Newmag.am-ը գրում է.
Հին աշխարհի մարդիկ անկաշկանդ էին բնական զգացումներն ու ցանկություններն արտահայտելու մեջ: Ավելին՝ նրանք հաճախ աստվածացնում, սրբացնում էին մարդկային պահանջները: newmag-ը պատմում է Հին աշխարհում ֆալոսի պաշտամունքի մասին:
Հին Հունաստան
Հին աստվածների պանթեոնում տղամարդկանց պտղաբերության հովանավոր աստվածը Պրիապոսն էր: Հնագույն քանդակներում և նկարներում Պրիապոսը պատկերված է մերկ՝ անհավանական չափերի մեծ առնանդամով: Դիոնիսոս աստծո տոնախմբություններին ևս որպես կանոն միշտ կային ֆալոսի բազմաթիվ արձաններ: Մեր ժամանակներում հունական 2 քաղաքում տարին մեկ անգամ անցկացվում են ֆալոսին նվիրված տոնախմբություններ:
Հին Հռոմ
Հին Հռոմի տարածքում 18-րդ դարում արված պեղումների ընթացքում դամբարաններում հայտնաբերվել են բազմաթիվ ֆալոսներ, որոնք հիմա գտնվում են Վատիկանի և Նեապոլի թանգարաններում: Հռոմեացիների սեքսուալությունը ֆալոսակենտրոն էր:
Հռոմի սենատի անվտանգության պատասխանատուն շենքի առջև տեղադրված սրբազան ֆալոսն էր:Հռոմեացի կանայք իրենց մանկահասակ տղաներին չար աչքից պաշտպանելու համար, մինչև նրանց չափահաս դառնալը, հագուստին ամրացնում էին ֆալոսի պատկերով թալիսմաններ: Պոմպեյի պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև ֆալոսի տեսքով խաղալիքներ և լամպեր:
Հին Հնդկաստան
Հնդկաստանում ֆալոսի պաշտամունք էր ձևավորվել անհիշելի ժամանակներից: Օրինակ՝ հնագույն Պարշուրամեշար դամբարանից հայտանբերված ֆալոսը սև գրանիտից է, 150 սմ բարձրությամբ: Մի փոքր ավելի ուշ Հնդկաստանում ֆալոսը համարվեց Շիվա աստծո մարմնացումը:
Հին Հայաստան
Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ամենահին ֆալոսը թվագրվում է մ.թ.ա. 21-22-րդ դարերով. Դա միջին բրոնզե դարի շրջափուլն էր: Այն ունեցել է 60 սմ բարձրություն և տեղադրված է եղել Քարաշաբի իշխանական մեծ դամբարանում:
Պեղումների արդյունքում մեծաքանակ ֆալոսներ են հայտնաբերվել նաև Արթիկի, Մեծամորի, Լճաշենի, Օշականի և Սևանի ավազանի հնավայրերում:
Հնագետ Աշոտ Փիլիպոսյանը նշում է, որ տուֆից, բազալտից, կրաքարից, փայտից պատրաստված, երբեմն մինչև 2 մ բարձրություն ունեցող այս արձանները դամբարաններում տեղադրվում էին չար ուժերը խափանելու համար: Դամբարանում ֆալոսի առկայությունը նշանակում էր, որ հանգուցյալը արական սեռի ներկայացուցիչ է և վերածնվելու հնարավորություն ունի:
Ինչո՞ւ ֆալոս
«Ֆալոսը» հունարեն բառ է և, ըստ Աճառյանի, ծագել է հնդեվրոպական «bhel»` ուռչել արմատից: Սրանից են ածանցվել իռլանդական «ball»` «անդամ», անգլոսաքսոնական «buluc»` «ցլիկ» արմատները: Ռուսերենում «ֆալը» համապատասխանում է «вел» արմատին, այստեղից էլ՝ «великан» բառը:
Հայերենում «ֆալոս» բառը նույնացվում է «մեծ, բարձր, գեղեցիկ» բառերի հետ:
Ի դեպ, Արա Գեղեցիկի անվան «գեղեցիկ» մականունն իմաստային առումով բխում է «ֆալ» բառարմատից: «Գեղարքունիքը» նույն իմաստային ծագումն ունի և նշանակում է «մեծերի տարածք, երկիր», այսինքն վայր, որտեղ հատուկ ուշադրության են արժանացել ցեղախմբի ավագայրերը: Հնագետները Գեղարքունիքի տարածաշրջանում ֆալոսի բազմաթիվ կոթողներ են հայտնաբերել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում