Հայկական հեռուստատեսության լեգենդներից՝ Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս գրառումը չէի անի, եթե Հայաստանում չշրջեր բոլշևիզմի ուրվականը:
Հասկանալի պատճառով հեղինակի անունը և լուսանկարը չեմ հրապարակում:
30 տարի առաջ էր: Վանաձորի արխիվում ուսումնասիրության ժամանակ, ձեռքս ընկավ մի գրություն (ձեռագիր)՝ վերնագրված «Ինչպես բանտարկեցինք գնդապետ Կարգանովին»:
Գրառումը թվագրված է 30-ը դեկտեմբերի, 1958 թ, քաղաք Կիրովական: Կից՝ հեղինակի լուսանկարը՝ ոմն Ե.Ա.Պ.
Դեպքը տեղի է ունեցել 1918 թ. մարտ կամ ապրիլ ամսին (հեղինակը լավ չի հիշում):
Մեջբերում՝ գրությունից.
«Մեր զինվորական գնդային հեղկոմը որոշեց բանտարկել գնդի հրամկազմը և կասկածելի զինվորներին, նրանց, ովքեր դեմ էին ռևոլյուցիային: Որոշվեց մեկ գիշերվա ընթացքում կատարել ամեն ինչ: Գիշերը պատրաստեցինք զենքի բոլոր տեսակները, ամեն տեղ նշանակեցինք մեր պահակները (պահեստներում զենքի տեսակների վրա): Ինձ (Վարդաբլուրցի), Սեդրակ Մարգարյանին (Ջալալօղցի), Գրիգոր Ավագի Ղուկասյանին (Քոլագերան).... (այստեղ էլի անուններ է թվարկում: - Ա.Ն.) հանձնարարվեց ձերբակալել գնդապետին: Մեզ հետ կային նաև մի խումբ զինվորներ, մոտ 6-7 հոգի (թվարկում է անուններ -Ա.Ն.):
Մենք ներս մտանք (նրա տան պահակը մեր մարդն էր): Իսկ զինվորների խումբը դուրսը հսկում էր:
Կարգանովը չէր հանձնվում: Նա նույնիսկ Սեդրակ Մարգարյանի գլխին ատրճանակով խփեց և պատռեց: Մենք նրան զինաթափեցինք, ատրճանակը և հեռադիտակը մնաց ինձ մոտ»:
-----------------------
Եվ այս բոլշևիկ թշվառականը մի այնպիսի ոգևորությամբ ու հպարտությամբ է նկարագրում իր հրամանատարի ձեռքերն ու ոտքերը կապելու տեսարանը, ասես, Վեհիբ փաշային է զինաթափել, ոչ թե հայ սպային:
Սա՛ է բոլշևիզմը, այսպե՛ս կազմալուծվեց մեր բանակը, այսպե՛ս հանձնեցինք
Կարսը:
Եվս մի մեջբերում նույն գրառման շարունակությունից.
«1918 թվին, երբ Ղարախաչից ներս խուժեց տաճկական զորքը, իսկ նրանից առաջ Անդրանիկի զորքը, մեզ վախեցրին, թե Անդրանիկը բոլորին կոտորելու է, այնինչ նա ոչինչ չարավ, բայց բանտարկված օֆիցերներն ազատվեցին և մեզ բանտարկեցին, ծեծի ենթարկեցին: Օֆիցերը ինձնից խլեց Կարգանովի ատրճանակը և խփեց դեմքիս, թողեց հետք, իսկ հեռադիտակը մնացել էր հորեղբորս աղջկա տանը: Տաճիկների հարվածների տակ գունդը խուճապով ցրվեց, մենք բանտից ազատվելով՝ փախանք, բայց այդ օրերը չեմ կարող մոռացության տամ, որովհետև շատ դաժան օրերի հանդիպեցինք»:
Զգույշ եղեք, էլ Անդրանիկ չունենք, որ դավաճանների «հախից գա»: