▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես 3 անչափահաս երեխա ունեմ, 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող մայր․․․էդ վերաբերմունքն ամեն ինչ արժեր»․ Yandex-ի վարորդը՝ մեկուսացման 14 օրերի, ստացած աջակցության մասին

Մեր զրուցակիցը, որը Yandex Taxi-ի վարորդ է, ամբողջ ընտանիքի հետ 14 օր անցկացրել է մեկուսացման մեջ, բարեբախտաբար, ամեն ինչ դրանով սահմանափակվել է․ կասկածները հերքվել են, ընտանիքը կորոնավիրուսով չի վարակվել։


Արամը (անունը փոխված է) հպարտությամբ է պատմում է՝ Yandex-ի հետ համագործակցության ողջ ընթացքում տաքսի չի վարել միայն մեկուսացման 14 օրերի ընթացքում։ Մնացած դեպքերում՝ ամեն օր պարտաճանաչ ղեկին է՝ առավոտյան 8-ից մինչև ուշ երեկո։

Վարակից խուսափելու նորմերին մեր զրուցակիցը խիստ է հետևում, ասում է՝ տանը հյուրերի ելումուտը սահամափակել է դեռ փետրվարից, երբ Հայաստանում անգամ կարանտին էլ չկար․ «Տանը ռիսկային խմբում անդամ ունենք․ մեր տուն փետրվարից մարդ չի գալիս առ այսօր․ տանից միակ դուրս եկողը ես եմ, դե ես էլ տուն մտնելուց առաջ տեղը տեղին ախտահանվում, մաքրվում եմ»,-պատմում է Արամն ու հավելում՝ նույն զգոնությամբ էլ պահանջներին հետևում է օրվա ընթացքում ուղևորներ տեղափոխելիս՝ դիմակ, ախտահանիչ նյութեր, սրահի օդափոխում․ «Շատ վախենալ պետք չէ, բայց պիտի հասկանանք, որ մեր շուրջ այդ վարակը կա, մենք դրա հետ առնչվում ենք, պետք է ուղղակի պահենք
նորմերը, որ չդառնանք վարակը կրող»,-նշում է Արամը։

Հրահանգներ ու իրազեկումներ օրվա ընթացքում մի քանի անգամ ստանում են նաև օնլայն տաքսի ծառայության կողմից․ «Ես բիզնես դասը սպասարկող վարորդ եմ, ինչը ամեն տեսակ նորմեր էպահանջում։ Կապ չունի կարանտինը, պատճաշ հագնվելուց, օրինապահ վարելուց մինչև ճիշտ շփվելաձև, մաքրություն, կոկիություն, մեր տարիֆի համար հստակ, պարտադիր պայմաններ են։ Yandex-ից օրվաընացքում բազմաթիվ անգամներ հիշեցումներ ենք ստանում, նույնիսկ մեքենան օդափոխելու մասին են հիշեցնում»․ ասում է Արամն ու հավելում՝ որքան պահանջկոտ իր հանդեպ է, նույնքան էլ ուղևորների․


«Եթե դիմակով չլինեն, չեմ թողնի նստեն․ եղել է դեպքեր, որ փորձել են համոզել, որ դիմակ չդնեն, թե բա՝ չենք կարողանում, դիմակով դժվար ենք շնչում, և այլն, և այլն, ասել եմ՝ չեղարկեք, ուրիշ մեքենա կանչեք։ Եթե կլինի ուրիշ մեկը, որ ռիսկի կդիմի ու ձեզ առանց դիմակ կվերցնի, թող գա, տանի, ես էդ ռիսկին չեմ դիմի։ Դա առաջինն իմ համար եմ անում, իմ ընտանիքի համար եմ անում, ի՞նչ իմանաս՝ ով է, վարակված է, վարակված չէ»։

Չաշխատած օրերի, մեկուսացման մեջ գտնվելու համար մեր զրուցակցին Yandex-ը կրկին օժանդակություն է տրամադրել իր ֆոնդից։ Աջակցության ֆոնդի մասին Արամը տեղեկացրել է դեռ այն ժամանակ, երբ մեկուսացած էլ չէր․ ասում է՝ ֆեյսբուքյան գրառումներ ու լուրեր է կարդացել այդ մասին, մեկուսանալուց հետո վերհիշել է դրանք ու դիմել․ «Բացի այդ, մեզ նամակներ էր գալիս, որ կասկածյալ ենք, վարակակիր ենք, կարող ենք դիմել իրենց։

Պարզ մեխանիզմ է՝ տեղեկանքը ներկայացնում ես, իրենք աջակցություն են տալիս։ Ես էլ փորձեցի։ Պոլիկլինիկայից վերցրածս տեղեկանքը ներկայացնելուց հետո՝ բառացի 2 օր հետո, 30 հազար դրամ ինձ փոխանցվեց։ Գումարի չափը կախված է նրանից, թե օրվա ընթացքում որքան ես վարում, ուր ես վարում և այլն։

Կապ չունի, եթե անգամ հազար դրամ փոխանցեին, ես միևնույն է, շատ շնորհակալ էի լինելու, էդ վերաբերմունքն ամեն ինչ արժե։ Ես 3 անչափահաս երեխա ունեմ, 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող մայր ունեմ, օրը մոտ 5 հազար դրամի մենակ դեղ եմ առնում․ պետությունից ոչ մի կոպեկ աջակցություն չեմ ստացել։ Եսիմ, դե դա ուրիշ հարց է, բայց ամեն դեպքում, միակ օգնությունս եղել է Yandex-ից՝ գումարած, որ մեր տաքսոպարկի կողմից էլ 10 հազար դրամ իրենք ավելացրին»,-պատմում է Արամը։

Վարորդն ընդունում է՝ իրենք այսօր ամենառիսկային ոլորտներից մեկում են աշխատում, մի անգամ արդեն մեկուսացվել է ու չի բացառում, որ էլի կրկնվի, բայց ամեն դեպքում կշարունակի իր գործը, եթե իր խոսքով՝ հավելյալ բարդություններ չստեղծվեն իր համար, ասում է Արամն ու կիսվում տաքսի ծառայություններին վերաբերող նոր օրինագծի վերաբերյալ մտահոգություններով․


«Բոլոր ոլորտներում էլ, եթե գործում է օրենք, ես փորձում եմ ենթարկվել, ես էդ սկզբունքի մարդ եմ։ Բայց հիմա դնում են մի իրավիճակի մեջ, որ զոռով-զոռով մտածենք՝ ոնց կարելի է օրենք շրջանցել։ Էդ նախագծի հեղինակներն էլ լավ գիտեն, որ վարորդը ուզի օրենքը շրջանցի, տարբերակ գտնելու է, ինչու են մեզ ստիպում՝ օրենքից դուրս աշխատել։

Եթե ես առավոտ 8-ից տանից դուրս եմ գալիս, 10 հազար դոլար արժողությամբ մեքենան սարքել եմ տաքսի, ու եթե այս օրենագծով շարժվեմ, մինչև օրվա կես 1 հատ պատվեր չեմ ունենա, որովհետև արդեն շուտվանից ոչ մեկ փողոցից տաքսի չի բռնում, մնալու եմ առանց գումար։ Բայց տարվա ընթացքում մի քանի հարյուր հազար վճարել էլ չեմ կարող, տակը նորմալ բան չի մնա։ Հեղափոխությունից հետո մտածում էիք վերջապես օրենքով կապրենք, իրավիճակ կփոխվի․․․թող ուրիշ խելացի տարբերակ մտածեն, սա չի աշխատելու, թյուրիմացություն է»,-եզրափակում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հեղինակած օրինագծի համաձայն՝ վարորդները կամ կգրանցվեն որպես ԱՁ կամ ՍՊԸ, տարեկան շուրջ 350 հազար դրամ կվճարեն լիցենզիայի, ամսական սպասարկման և այլնի համար ու կշարունակեն համագործակցել օնլայն ծառայությունների հետ, կամ կստանան անվճար լիցենզիա և կհրաժարվեն օնլայն տաքսի ծառայությունների հետ համագործակցությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее