Ռեժիսուրա, վոկալ, նկարչություն… 29-ամյա նկարչուհի Զարուհի Միասյանը իրեն փորձել է տարբեր բնագավառներում, սակայն համոզված է, որ նկարչությունը իր կյանքի այն փուլն է, որը երբեք չի ավարտվելու:
Արամի 42/1 հասցեում գտնվող «Ժան Պոլ Էքզիստենցիալ» սրճարանում բացվել է նկարչուհու առաջին` «Հասուն մարդու մանկական մտքերը» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Asekose.am-ը զրուցել է Զարուհու հետ ցուցահանդեսի, ստեղծագործական գաղտնիքների, իր նկարների ասելիքի մասին և ոչ միայն:
«Ցուցահանդեսը կրում է «Հասուն մարդու մանկական մտքերը » խորագիրը, որն իմ ընտրությունն է: Անունը պատահական չէ, քանի որ իմ նկարներում ներկայացված են մանկական հիշողություններ ու զգացողություններ: Ներկայացված են 9 նկարներ: Սա իմ առաջին ցուցահանդես է: Ինձ շատ հաճելի է, երբ մարդկանց հետաքրքրում են իմ գործերը, երբ նրանք իրենց կարծիքն են հայտնում, երբ զգում ես, որ կարողացել ես նրանց հոգուն կպչել: Բացի դրանից, առաջին անգամ իմ գործերը միասին մի տեղում եմ տեսնում, քանի որ նման բան եղելէ միայն իմ արվեստանոցում: Մինչև հիմա ցուցահանդես չեմ ունեցել, քանի որ երբեք չէի էլ մտածում այդ մասին: Հայրիկիս ընկերն ինձ մի օր ասաց, որ դու նկարում ես բոլորի համար, մի’ եղիր էգոիստ: Ես հասկացա, որ եթե մարդկանց իմ նկարները ինչ-որ բան տան, ես միայն ուրախ կլինեմ դրա համար»,- մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց Զարուհին:
Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը երբեք նախօրոք ոչինչ չի պատկերացնում, պարզապես նստում է կտորի դիմաց, իսկ մնացածն ինքնըստինքյան է ստացվում:
«Ես ինքնուս եմ, հայրս է նկարիչ: Առաջին քննադատս հենց նա է, ումից շատ բան եմ սովորել, ով առանց թաքցնելու ասում է, որ այս կամ այն գործս չի հավանել: Կարելի է ասել, որ բատիկայով սկսել եմ զբաղվել` ընկերուհուցս ոգեշնչված: Մոտ 5 տարի է, ինչ զբաղվում եմ նկարչությամբ: Ընտրել եմ բատիկան , որն ինձ շատ հոգեհարազատ է, քանի որ շատ ազատ եմ գույկների, շարժումների մեջ, իսկ այդ ազտությունը համապատասխան է իմ էությանը: Ես փախած եմ, զգացմունքային, դրա հետ մեկտեղ նաև շատ հանգիստ, ինչը միանշանակ արտահայտվում է իմ գործերում »,- զրույցի ընթացքում անկեղծացավ նկարչուհին, ապա հավելեց. «Այն գծերը, որոնք կան իմ նկարների մեջ, իմ երաժշտությունն են, քանի որ նկարելուց միշտ երաժշտություն եմ լսում: Երբ սկսում եմ նկարել, բացարձակ չեմ պատկերացնում, թե ինչ եմ ուզում, արդյունքնում ինչ կստացվի, չգիտեմ անգամ, թե ինչ գույներով կնկարեմ: Այդ պահին նույնիսկ որևէ միտք չեմ ունենում, ուղեղումս միայն մի գիծ է լինում, որը կենդանություն է ստանում միայն մետաքսի վրա: Նկարչության այս տեսակը շատ արդիական է, քանի որ այն օգտագործովում է շարֆերի, վարագույրների վրա, չնայած անձամբ ես նախըտրում եմ ավելի շատ մետաքսի վրա աշխատել ու մատուցել նկարների տեսքով»:
Զարուհին սիրում է արագ ավարտին հասցնել նկարը, քանի որ հակառակ դեպքում` իր կարծիքով` անհասկանալի գործ է ստացվում:
«Եթե ես վատ դրամադրության մեջ նկարում, այդ նկարները չեմ հանում արվեստանոցից, քանի որ տրամադրությունս փոխանցվում է հաստատ: Իսկ այն գործերը, որոնք ինքս չեմ հավանում, ոչնչացնում եմ շատ արագ: Չեմ սիրում երկար նկարել, մի օրում եմ ավարտում սովորաբար, քանի որ եթե մի քիչ երկար ժամանակում եմ նկարում, ստացվում է, որ տարբեր տրամադրություններ խառնվում են իրար ու անհասկանալի բան է ստացվում: Նկարներս մարդկանց միայն էմոցիաներ են հաղորդում, այդ առումով ոչինչ չեմ պարտադրում: Իմ նկարներում չկան հիմնական կերպարներ, դրանք գալիս են ըստ տրամադրության:Իրականում ես չեմ հավատում, որ նկարելու համար նկարչին մուսա է անահրաժեշտ. Երբ նստում ես կտորի առաջ, մուսան ինքըստինքյան է գալիս: Հիմնականում գիշերներն եմ նկարում, քանի որ այդ ժամանակ էմոցիաներն ավելի շատ ու անկեղծ են լինում: Չունեմ նախընտրելի գույներ, ամեն ինչ ինձ մոտ կապված է տրամադրության հետ: Նկարներումս օգտագործում եմ այն գույները, որոնք տեսնում եմ հենց այդ պահին»:
Զարուհին մեծ սիրով նվիրում է իր աշխատանքները այն մարդկանց, ովքեր կարողանում են գնահատել արվեստը, սակայն վաճառել չի սիրում:
«Հիմնականում նախըտրում եմ նվիրել նկարներս, դրանք երբեք երկար չեն մնում ինձ մոտ: Նվիրելը դժվար չէ, դժվար է դրանք վաճառելը, քանի որ նվիրում ես մեծ սրտով այն մարդուն, ում ինքդ ես ուզում, իսկ վաճառելու դեպքում կարծես դավաճանում ես ինքդ քեզ ու քո արվեստին: Հիմա շատ քիչ են արվեստ գնահատողները, չնայած ինձ համար չկա վատ մարդ, ես բոլոր մարդկանց նայում եմ որպես գույներ, որոնք պարզապես պետք է ճիշտ գույնի հետ օգտագործել: Պատվերների դեպքում չեմ անում այն, ինչ ինձ հոգեհարազատ չէ: Նման մի դեպք եղավ, և ես պարզապես հրաժարվեցի պատվերից: Հանուն փողի երբեք նման բան չեմ անի»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց Զարուհի Մինասյանը:
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան
Լուսանկարները` «Ժան Պոլ Էքզիստենցիալ» սրճարանի ֆեյսբուքյան էջից