Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն իրֆեյսբուքյան էջում գրում է.
«Երեկ մի քանի հոգի լրջորեն դժգոհեցին, երբ Արթուրի դպրոցի պատկերները հրապարակեցի:
Սա Օլիմիադայից արծաթ բերող Գոռ Մինասյանի տնակն է, այստեղ տարիներ շարունակ ապրում է նրա ընտանիքը: Տարիներ շարունակ ասել ենք, որ քաղաքում 4000-3500 անօթեւան ընտանիք կա, ճշգրիտ թիվն էլ ոչ ոք չգիտե, քաղաքի յուրաքանրչյուր 7-8-րդ մարդն անօթեւան է: Գոռն էլ: Մեր չեմպիոններից յուրաքանչյուր 7-8-րդ էլ տնակների երեխա է, ծնվել են տնակում, դպրոց են գնացել` տնակ, խանութ, վարսավիրանոց, մարզադպրոց` տնակ եւ մինչեւ հիմա` տնակ:
Գյումրի, Ավտոկայանի տնակային թաղամաս: Քաղաքում 96 տնակային թաղամաս կա, դրանցում տնակների թիվն անցած 28 տարիների ընթացքում իհարկե նոսրացել է, երկու հատ եռանիշ թվերով դրանք համարակալված են, առաջին եռանիշը տնակային թաղամասի համարն է, երկրորդ եռանիշը` այդ թաղամասում տնակի համարը: Դրանք 2-3-ից մինչեւ 300 տնակային տնտեսություններից են բաղկացած, ամբողջությամբ փտած ու քայքայված են, մի քանիսի դեպքում տերերը կարողացել են քարուփետով պատսպարել դրանք, բայց պայմաններն անտանելի են, պատմելով չի լինի, ոչ մի կինոյով չեք հասկանա, թե դա ինչ է, մինչեւ մի քանի օր չապրեք` չեք պատկերացնի, շատ տնակներում առնետների համար հաց են դնում հատակի ու պատերի անցքերի մոտ, որ ուրիշ տեղ չսողոսկեն, մանավանդ ձմռանը, երբ մտնում են վերմակի տակ ու կծոտում են երեխաների ականջներն ու մատները: Ամառները էս տնակները շիկանում են արեւից` շնչել չի լինում, ձմռանը, գիշերը վառարանը հանգցնելուց հետո կես ժամ անց, սառնամանիք է, առավոտյան` ջրերը սառած, պտի թասի երեսի սառույցը ջարդես, որ լվացվես, հատակի ծակերը հաստ գորգերով են փակում, այլեւս նորոգելու ենթակա չեն, էս տնակները նախատեսված էին 2-3 տարվա կյանքի համար, մարդիկ այստեղ ծնվել ու ապրում են արդեն 28 տարի, հարսանիք, առաջին գիշեր, մեռել վերցնել, լուսամուտից հանել, որովհետեւ նեղվածք է ....
Որ տարիներ շարունակ ասում էինք, ռոբիկներին ու սերժիկներին թվում էր, թե իրենց աթոռն ենք ուզում քաշել տակներից, մենք նստենք դրա վրա, պետական կերամանին մոտ նստածներին թվում էր, թե մանկուց իրենց շեֆին ատում ենք ու ուզում ենք, որ իրենք սոված մնան, հին սփյուռքին թվում էր, թե պարապությունից վատաբանում ենք Արարատ սարը մոտիկից լուսանկարելու իրենց դիտակետը, որ Հայաստանի Հանրապետություն անունն ունի ... Չէ սա անհամեմատ լուրջ է:
Գյումրին մի քանի տասնյակ լրջագույն պրոբլեմներ ունի. անօթեւանություն, ավերակ փողոցներ, ավերակ խաղահրապարակներ, օդում անտանելի փոշի, զիբլանոց գետակներ, շրջակա միջավայրի այլ ապականություն, տեղական եւ պետական կոռուպցիա, գործազրկություն, աղքատություն` երկրի միջինից մոտ 15 տոկոս ավելի բարձր, օրական միջին հաշվով արտագաղթող մեկ ընտանիք, քայքայված մարզադպրոցներ, հոտած գրադարաններ, սողացող քաղաքային տրանսպորտ, անտեսված հաշմանդամներ, սոված երեխաներ: Ամեն բառակապակցությունը հարյուրավոր փաստերով ենք ապացուցել, շատ թվեր գրելու զահլա չունեմ: Էս պրոբլեմներից միայն առաջին երկուսը կարգավորելու համար մոտ 120 մլն դոլար է հարկավոր (մոտ 35 մլն`անօթեւանության կարգավորման համար, մոտ 85 մլն էլ`փողոցների կապիտալ նորոգման համար), իսկ քաղաքի բյուջեն արդեն 10 տարի է հազիվ 7 մլն դոլար է: Սա ակնհայտորեն քաղաքային բյուջեով լուծվող հարց չէ: Պետությունը, ուրա՞ պետություն, թողնես լափեն ու ֆռֆռան մեր հաշվին, ամեն անգամ, երբ գալիս են, եթե գալիս են, ազգի ջոջերը, նայում են, գլուխներն են տմբացնում, գնում են, չեմ հասկանում, թե որտեղ ենք սրանց աբորտի փող պարտք մնացել: Կներեք էս հաչի համար, սրանք մարդկային խոսք չեն հասկանում, չեն հասկանում եւ վերջ: Ում սրտով չէ, թող չկարդա:
Հիմա Գյումրին սպառում է իր փառքի մնացորդները, հարստության իներցիոն սպառում է տեղի ունենում, ոնց որ սարի կատարից գլորվող ավտոյի կայֆը, գլորվում, հասնում է ստորոտին ու պրծ, կամ ուղեւորները իջնելու են այլ ավտո նստեն, կամ հրելով տանելու են սարքելու, կամ կսարքվի կամ չէ:
Մեր փառքը նաեւ մեր քաջերն են, պատերազմի, սպորտի, մշակույթի հերոսները, դուք նայեք, թե ինչպես է Գոռի ընտանիքը խնամքով շահում ու պահում մեդալները, ինչ սրտով ու սիրով, համեմատեք օլիմպիական լուսանկարը տնակի պատկերների հետ, անհավատալի բան է, ո՞ր երկրում լիներ էս տղեն, որ իշխանությունը գլխին դրած ման չտար:
Շատ կուզեի, որ վաղը Գոռի ընտանիքը տուն ունենար, լիներ մեկը, ով կարող էր տուն նվիրել էս մանչին ու նվիրեր: Երբեք նման բան չեմ խնդրել, հիմա խնդրում եմ. ով կարող է տեր կանգնեք: Քաղաքային իշխանությունը փող չունի, «Շիրակ Կենտրոն»-ն ու SOS-ը անցած 6 տարում մոտ 100 բնակարան են ճարել դոնորների հետ ու 100 ընտանիքի են տեղափոխել տնակից բնակարան, իսկ էն մնացած 3.500 ընտանիքի հարցն ո՞վ է լուծելու: Պետական իշխանությունը մեռել է, մերը չեն դրանք, կազինոյի ու սաունայի իշխանություն է: Մերը, որ լինեին, սոված երեխա ու բորբոսի մեջ ապրող չեմպիոն չէինք ունենա»: