▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպացիներն իրենց «կամ-կամ»-ով սաստկացրին նաև ռուսների «կամ-կամ»-ը

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է  «Հայաստանի եվրասիական ընտրությունը. տնտեսություն, տեղեկատվական ոլորտ, մարդկային կապիտալ» թեմայով կլոր սեղանի ժամանակ թեժ իր` քննարկման առարկ դարձած ելույթի մասին.

«Իմ վերջին ելույթը` համեմված նաև լրատվամիջոցների աղավաղված ներկայացումով, ոչ միանշանակ կամ ոչ ճիշտ է ընդունվել մեր հանրության որոշակի հատվածի կողմից: Հաշվի առնելով, որ թեման իսկապես զգայական է, փաստեմ, որ ի սկզբանե ներում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց թույլ տվեցին անձնական վիրավորանքներ իմ հասցեին: Ստորև բերվող թեզերը իմ դիրքորոշման պարզաբանման նպատակը ունեն: Եվ այսպես.

1) Եվրոպացիների մեծ սխալն էր մեզ հետ «կամ-կամ»-ով խոսելը: Դրանով նրանք սաստկացրին նաև ռուսների «կամ-կամ»-ը: Դրան մենք հակադրեցինք «և-և»-ը: Իրականում թե’ «կամ-կամ»-ը, թե’ «և-և»-ը մեկ թեզի արտահայտում է. «Ռուսաստանը Եվրոպա չէ»: Այս թեզն է, որ ես մերժում եմ` ի հեճուկս ռուս ազգայնամոլների: Այո, Ռուսաստանում միշտ եղել է և կա այս բանավեճը, և Ռուսաստանի առաջադեմ հատվածը միշտ էլ գիտակցել և նույնականացրել է երկիրը Եվրոպայի հետ` ոչ միայն կրելով և տարածելով, այլ նաև ստեղծելով եվրոպական քաղաքակրթական արժեքներ: Ընտրելով Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրման հնարավորությունը մենք չենք ընտրել Եվրասիան, մենք ընտրել ենք Եվրոպան և եվրոպական Ռուսաստանը: Սա մենք պետք է ամրագրենք մեր գիտակցության մեջ ու կարողանանք նաև ներկայացնել Ռուսաստանին և աշխարհին:

 2) Ժամանակակից աշխարհում զարգացում կարողացել են ապահովել այն երկրները, որոնք ներկայացրել են առնվազն 300 միլիոնանոց հանրություն, կան հանդիսացել են նմանաքանակ ավելի լայն հանրության մի մաս: Ըստ որում, նման հանրությունները ձևավորվել են առավելապես քաղաքակրթական առանցքի շուրջ, որի որոշիչ բաղկացուցիչը լեզուն է: Անգլալեզուները միավորվել են Բրիտանական Ընկերակցության կազմում (53 երկիր), ֆրանսալեզուները` Ֆրանկոֆոնիայի երկրների կազմում (56 երկիր), առավել «ճարպիկները»` երկուսում էլ: Հաշվի առնելով ռուսերենի տարածումը աշխարհում (մոտ 300 միլիոն հանրության մեջ) ռուսները, բնականաբար, առաջ են քաշել «Ռուսական աշխարհի» գաղափարը: Սա քաղաքական գաղափար չէ, սա հումանիտար գաղափար է, որը, ինչ խոսք, կարող է և քաղաքականացվել թե’ դրսից, թե’ ներսից` կապված կոնկրետ նպատակների կամ շահերի սպասարկման հետ: Ինչևէ, եթե խոսում ենք ինտեգրման մասին (իսկ զարգացում կարող ենք ապահովել միայն այդ ճանապարհով), ապա Ռուսական աշխարհին ինտեգրվելը մեզ համար առավել բնական է` լեզվի և մշակույթի տարածվածության, կամ թեկուզ` մոտ 2 միլիոնանոց սփյուռքի առկայության իմաստով: Ի դեպ` սփյուռքի, որի գործունեությամբ և ուղարկված միջոցներով է մեծապես պայմանավորված մեր երկրի այսօրվա գոյատևումը: Վերջին հաշվով ընդունենք, որ մեր անդամակցությունը Ֆրանկոֆոնիային կրում է սիմվոլիկ բնույթ և որևէ լուրջ իմաստ չի պարունակում:

3) Նախորդ կետի հիմնավորմամբ ես այո’, բնական եմ համարում մեր պատկանելիության (հումանիտար իմաստով) ամրագրումը Ռուսական աշխարհին: Այս ամրագրումը որևէ աղերս չունի անկախության և ազատության գաղափարների հետ: Դրանք սրբություններ են, որոնք մենք պարտավոր ենք պահպանել և ամրացնել: Պարտադի՞ր է արդյոք այսպիսի պատկանելիության ամրագրման պարագայում տնտեսական ինտեգրումը։ Ցանկալի է: Ենթադրո՞ւմ է արդյոք նման պատկանելիությունը քաղաքական ինտեգրում։ Ոչ անպայման: Ամեն ինչ կախված է և կլինի արտաքին վտանգի գործոնից: Նշանակո՞ւմ է արդյոք նման պատկանելիությունը այլ միջազգային ուղղություններով ակտիվության թուլացում։ Ոչ երբեք: Ի՞նչ եղավ այս պարագայում «Հայկական աշխարհ»-ի հետ։ Ոչ մի բան` խնդիրը այն ամրացնելու և Հայաստանակենտրոն դարձնելու, մնում է մեր օրակարգում: 4) Իմ ելույթում չկար և ոչ մի քարոզչական տարր, այն ընդհանրապես կապված չէր նաև իմ զբաղեցրած այժմյան պաշտոնի հետ: Միշտ եղել և մնում եմ բուհերը չքաղաքականացնելու ամենաակտիվ կողմնակիցը, մեր բուհի թե’ անձնակազմը, թե’ ուսանողությունը երբեք չի մասնակցել և չի մասնակցելու որևէ քաղաքական պատվերի իրագործմանը` ոչ Հայաստանից, ոչ Ռուսաստանից, ոչ որևէ այլ կենտրոնից: Ակադեմիական, ստեղծագործական և անձի ազատությունը մեզ համար գերագույն արժեքներ են` եղել են և կմնան: Մենք ունենք ժողովրդի, երկրի և պետության արժեքներին նվիրված հիասքանչ ուսանողություն, որի առավելություններից մեկն է` այո’, շրջահայացությունը, այո’, կաղապարված չլինելը, ինչը մեծապես պայմանավորված է նաև նրանց կողմից մայրենիից բացի նաև այլ մշակույթի և լեզվի իմացությունը, և դա նրանց մեծագույն առավելությունն է այլոց նկատմամբ: Չմոռանանք նաև, որ մեր բուհի ուսանողության զգալի հատվածը (մոտ 30 տոկոս) ՌԴ և այլ երկրների քաղաքացիներ են, նրանցից շատերը համալսարան ընդունվելու պահին անգամ հայերենին չեն տիրապետում, և մեր ամենապատվաբեր առաքելություններից է նրանց հայոց լեզվին և մշակույթին հաղորդակից դարձնելը, հետագայում հայրենիքում մնալու և աշխատելու հնարավորություն ընձեռելը: Ես հպարտ եմ, որ իմ գործընկերների հետ համատեղ կարողացել եմ ստեղծել Հայաստանի լավագույն համալսարաններից մեկը, որը այլևս ազգային արժեք է»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее