Գյումրեցի փոքրիկին առնետը կծել է: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Անտառավան տնակային թաղամասում, որտեղ գտնվում է Գրիգորյանների տնակը, եւ գիշերը, երբ ընտանիքի բոլոր անդամները քնած են եղել: Արյունոտ երեխային առաջինը նկատել է մայրը՝ Ժենյա Գրիգորյանը, որն արթնացել է երեխայի լացի ձայնից:
Գրիգորյանների ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, ամսական 45 հազար դրամ ընտանեկան նպաստով: Երիտասարդ կինը չի էլ հիշում, թե վերջին անգամ երբ է հագուստ կամ կանացի այլ պարագա գնել: Տիկին Ժենյայի ամուսինը նյարդային հիվանդություն ունի եւ չի աշխատում: Ընտանիքի կենսապայմանները չափազանց վատ են: Տնակը, որտեղ ապրում են Գրիգորյանները, մեծացնելով իրենց չորս զավակներին, արդեն խարխուլ է եւ կիսափուլ: Գիշերները հատկապես տարածքում վխտում են առնետները:
Առնետներին որսալու բոլոր եղանակները փորձել են, սակայն անօգուտ: Միակ տարբերակը, որով կարելի է երեխաների անվտանգությունն ապահովել, գիշերը զարթուն մնալն է, եւ տիկին Ժենյան հենց այդպես էլ վարվում է: Իսկ այդ անգամ մի պահ քնով է անցել, եւ 6-ամյա երեխային առնետը կծել է: Մեր այն հարցին, թե դիմել են բուժօգնության, մասնագետի ցույց տվել են, կարճ պատասխանեց` ոչ: Նախ հիվանդանոց հասնելու գումար չունեն, հետո էլ մյուս երեխաներին հետեւող չէր լինի: Տնակային կյանքը մարդկանց արդեն քսանութ տարի է՝ դարձրել է անտարբեր սեփական կյանքի եւ երեխաների նկատմամբ: Այսպես ինքնահոսի մատնված՝ ակամա ապրում եւ մեծանում են շատ գյումրեցիներ: 88-ի աղետից քսանութ տարի անց քաղաքը չի ձերբազատվել ո՛չ փլատակներից, ո՛չ էլ երկու տասնամյակ առաջ տեղադրված ժամանակավոր կացարաններից:
Դրանցում ապրում են շուրջ 4 հազ. ընտանիքներ, որոնք փաստացի անօթեւաններ են: Ի դեպ, այս ընտանիքների շարքում կան նաեւ այնպիսիները, ովքեր ստացել են պետության կողմից բնակարաններ, սակայն այս կամ այն պատճառով վաճառել են դրանք եւ կրկին հայտնվել տնակներում, եւ որոնք այլեւս ենթակա չեն պետության կողմից փոխհատուցման:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում