▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե 1 տարուց որոշեմ, որ ուզում եմ Ձեր վրա կրակել, պիտի հիմա ինձ ձերբակալե՞ն

Asekose.am-ի հարցազրույցը  գրող Էդգար Կոստանդյանի հետ

- Ձեր նոր վեպը դեռ դուրս չի եկել վաճառքի, բայց մասնագիտական օղակներում արդեն թեր և դեմ կարծիքներ են շրջանառվում: Մասնավորապես, արձակագիր Լիլի Հարությունյանի կարծիքով Դուք օգտագործել եք մարտի մեկի ողբերգությունը` Ձեր գիրքն ավելի կոմերցիոն դարձնելու համար:

- Գիտե՞ք, Պինոչետի կառավարման տարիներին Չիլիում մշակույթի գործիչներ կային, որոնք գնդակահարվում էին կարծիք հայտնելու համար:

- Ուզում եք Հարությունյանին գնդակահարե՞լ:

-   Չէ, կոմպլիմենտ արեցի, ասացի` մշակույթի գործիչ: Որ Եղեռնն են սարքել բիզնես, շաբաթը մի հատ անասուն պիես են բեմադրում, տասից քսան հատ ոչ մի բան չասող դոկումենտալ կինոներ են անում, ինչքան քոսոտ գրող ու արտիստ կա անմոռուկը դոշին խփած հովանավորներից փող ա մուրում, դրա մասին երբեք չեն խոսի, բայց մի դատարկագլուխ ասել ա` Էդգարը մարտի մեկով փող ա սարքում, բոլորն էդ են խոսում:

Ինչու՞ հենց մարտի մեկ:

-  Իսկ ո՞վ ասաց, որ մարտի մեկ: Մի անգամ էլ եմ ասել, մարտի մեկն ընդամենը փոքրիկ գիծ է էդ գրքում:

Ամեն դեպքում, Ձեզ կոմերցիոն գրող են համարում:

- Ես էլ եմ ինձ կոմերցիոն գրող համարում: Ի՞նչ վատ բան կա, երբ քո տված պրոդուկտը լավ է վաճառվում:

- Շատերը պնդում են, որ նորօրյա գրականություն չունենք: Ասում են, որ ընթերցողների պակաս կա Հայաստանում:

-   Ես հենց հիմա կարող եմ թվարկել տասնհինգ գրողի անուն, որոնք էսօր դաշտում են ու պահանջված: Ի՞նչ եք կարծում, երկու միլիոն բնակչություն ունեցող երկրի համար սրանից լավ ցուցանիշ կարող է՞ լինել: Բողոքողը միշտ բողոքելու է: Ասում են` չկա ընթերցող, բայց գրախանութների դրամարկղերում շատ հաճախ կարող ես հերթերի հանդիպել, ասում են` թատրոն չունենք, բայց կան ներկայացումներ, որոնց տոմսերը տասը-տասնհինգ օր առաջ վաճառված են լինում:

Մի փոքր խոսենք սցենարական դպրոցի մասին: Ընդհանրապես կա՞ այդ դպրոցը Հայաստանում:

-  Սցենարական առումով մենք, իհարկե, կաղում ենք: Ու դա պայմանավորված է,  ոչ թե վատ սցենարական դպրոցով, այլ ֆիլմարտադրություն չունենալով: Այսինքն, սցենարիստը պրակտիկայում չի կարողանում իրեն լիարժեք փորձել: Առավոտից գիշեր կամ սերիալներ է գրում ոչ մի բանի մասին, կամ ինչ-որ տափակ փառատոնային կարճամետրաժ ֆիլմեր: Հետո ընկնում է մասնագիտական տենդի մեջ ու բթանում:

Իսկ թատրոնի մասին ի՞նչ կասեք: Ժամանակակից դրամատուրգները գրեթե չեն բեմադրվում, ռեժիսորները նախընտրում են բեմադրել դասականներին: Սա պայմանավորված է դրամատուրգիա չունենալո՞վ:

- Չէ, ուղղակի մեռած մարդկանց փող չեն տալիս:

- Օրերս տեղի ունեցած «Արտավազդ»Արտավազդ մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն դրամատուրգ»նոմինացիայի ծրարը դատարկ էր: Սրա մասին ի՞նչ կասեք:

- Ոչինչ էլ չեմ ասի: Դա ամենասովորական լկտիություն էր ժյուրիի կողմից:

- Գիտեմ, որ չեք սիրում քաղաքականությունց խոսել, բայց պիտի հարցնեմ: Մի քանի օր առաջ ձերբակալվեցին Նախախորհրդարանի մի քանի անդամ: Ունե՞ք տեսակետ այս հարցի շուրջ:

- Անկեղծ ասած, ես էդ տղերքի նպատակը մինչև վերջ չհասկացա: Հազար անգամ կրկնել եմ, ու էլի կկրկնեմ, բարձր բառեր ասելով ու 100-200 հոգով միտինգ անելով հեղափոխության չեն հասնում: Իսկ ձերբակալելու հիմքերն, անկեղծ ասած, չգիտեմ:

- Ասում են` կանխում են վտանգը, գուցե անկարգություններ անեն ապրիլի 24-ին:

- Գուցե-ով մարդ ե՞ն բռնում: Գուցե ես մի տարուց որոշեմ, որ ուզում եմ Ձեր վրա կրակել, պիտի հիմա ինձ ձերբակալե՞ն:

Հայաստանում է Քարդաշյանների ընտանիքը: Ինչպե՞ս եք վերաբերվում այն իրարանցմանը, որ այսօր կա մեզ մոտ:

-         Սրտխառնոց ա առաջացնում: Քարդաշյան քույրերի ռեյտինգը Սարյոյան եղբայրներին տվեց-անցավ (ծիծաղում է): Չտես ազգ ենք, ի՞նչ արած: Մարդիկ կան, չէ՞, որ փոքր ժամանակ զուրկ են եղել պաղպաղակից, հիմա պաղպաղակը կիլոյով են ուտում…

Չգիտեմ, ես չեմ հանդիպել նման մարդկանց:

-   Ազգային Ժողովում երբևէ չեք եղե՞լ:

Ե՞րբ սպասենք «Ձմռան վերջին օրը» վեպին:

-  Մայիսին:

 

 

                                                                      Սոնա Եգանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее