▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հակված եմ բաժակը կիսով չափ լիքը տեսնել, ոչ թե` կիսով չափ դատարկ.Կարպիս Թիթիզյան

«Լևոն թրավել» ընկերության տնօրեն Կարպիս Թիթիզյանը , որպես գործածար իր գործունեությունը  Հայաստանում սկսել է դեռևս անկախությունից առաջ: Հետագայում նա ոչ միայն բիզնեսում, այլև  շոու-բիզնեսում գտավ համագործակցության  եզրեր: Asekose.am-ի հետ զրույցում Կարպիս Թիթիզյանը խոսում է շոու բիզնեսի ու բիզնեսի խաչմերուկների, շահույթ հետապնդելու ու բարեգործության մշակութային սահմանագծի և այլ հետաքրքիր թեմաների մասին:  

- Դուք Հայաստանում  գործարարությամբ  զբաղված առաջին սփյուռքահայն եք. Ի՞նչ դժվարություններ կային այն տարիներին և, ըստ Ձեզ, որոնք են այսօրվա դժվարությունները սփյուռքահայ գործարարների համար Հայաստանում: 


- 1989-90 թթ., երբ ես սկում էի իմ գործունեությունը Հայաստանում, այն դեռ անկախություն ձեռք չէր բերել: Այն տարիներին դեռ չկար պետականություն և դաշտում գործում էին ԽՍՀՄ-յան օրենքներ: Հիմնական խնդիրը օրենսդրային դաշտի բացթողումներն էին, վստահության պակասը, համակարգային մի շարք թերություններ: Բարեբախտաբար, ժամանակի ընթացքում մի շարք խնդիրներ մեր երկրում կարգավորվեցին հնարավորինս: Պետք չէ մոռանալ, որ երկիրը պատերազմական վիճակում էր և մի շարք խնդիրներ հասկանալի էին դառնում: Ես առաջիններից էի, ով մտահոգված էր բիզնեսի և օրենքի համագործակցությամբ: Առաջինն էի նաև որպես սփյուռքահայ ներդրող Հայաստանույմ: «Լևոն թրավելի» մեր գրասենյակը միակն էր այն տարիների Հայաստանում, որ արևմտյան չափանիշներով էր ստեղծված` և աշխատանքի ոճով, և արտաքին տեսքով: Բոլորը զարմանում էին, անվերջ նկարահանումներ էին տեղի ունենում մեր գրասենյակում:
Այսօր սփյուռքահայ գործարարների համար մի շարք խնդիրներ կան հայկական շուկայում: Դրանցից ամենացավալի խնդիրն ինձ համար ազատ շուկայական հարաբերությունների բացակայությունն է, բնակչության թվի նվազումը: Հայաստանում բիզնես ոլորտում աշխատելու համար պետք է մեծ կամք ու համբերություն ունենալ: Բոլորն էլ սրտացավ են սեփական հայրենիքի համար, բայց նաև խնդիր ունեն աշխատելու առողջ մթնոլորտում:

- Ձեր կազմակերպության անվանումը շատերին շփոթության էր մատնում ու , ոմանք, կարծում էին, թե այն կապ ունի Հայաստանի առաջին նախագահի հետ: Նույնիսկ անեկդոտ կար` Լևոնը թռավ էլ, իջավ էլ… Դուք լսել ե՞ք այդ ասեկոսեների մասին: 


- Բնականաբար, ես լսել եմ այդ կատակների մասին և դրանք իսկապես զավեշտալի էին այդ տարիներին: «Լևոն թրավելը» ստեղծվել է 1958թ.-ին Լիբանանում, 1981թ.-ին` Լոս Անջելեսում, 1990թ.-ին` Երևանում, 1995թ.-ին` Թբիլսիիում և 2000-ին` Ստեփականակերտում: Պարզ է` ՀՀ առաջին նախագահի հետ կապ կտեսնեին անունների համընկնամ պատճառով, բայց դա չափազանց հեռու է իրականությունից:

- Այսօր նույն ակտիվությա՞մբ է աշխատում «Լևոն թրավելը» ընկերությունը: 


- Մեր բիզնեսը զարգացող է և այդ պատճառով ավելի ակտիվ է աշխատում այսօր: Այն ժամանակ, երբ մենք սկսում էինք, տուրիզմը դեռ զարգացած չէր, իսկ այսօր, բարեբախտամաբար, մեծ աշխատանք է տարվում այդ ոլորտում: Մեր գրասենյակները ակտիվորեն աշխատում են չորս քաղաքներում: Մենք փորձում ենք ԱՄՆ-ից Հայաստան ուղևորությունների թիվը զարգացնել: Բացի այդ ակտիվ աշխատում ենք հասարակական գործունեությամբ, խթանում ենք արվեստի ու շոու-բիզնեսի զարգացմանը: Բարեգործական գործունեություն ևս ծավալվում է, բայց այդ մասին խոսել չեմ սիրում:

-Դուք նաև սերտ հարաբերություններ ունեք շոու բիզնեսի հետ. դրանք համագործակցության սահմաններում են, թե՞ բարեգործության: 


- Ես երբեք ֆինանսական նպատակներ չեմ հետապնդել արվեստի և շոու-բիզնեսի մարդկանց հետ համագործակցության դեպքում: Ինձ համար կարևոր է իմ ուժերի սահմաններում օգնել հայ արվեստագետին կատարել իր աշխատանքը, մնալ Հայաստանում ու զարգացնել ոլորտը: Սա ինձ հետաքրքրող դաշտ է:
Ես ստեղծել եմ «Գլոբալ Արտս» ընկերությունը, որը նախաձեռնել է մի շարք ներկայացումներ, համերգներ ինչպես արտերկրում, այնպես էլ Երևանում: Օրինակ` մեր նախաձեռնությամբ համերգներով Երևանում են եղել աշխարհահռչակ Հուլիո Իգլեսիասը, Յանին և այլն:

 

-Ի՞նչ կարծիքի եք Հայաստանում առկա այժմյան շոու-բիզնեսի, կատարումների, տեսահոլովակների մասին: 


- Եթե շոու-բիզնեսը համեմատենք նախկին տարիների հետ, ապա այսօր այն բավականին բարձր մակարդակի է: Մի շարք հարցեր զարգացել են, ամենակարևորն ինձ համար` ժամանակ առ ժամանակ տեսնում եմ կրեատիվ մոտեցում: Ամեն կերպ պետք է խրախուսել երիտսարդներին` ցույց տալու համար իրենց հոգու ու մտքի կապը:

-Որո՞նք են մեր շոու-բիզնեսի առանձնահատկությունները, թերությունները, զավեշտները, գրավչությունն ու վանող փաստերը: 


- Ես հակված եմ հայտնի գովազդի նման բաժակը կիսով չափ լիքը տեսնել, ոչ թե` կիսով չափ դատարկ: Պարզ է` թերություններ կան, բայց դա պետք է համեմատել երիրի ու տնտեսության չափերի հետ: Բոլոր ժամանակներում էլ եղել են անորակություններ, թերություններ ու անճաշակ արտադրանք: Բայց դրանք անմիջապես մոռացվում են, երբ տեսնում եմ տաղանդավոր երիտասարդ սերնդի ձգտումները:
Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները հաճախ հեռու են միջազգային չափանիշներից, բայց դա միշտ չէ, որ կապված է տաղանդի հետ:

-Հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ու՞մ հետ եք ընկերություն անում և համագործակցում: 


-Արձագանքում եմ բոլոր խելամիտ ու նորարար առաջարկներին: Մենք կազմակերպում ենք ոչ միայն համերգներ, այլև թատերական ներկայացումներ: Վերջին աշխատանքներից` համերգներ Լոս Անջելեսի լավագույն համերգասրահներում Արման Հովհաննիսյանի, Ռազմիկ Ամյանի, Լիլիթ Հովհաննիսյանի, Միհրան Ծառուկյանի, Ռաֆայել Երանոսյանի, Արփինե Գաբրիելյանի և այլոց հետ: Ներկայացումներ` Հրանտ Թոխատյանի, Նարեկ Դուրյանի, Լալա Մնացականյանի և այլոց հետ: Նոր մոտեցմամբ Կոմիտասի դասական երգերով համերգ` Երգի Պետական Թատրոնի և Արթուր Գրիգորյանի հետ: Մեր աջակցությամբ են ի կատար ածվել նաև Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը»  ֆիլմը և «Բարի գալուստ» ներկայացումը: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, դա տարիների աշխատանքն է:

- Դուք հաճախ եք Երևանում` Ձեր տանը, մտերմիկ հանդիպումներ կազմակերպում. Ովքե՞ր են լինում հյուրերն ու ինչ նպատակներ ունեն այդ հավաքները:  


- Իմ տան դուռը միշտ բաց է ոչ միայն շոու-բիզնեսի, այլև յուրաքանչյուր արվեստագետի համար:  Հայաստանում ժամանակ առ ժամանակ եմ լինում և հաճախ ընկերներիս հասցնում եմ կարոտել: Հարմար առիթի դեպքում միշտ հավաքվում ենք իմ տանը: Բոլոր այդ հանդիպումները ընկերական են, բայց միշտ էլ հետաքրքիր գաղափարներ են ծնվում արդյունքում:

- Երևանում ինչ փոփոխություններ եք նկատում անցած 25 տարիների ընթացքում. Դրանք դրական, թե՞ բացասական եք գնահատում:


- Փոփոխությունները ժամանակի արդյունք են: Բնական է` դրանք և դրական են, և ցավոք բացասական: Վիզուալ դրական փոփոխություններից բացի, կան մի շարք թերություններ, որոնք իսկապես ցավալի են: Ինձ մեծ ցավ է պատճառում, երբ տեսնում եմ առողջ, բայց աշխատել չցանկացող երիտասարդի, շատ աշխատող, բայց սոված մարդու… Կրությունը բարձր մակարդակի է, բայց արդյունքում չեն ստեղծվում համապատասխան հաստիքներ տաղանդավոր ու խելացի շրջանավարտների համար: Իրականությույնն այն է, որ աշխատատեղեր չկան, արդունաբերության խնդիրներ կան, ուղեղների արտահոսք ու արտագաղթ կա:

- Ո՞րն է հայի իդեալական կերպարն ըստ Ձեզ: 


- Հայը ամենահամբերատար, տաղանդավոր, ազգային ոգի ունեցող, բանական ազգաերից է: Ես ուզում եմ հային այսօր տեսնել հայի նման: Այն հայի, որ եղել է ու դեռ շարունակելու է մնալ այդպիսին:

Լուսանկարները` Կարպիս Թիթիզյանի անձնական արխիվից:

72157637899883625

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее