▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես դա արեցի աշխարհի բոլոր հայերի համար. հայ լեռնագնացը նվաճել է աշխարհի ամենաբարձր գագաթը

168.am-ը գրում է. 2016 թվականի մայիսի 22-ին մարսելաբնակ Արա Խաչադուրյանը (Ara Khatchadourian) իրականացնում է իր վաղեմի նպատակներից մեկը՝ նվաճում է աշխարհի ամենաբարձր գագաթը՝ հարյուրավորների համար բառացիորեն անհասանելի, շատ լեռնագնացների համար, ցավոք, կյանքի վերջին ճանապարհը դարձած 8848 մ բարձրությամբ դժվարհաղթահարելի Էվերեստը: Աշխարհի ամենաբարձր գագաթի նվաճումը նախաձեռնած հայ լեռնագնացին երջանիկ պատահականությամբ հաջողվում է խուսափել դժբախտ պատահարից, և հասնելով լեռան գագաթին՝ հենց գագաթից Արա Խաչադուրյանը գրում է. «Ես աշխարհի ամենաբարձր կետում եմ: Ես դա արեցի: Դա արեցի աշխարհի բոլոր հայերի և իմ համար: Մեր գործը երբեք չի մեռնի»:

Աշխարհի ամենահայտնի բարձունքները նվաճած՝ Էվերեստի, Մոնբլանի, Արարատի, Կիլիմանջարոյի գագաթներին Հայաստանի Հանրապետության պետական դրոշը ծածանած այս մարդու հետ հանդիպեցինք Մարսելի հին երկաթուղային կայարանում՝ Saint Charles-ում: Արա Խաչադուրյանը պատմեց, որ Ֆրանսիա է տեղափոխվել Լիբանանից 19 տարեկանում, եկել է հորեղբոր հրավերով՝ բոլորովին անծանոթ մի երկիր, որտեղ ամեն բան՝ լեզուն անգամ, օտար էր.

– Ես ծնվել եմ Լիբանանում, որտեղ սովորել և զբաղվում էի ոսկերչությամբ: 9 տարեկան էի, երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ սկսվեց, և ես ստիպված եղա մի քանի տարի անց թողնել դպրոցն ու հմտանալ որևէ արհեստի մեջ: Նախընտրեցի ոսկերչությամբ զբաղվել: Ֆրանսիա եկա հորեղբորս մոտ՝ 19 տարեկանում, ոչ գումար ունեի, ոչ ֆրանսերեն մի բառ էի հասկանում: Հորեղբորս օգնությամբ աշխատանք գտա ու սկսեցի աշխատել: Օրական 16 ժամ աշխատում էի՝ 7 օր և 7 գիշեր, առանց արձակուրդների: Սկզբում արհեստանոցում էի, հետագայում՝ արդեն 24 տարեկանում, սեփական բիզնեսը բացեցի՝ ոսկյա զարդերի խանութ, որը մինչև հիմա կա, գործում է:

– Հետաքրքիր է, ինչպե՞ս պատահեց անցումը՝ ոսկերչությունից՝ լեռնագնացության:

– Դեռ պատանի տարիներից Լիբանանում սկաուտությամբ եմ զբաղվել, ինչպես նաև՝ բասկետբոլով, բայց երբեք չէի մտածել, որ երբևէ պրոֆեսիոնալ սպորտով պիտի զբաղվեմ և հատկապես՝ լեռնագնացությամբ: Անսպասելի էր, բայց 40 տարեկանից եմ սկսել սպորտը: Պարզապես իմ անձնական կյանքում որոշակի փոփոխություններ պատահեցին, որն էլ ստիպեց, որ ինձ ամբողջությամբ նվիրեմ սպորտին: Ես օր ու գիշեր մարզվում էի: Մի անգամ լիբանանաբնակ ընկերներիցս մեկը զանգահարեց ինձ ու առաջարկեց հերթական արձակուրդներն անցկացնեմ իր հետ՝ Լիբանանում, հետն էլ ասաց՝ կվերցնես սպորտային պարագաներդ, որպեսզի մարզվենք ու մասնակցենք Լիբանանում անցկացվելիք առաջիկա մարաթոնին: Ես համաձայնեցի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее