▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխիս օլիգարխ չկա, որտեղ հարմար եմ գտնում ` էնտեղ էլ նվագում եմ...

Գործիքի հավատարիմ ուղեկցությամբ ու երևանցիների վարձատրությամբ՝ փողոցային երաժիշտները այսօր այստեղ են, վաղը՝ այնտեղ։ Իրենց աչքի տեսածով ու ականջի լսածով՝ երևանյան խրոնիկայի մի իսկական հանրագիտարան են նրանք։

    - Իմ բեմահարթակը փողոցն է, վարդերի թանձր բուրմունքով, մարդկանց խուլ ժխորով։ Հանդիսատեսի պակաս չունեմ՝ բոլորն են ինձ լսում, ոմանց նույնիսկ հմայում է, երբեմն էլ հուզում իմ նվագը,- այսպիսին է Վլադիկ Ստեփանյանի առօրյան։ Նա ամեն օր նվագում է տարբեր փողոցներում։ Կատարում է աշուղ Ջիվանիի, Սայաթ-Նովայի, Հավասու և Շահենի երգերը։

     Ծնունդով Կապանից է,  45 տարի նվագել է տեղի երաժշտական համույթում։ Սակայն ցանկություն չունի վերադառնալու։ Նախընտրում է երգել փողոցում։ Արդեն 15 տարի է, որ նվագում է փողոցներում և գետնանցումներում։

  -   Բազմաթիվ հրավերներ ունեմ տարբեր համույթներից, սակայն նախընտրում եմ երգել անցորդների համար։ Էսօր էստեղ եմ, վաղը՝ էնտեղ, գլխիս օլիգարխ չկա, որտեղ հարմար եմ գտնում էնտեղ էլ նվագում եմ։ Նվագել եմ մոնդոլինա, հետո թառ, քամանչա սկսել եմ նվագել, որովհետև շատ եմ սիրում Սայաթ-Նովա և Գուսան Աշոտ։

 

Վլադիկ Ստեփանյանը կատարում է նաև Աշուղ Ջիվանիի և Հավասու երգերը։ Իր նպատակն է ժողովրդական երգը կատարել հավուր պատշաճի՝ թեկուզև փողոցում։ Փողոցային երաժիշտ դեռ չի նշանակում վատ երաժիշտ։ Նրան սիրում են, նրանով հետաքրքրվում են տարբեր համույթներ, լրագրողներ, սակայն ինքը չի թևավորվում այդ փաստից։ Անում է այն, ինչ սիրում է։  Նա նաև շատ մարդասեր անձնավորություն է։ Չնայած նրան որ ապրում է անցորդների վարձատրությամբ, ինքն էլ իր հերթին  օգնում է իր հին ու նոր ընկերներին, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն։

     -Մեր փողոցային երաժիշտներիս միջև չկա կոնկուրենցիա, բայց կա հարգանք։ Սիրում եմ իմ գործիքը, այն ինձանից անբաժան է։ Շատ տուրիստներ լսելով իմ նվագը, չեն հասկանում,  սակայն մոտենում են , լսում, ճանաչում հային ու հայկականը։ Ինչ-որ տեղ նպաստում եմ նաև ազգայինի տարածմանը ինչը այսօր մեր երգիչներին էդքան էլչի հուզում։  Ինձ պետք չեն մեծ բեմեր ու դահլիճներ, ես կերգեմ թեկուզ մեկ լսողի և կամ էլ  իմ դեպքում մեկ անցորդի համար։ Ժողովրդական երգը բխում է իմ հոգուց ու սրտից։ Կապան չեմ  վերադառնա, Երևանը ինձ կապել է իր առօրյային։

     Փողոցային երաժիշտները ունեն նաև խումբ և ժամանակ առ ժամանակ բարեգործական համերգներով հանդես են գալիս ծերանոցներում և մանկատներում։

    Հ.Գ.

Երբ տեսա Վլադիմիր Ստեփանյանին հասկացա, որ լի է կյանքով՝ աչքերը փայլում են, երբ գործիքը վերցնում է ձեռքը։ Բարությունը հորդում է նրանից, սիրով նվագեց ինձ համար։ Բառեր պետք չեն նրան նկարագրելու համար ` բավական է տեսնել ու լսել նրան։

 

Հեղինակ`

Հերմինե Կարապետյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее