման, ցույց տալով հագի շապիկի վրայի Ռուսաստանի նախագահի նկարը:

 

 

 

Լիճքում կանայք և դժգոհում են մենակ մնալուց, և օրհնում այն ճանապարհը, որը նրանց ամուսիններին տանում է դեպի ՌԴ՝ միայն հողագործությամբ ու անասնապահությամբ գյուղում չեն կարող ապրել:

Լիճքում  խոտհունձի շրջանին դաշտերում աշխատող տղամարդկանց կարելի է մատների վրա հաշվել: Գյուղապետ Գրիգորյանն ասում է. անգամ գյուղտեխնիկա աշխատեցնող չի մնացել: Փոխարենը մանգաղն իրենց ձեռք են վերցրել կանայք:

 30-ամյա Աննա Սահակյանը հղիության ութերրորդ ամսում հավաքում է հնձած խոտը:

«Ո՞վ  պետք է անի, եթե ես չանեմ, մեր գյուղում բոլորն են անում: Երեխեքիս համար եմ անում: Ամուսինս ութ տարի է գնում է Մոսկվա աշխատելու: Էս տարի երրորդ ամիսն է գործ չունի: Տարի է եղել, լավ փողով է հետ եկել, բայց հիմա ոչ մի կոպեկ չի ուղարկում»,- ասում է Աննան սրբելով ճակատից հոսող քրտինքը:

 

 

 

Աննայի հոգսը փորձում են թեթևացնել երեխաները՝ 7-ամյա Ռիման ու 4-ամյա Բորիսը: Կես հեկտար տարածությամբ դաշտը հնձելու համար վճարել են 35 հազար դրամ: Հնձած խոտը հավաքում են իրենք, իսկ արդեն խոտի «տուկեր» պատրաստող մեքենային վճարում են՝ 150 դրամ յուրաքանչյուր տուկի դիմաց:

«Անասուն, հողամաս, կարտոֆիլ՝ սրանով ենք ապրում, մեր խոտը շատ է լինում, մի քիչ էլ վաճառում ենք, բայց մեկ է տղես որ չգնա, չենք կարող ապրել: Քրոջ ոսկե շղթան է գրավ դրել բանկում ու գնացել Ռուսաստան»,- ասում է Աննայի սկեսուրը՝ 55-ամյա Ռիմա Գորոյանը:

 

 

 

Խոտ հնձող էլեկտրական սարքի ձայնը լսվում է գյուղի տարբեր հատվածներից: Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղից Աղասի Ասատրյանի աշխատանքի ամենաթեժ շրջանն է, արդեն մի 300 հազար դրամի խոտ է հնձել «նիսիայով»:

«Աշնանը գալիս են՝ տալիս, հնարավոր է անգամ  հաջորդ տարի տան: Իսկ եթե լրիվ «սկած» են գալիս, փող բերած չեն լինում, էլ ի՞նչ ասենք: Մարդ կա որ չունի՝ պարտքով ենք անում, սկի որ չունի էլ՝ ձրի ենք անում»,- ասում է չորս երեխաների հայր 37-ամյա Ասատրյանը և ավելացնում, որ ինքն էլ է ամեն տարի մեկնել «խոպան», բայց ռուբլու արժեզրկումը ստիպեց իրեն մնալ տեղում:

 

 

 

Հերթական խոտի հնձած կույտը մի կողմում թողնելով, պատմում է՝ գյուղում առանց արտագնա աշխատանքի հնարավոր չէ ապրել, կարտոֆիլով, ինչը իրենց տարածաշրջանում եկամտի հիմնական աղբյուրն է, տուն չես պահի.

