Ռուսաստանի Պերմ քաղաքի №9 դպրոցի աշակերտների ծնողները նամակով դիմել են դատախազություն և Երեխաների իրավունքների պաշտպանության տարածաշրջանային կենտրոն ու խնդրել իրենց երեխաներին պաշտպանել աշակերտներից մեկի ծնողի «հարձակումներից»: Ինչպես գրում է ռուսաստանյան 59.ru կայքը, խոսքը հայազգի Միքայել Միքայելյանի մասին է:
Նա մարտի 18-ին իր բարեկամի հետ ծեծել է նշված դպրոցի աշակերտներից մեկին, ով ձնագնդիով հարվածել է Միքայելյանի տղային:
Ծնողների խոսքով` Միքայելը միշտ երևում է դպրոցի տարածքում, հետևում 3-րդ,4-րդ և 6-րդ դասարանցի երեք աշակերտի, անընդհատ «հաշիվներ մաքրում» ուսուցիչների և ծնողների հետ:
Ուսուցիչներից մեկը պատմել է, որ մի անգամ Միքայելյանը, իմանալով, որ աղջիկը ցածր գնահատական է ստացել, ամբողջ դասարանի աչքի առաջ, կոպիտ կերպով քաշել է նրա ձեռքից ու հեռացրել դասարանից, ինչպես նաև` սպառնացել ուսուցչին: Վերջինս նաև պատմել է, որ Միքայելյանը ծնողական ժողովներին իրեն շատ ագրեսիվ է պահում:
Ծնողները այս հարցով մի քանի անգամ դիմել են դպրոցի տնօրինությանը, բայց ոչ մի արդյունք: Այդ իսկ պատճառով նրանք դիմել են դատախազություն:
Ինքը` Միքայելյանը, իր արարքները բացատրում է նրանով, որ ինքը «հոգատար ծնող է և միշտ հետևում է, որ ուսուցիչները բարեսիրտ վերաբերվեն իր երեխաներին»: Իսկ ծնողների բողոքների վերաբերյալ նա ասել է, որ այդ ամենը սուտ է և «դա գալիս է հայերի նկատմամաբ ազգային խտրականությունից»: