▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես իմ անուշն» աշխարհ բերելու համար պետք է կիսաստված լինել. այսօր Չարենցի ծննդյան օրն է

117 տարի առաջ՝ այս օրն է ծնվել հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը:

 

ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ 

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես 
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել: 
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես. 
Կյանքս կանցնի, կմարի - բայց երգս կա, կապրի դեռ: 
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝ 
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս: 
Երգերիս մեջ - դու գիտե՞ս - ինձ ոչ ոք չի ճանաչում՝ 
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս: 
Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել. 
Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես. 
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել, 
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ: 
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր, 
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան. 
Կյանքս թողած անհունում - ես երգել եմ սերը խոր 
Ու կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան... 
Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած. 
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից. 
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած, 
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ: 
ուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես, 
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան... 
- Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս 
Խե՜ղճ կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան...

***

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

 

Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:
Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:
Պարույր Սևակ

 

…Չարենցի անունը պայթեց ռումբի նման:
…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:
Գուրգեն Մահարի

Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա:
Ակսել Բակունց

 

Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլ;որ ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր…
Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…
Ավ. Իսահակյան

 

Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը:
Լուի Արագոն

 

Չարենցը, Չարենցը. «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում»… նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման աղոթքը:
Վիլյամ Սարոյան

 

Ինչի՞ հետ համեմատես «Ես իմ անուշը»

Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ վեպ՝ նույնպես…Որովհետև իրենց ծավալով ու մոնումենտալությամբ հանդերձ՝ դրանք կյանքը պատկերում են ինչ-որ մասշտաբներով:

«Ես իմ անուշը» ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաս- ՈՒրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է, մեր տառապանքների և փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, մեր դրամատիկ ճակատագրի և անմեռ մնալու ձգտման գեղարվեստական խտացումն է ու բյուրեղացումը: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաստված լինել:
Մարտիրոս Սարյան

 

Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք էլ ավելի ենք սիրում դրանք, ի՞նչ իմանաս, թե որքան անհրաժեշտ են դրանք մեզ այսօր:

… Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահե իր երիտասարդությունը:
Իլյա Էրինբուրգ

 

Աղբյուրը՝ Charenc.ru

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее