Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շատերի համար կարող է դասական օրինակ լինել, թե ինչպես կարելի է մեկ տարում միանգամից հարստանալ եւ դառնալ միլիարդատեր: Այս մասին գրում է «Հետք»-ը։
Ուսումնասիրելով Սուրիկ Խաչատրյանի վերջին 5 տարիների հայտարարագրերը՝ պարզվեց, որ 2008-2011թթ. մարզպետի միակ եկամուտը եղել է աշխատավարձը՝ մոտ 3 մլն դրամ, սակայն 2012թ. նա անհայտ ճանապարհով միանգամից հարստացել է:
2012թ. Սուրիկ Խաչատրյանը հայտարարագրել է 7 միլիարդ 2 միլիոն 102 հազար 861 դրամի եկամուտ, որից 2 միլիոն 102 հազար 861 դրամը տարեկան աշխատավարձն է, իսկ 7 միլիարդը՝ բաժնեմասի օտարումից ստացված եկամուտը:
Մարզպետը կլորիկ գումար է աշխատել նաեւ բաժնեմաս ձեռք բերելով ու օտարելով: Այսպես, նա 2012թ. սկզբին 4 միլիարդ դրամով ձեռք է բերել բաժնետոմս եւ նույն տարվա վերջում վաճառել է 7 միլիարդ դրամով՝ արանքում աշխատելով 3 միլիարդ դրամ:
Հարց է, թե 2011թ. ընդամենը 2 միլիոն 359 հազար 603 դրամ եկամուտ ունեցող մարզպետին որտեղի՞ց միանգամից 4 միլիարդ դրամ, որ կարողացել է բաժնետոմս գնել, հետո վերավաճառել եւ իր համար ապահովել գրեթե կրկնակի եկամուտ:
Սուրիկ Խաչատրյանի մեկ տարվա «խոշոր շահումը» այսքանով չի ավարտվում: 2011թ. իր հաշվեհամարին 0 դրամ ունեցող մարզպետը 2012թ. հայտարարագրել է 2 միլիարդ 500 միլիոն դրամ եւ 1 միլիոն դոլար:
Սա այն դեպքում, երբ ՀՀ նախագահի 20.05.1997թ. «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով հստակ սահմանված է, որ «Մարզպետը չի կարող … զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական եւ ստեղծագործական աշխատանքից, եւ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:
Եթե մարզպետը ձեռնարկատիրությամբ չի զբաղվում, ապա որտեղի՞ց նրան այդքան գումար: Միգուցե նրա եկամուտները գոյացել են գիտամանկավարժական գործունեությունից: