«Իրենք քննում են, իրենք էլ որոշում են: Դա լիազոր մարմնի գործն է, և իրենք են որոշում»,-այսպիսի հայտարարություն է արել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը արձագանքելով Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՊՆ քննչական ծառայության կայացրած որոշմանը: Դիտարկմանը, թե ստացվում է Սուրիկ Խաչատրյանը անիմա՞ստ զրկվեց զբաղեցրած պաշտոնից և արդյոք նրա ցանկության դեպքում հնարավո՞ր է նորից վերանշանակվի այդ պաշտոնում, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ամեն ինչ հնարավոր է, անմեղներ և մեղավորներ չեն լինում, մենք մարդկային հասարակություն ենք և պիտի այդ ամեն ինչը քննության առնենք. մենք բոլորս մարդիկ ենք՝ մեր թերություններով»:
Սքանչելի հայտարարություն է: Գալուստյան հումանիզմից ուղղակի աչքերս լցվեցին: Մենք մարդկային հասարակություն ենք, հետևաբար խղճի խայթով պետք է վերաբերվենք խեղճ Սուրիկ Խաչատրյանին, որի որդին մարդ է սպանել: Անկախ նրանից՝ ինքնապաշտպանական մղումն է եղել պատճառը, թե հակամարդկային ագրեսիան՝ կատարվել է սպանություն՝ քրեական ռազբորկաների հակաօրինական բոլոր կանոններով: Սյունիքի նախկին մարզպետը ստեղծել է մի միջավայր, որտեղ մարդիկ ոչ թե ինքնապաշտպանվում են դատարանում, այլ քրեական ռազբորկայի արդյունքում մեկը մեկին սպանում է: Եվ երկրի իշխող կուսակցության փոխնախագահը, այդ փաստը դատապարտելու փոխարեն, դրսևորում է սրտաճմլիկ մարդասիրություն՝ իր քնքուշ գիրկն առնելով սիրելի կուսակցին: Անգամ չի բացառում հնարավորությունը՝ հետ վերադարձնելու նրան իր նախկին պաշտոնին:
Եթե Գալուստ Սահակյանը հումանիզմի նոր տեսություն է զարգացնում՝ էլ ինչ կարիք կա, որ պետությունը ծախսեր անի, համալսարաններում նոր կադրեր պատրաստի: Այս կամ այն մեղքի համար աշխատանքից ազատված բոլոր նախկին պաշտոնյաներին վերադարձրեք իրենց պաշտոններին, բաժանեք նրանց զենքեր և հատուկ հրովարտակով վեր դասեք բոլոր օրենքներից: Ինչ կարիք կա՝ ամեն անգամ դատավարություններ կազմակերպելու, ձևական ձերբակալություններ անելու: Թող Գալուստ Սահակյանից ինդուլգենցիաներ գնեն հարմար գներով և ինչքան սիրտները ուզում է՝ ինքնապաշտպանվեն...
Հարմար գներով ներման խնդրագրեր՝ Գալուստ Սահակյանից
Վարուժան Բաբաջանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet