«Հրապարակ»-ը գրում է․ Երեկ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կլինիկայի հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը ՖԲ էջով ցավակցություն էր հայտնել իր մահացած պացիենտի՝ 56-ամյա կնոջ հարազատներին: Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից։ «Բժշկական գաղտնիքի թույլատրելիության սահմաններում այս պահին կարող եմ տեղեկացնել, որ բուժառուի նախավիրահատական հետազոտություններն անցկացվել են պահանջվող ծավալով, որեւէ խնդիր չի ունեցել, վիրահատության հակացուցում չի եղել»,- գրել է բժիշկը։
Արթուր Սարգսյանը քրեական սկանդալներով հայտնի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի որդին է։ «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր Ծաղիկ Վարդանյանը կարծում է, որ չի կարելի այսօր, երբ մարդուն նոր են թաղում, մահվան պատճառի մասին եզրակացություններ անել։ «Դա հերթական սխալն է։ Պետք է դատաբժշկական փորձաքննություն լինի, մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա հայտարարվի մահվան պատճառը»,- ասում է նա՝ հիշեցնելով, որ այս հաստատությունում սա արդեն մահվան երկրորդ դեպքն է։ Առաջինը տեղի էր ունեցել 2023-ին` 31 տարեկան երիտասարդ կին էր մահացողը։ Այս գործով վարույթը դեռ ընթանում է, դատաբժշկական եզրակացություն չկա։
Ըստ Ծաղիկ Վարդանյանի՝ բուժհաստատությունը ստանում է լիցենզիա, սակայն հետո ոչ մի վերահսկողություն չի իրականացվում։ «Տեսչական մարմինը կարող է մտնել, ուսումնասիրություններ կատարել, բայց զուտ գրագրության առումով, ասենք` կստուգի, թե արդյո՞ք հիվանդության պատմագրերը ճիշտ են գրված, թե ոչ։ Սակայն կլինիկական դեպքերում բուժօգնության որակը չի վերահսկվում, ընթացակարգեր չկան։ Եթե դու մի քիչ բարեխիղճ բժիշկ ես, քո անձնական նախաձեռնությամբ անում ես այնպես, որ հիվանդդ չմահանա»։
56 տարեկան կինը գնացել է գեղեցկանալու, արդյունքում երեկ նրան հուղարկավորեցին։ Հիշեցնենք․ նա մի քանի պլաստիկ վիրահատություն էր տարել, վերջինը «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում է կատարվել՝ բլեֆարոպլաստիկա, այսինքն՝ կոպերի վիրահատություն, որի ընթացքում արձանագրվել է սրտի կանգ։ Կնոջն արագ տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, բայց փրկել չի հաջողվել, հոկտեմբերի 8-ին նա մահացել է։
Վերջին շրջանում տարբեր բժիշկներ սոցցանցերում պլաստիկ վիրահատությունների գովազդ են տեղադրում, տեսանկարահանում են իրենց կատարած վիրահատությունները, կանայք էլ տեսնում են ու չեն դիմանում արագ գեղեցկանալու, մի քանի տարի նետելու գայթակղությանը։ Արդյո՞ք նրանք իրավունք ունեն նման հոլովակներ տեղադրել, գովազդել իրենց ծառայությունները։ «Ոչ։ Բուժսպասարկման գովազդը հատուկ թույլտվություն է պահանջում։ Իրավաբանական անձը պետք է տեղադրի գովազդը։ Պլաստիկ վիրաբույժն իրավունք չունի ինքն իրեն գովազդել, որովհետեւ լիցենզիան ստանում է իրավաբանական անձը, ոչ թե վիրաբույժը։ Բայց, այո, բազմաթիվ բժիշկներ ամբողջ օրը գովազդներ են տեղադրում, մի հատ էլ խոսում են վիրահատության ժամանակ։ Դա կարող է անել պրոֆեսուրան, դուք ո՞վ եք, ախր, սրանց պետք է կարգի բերել»,- ասում է Վարդանյանը։
Առողջապահության նախարարությունն ունեցել է վերահսկողական գործառույթ մինչեւ 2017-ը, այսօր չունի: Կարող է իրականացնել մոնիթորինգ, տեսնել խնդիրը եւ տեսչական մարմնին ահազանգել: Առավել եւս, որ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահն Անահիտ Ավանեսյանն է։