«Մեկին գտի հարցրու, կարտոշկով հասե՞լ է մի բանի: Կա՞ մեկը, որ կասի կարտոշկա աճեցնելով՝ տուն շարեցի: Բացառված է: Եթե գյուղում նոր կառուցած շենք եք տեսնում, դա Ռուսաստանից եկած փողերով է»:

Լիճքում գտնվող «Պուտինկա» թաղամասը կառուցվել է վերջին 20 տարում՝ արտագնա աշխատանքի մեկնածների աշխատած գումարների հաշվին:

 

 

 

«Եթե չգնան Ռուսաստան չեն ապրի, կգոյատևեն: Արդյունաբերություն չկա, նախկինում աշխատում էին սովխոզում, մեզ մոտ հանքային ջրերի գործարան ունեինք, աշխատում էին Մարտունու, Գավառի գործարաններում, բայց  պետք է ասեմ, որ արտագնա աշխատանքի մեկնելը մեզ մոտ դեռ խորհրդային շրջանից մնացած ավանդույթ է, էն ժամանակ էլ 50 տոկոսը գնում էին»,- ասում է Լիճքի գյուղապետը:

 

 

 

Նա նշում է, որ մարդիկ եթե անգամ 100 հազար դրամ աշխատավարձ էլ ստանան, միևնույնն է չեն կարողանա ընտանիք պահել.

«Ընտանիքները մեծ են՝ 5 շունչ, 7 շունչ, ունենք մինչև 12 շունչ ընտանիքներ: 1000 ռուբլի ուղարկում են՝ մեկ պարկ ալյուր էլ չեն կարողանում գնել: Երկու տարի առաջ  1000 ռուբլին 12 հազար դրամ էր, երկու պարկ ալյուր էին գնում, այսօր պետք է ունենան 2000 ռուբլի, որ կարողանան այդ երկու պարկը գնել: Հարկերն էլ այս տարի չենք կարողանում հավաքել, սպասում ենք աշնանը՝ տղաների վերադարձին»:

Ռուսաստանում արդեն հիմնավորված լիճքեցիները գյուղում 350 հազար դոլլար արժողությամբ եկեղեցի են կառուցել: Գյուղապետի կարծիքով, լավ է, որ եկեղեցի են կառուցում, սակայն շատ ավելի ճիշտ կլիներ ներդրումները արվեին արտադրություն ստեղծելու համար՝ դա նաև աշխատատեղեր կապահովեր:

 

 

 

Լիճքն ունի երկու դպրոց, ամեն տարի գյուղում ծնվում է 90-100 երեխա:

Անի Մանուկյանը փորձում է արդարացնել արտագնա աշխատանքի մեկնած ամուսիններին. «Իրենց համար էլ է դժվար, գալիս են՝ երեխեքը իրենց չեն ճանաչում, մնալով էլ կողքներին չեն կարողանում պահել: Մենք  փակուղում ենք: Սա երևի հայկական ավանդական ընտանիքի նոր մոդելն է»:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը նշում է, որ աշխատանքային միգրացիան (տարեկան 30-40 հազար սեզոնային աշխատանքային միգրանտ) Հայաստանն ունեցել է նաև խորհրդային տարիներին, երբ վարվում էր տարածքային զարգացման ակտիվ քաղաքականություն, և այն բնորոշ էր հենց  բարձր լեռնային շրջաններում ապրողներին.

«Այն ժամանակ միգրացիան բարգավաճման ռազմավարություն ուներ, իսկ այսօր` գոյատևման: Այն միակ ռացիոնալ ճանապարհն է, որով մարդիկ կարողանում են իրենց ընտանիքներն ապահովել: Այսօր միայն սեզոնային միգրանտների թիվը կազմում է 80-100 հազար:

Դրա մոտավորապես 85 տոսկոսը տղամարդիկ են, մնացածը` կանայք: Ընդ որում, գերակշիռ մասը կազմում են աշխատանքային տարիքի տղամարդիկ, մեծ թիվ են կազմում երիտասարդները: Հիմնական միգրացիոն գործընկերը Ռուսաստանն է, որտեղ մեկնում է մեր միգրանտների 95 տոկոսից ավելին»:

 

JAMnews`Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее