▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գումար չեն ստանում.«Ժողովուրդ»

Վերջերս մամուլում արձագանք գտած ապօրինի ծառահատումների եւ բնապահպանական վնասների հետ կապված փորձեցինք անդրադարձ կատարել:

Կոտայքի մարզում վերջին խոշոր ծառահատումը տեղի ունեցավ մոտ 2 ամիս առաջ: Հատվել էին մոտ 100-150 տարվա տանձենիներ եւ հացենիներ: Ծառերը հատվել էին Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը» հարող անտառից: Սակայն Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հատված ծառերի տարածքը գտնվում է Հրազդանի վարչական տարածքի մեջ: «Եթե մեկ ծառ կտրվում է, ապա փոխարենը գոնե 10-ը ծառ պետք է տնկվի»-նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ նախ պետք է հասկանալ՝ ինչի համար եւ ինչ նպատակով են արվում ծառահատումներ: Քաղաքապետն արդարացրեց դեռ ԽՍՀՄ ժամանակաշրջանում Ծաղկաձորում արված 400 հա ծառահատումը, քանի որ տարածքում կառուցվեց գլխավոր մարզահամալիրը, իսկ աննպատակ ծառահատումները, ըստ քաղաքապետի, իհարկե, անընդունելի են: «Ծաղկաձորն անտառապատ է: Իմ օրոք բացառվում են աննպատակ ծառահատումները»-ավելացրեց նա:

Քաղաքապետի հետ զրուցեցինք նաեւ մարզում առկա բնապահպանական խնդիրների մասին: «Շատ հանքարդյունաբերող ընկերություններ կան այսօր, որոնք  համապատասխան լիցենզիաներ են ձեռք բերել, սակայն դեռ չեն կարողանում շահագործել: Դա նշանակում է, որ հենց կառավարությունն է դեմ տուրիզմի կենտրոններում հանքարդյունաբերության զարգացմանը: Կոտայքի մարզի գեղատեսիլ վայրերը՝ Ծաղկաձորը, Հանքավանն ու Աղվերանը, կարծում եմ, հաստատ չարժե փչացնել: Եւ, ի վերջո, պետությունը տնտեսապես կշահի՝ զարկ տալով տուրիզմը, քան արդյունաբերությունը»-նշեց  նա: Մեր հարցին, թե վերջին տարիներին կառավարության կողմից բնապահպանական նպատակով որքան գումար է հատկացվել Ծաղկաձոր համայնքին, քաղաքապետը պատասխանեց.«Բնապահպանական գումար չենք ստացել: 2013 թվականի համար նախատեսվել էր քաղաքին հատկացնել 1մլն. 100 հազար դրամ, սակայն մի փոքր խնդիրներ եղան. մենք փորձեցինք ավելին ստանալ բնապահպանության նախարարությունից, քանի որ, ինչպես գիտեք, Հրազդանում գործող ցեմենտի գործարանը եւ ՋԷԿ-ը, գտնվելով Ծաղկաձորից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, քաղաքի օդն աղտոտում են: Այս առումով կարծում եմ, որ Ծաղկաձոր եւ Հրազդան քաղաքները պետք է համապատասխանաբար փոխհատուցվեն»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее