▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկիրը դարձել է եվրոռեմոնտ արած որբանոց. Էդգար Կոստանդյան

Asekose.am-ի զրուցակիցն է գրող, բլոգեր Էդգար Կոստանդյանը:

-         Ժամանակին բավականին ակտիվ գործունեություն էիք ծավալում համացանցում, Ձեր բլոգն ամենաընթերցվողներից էր: Ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը:

-         Շատ աշխատելով: Մոտս սկսեց մի շրջան, երբ օրվա մեջ եղած ազատ ժամանակը միայն քնելուն է բավականացնում: Վեպս եմ վերջացնում, ներկայացում ենք անում ու այդպես շարունակ:

-         Ձեր նոր գիրքը կոչվում է <<Որբանոց>>, այնտեղ բաց տեքստով խոսվում է մեր երկրի առաջ ծառացած ամենատարբեր խնդիրների մասին` աղքատություն, արտագաղթ եւ այլն: Մի փոքր պատմեք վեպի ու նրա ստեղծման մասին:

-         Մի քանի առիթով ասել եմ, որ <<Որբանոցն>> ինձ համար ստեղծագործական լուրջ նպատակ է եղել: 2006 թվականից ցանկացել եմ գրել: Անցյալ տարի վերջապես սկսեցի ու հիմա ավարտին եմ հասցնում: Հիմա սյուժեից չեմ ուզում խոսել, բայց սա ավելի սյուժետային գիրք է, քան նախորդ երկուսը:

-         Վեպում մի նախադասություն կա. Երկիրը դարձել է եվրոռեմոնտ արած որբանոց: Կմեկնաբանե՞ք:

-         Կարծում եմ, դա մեկնաբանված նախադասություն է: Էն ամենն, ինչ կատարվում է մեզ մոտ` Հրանուշ Հակոբյանի պրոեկտներից սկսած, վերջացրած մշակույթի նախարարության կազմակերպած <<մեգափառատոննորով>>, մի հստակ սահմանում ունի` մեյմունություն: Ժողովուրդը կանգնած է անդունդի եզրին, դրա մասին է պետք մտածել: Պետք է մտածել, որ տարվա մեջ մի քանի նոր աղանդավորական կազմակերպություն է բացվում, պետք է մտածել, որ տարվա մեջ մի քանի զինվոր է մահանում, ոչ թե սահմանին, այլ զորամասում` ռազբորկայի ժամանակ: Թե չէ դրել են <<արի տուն>> են խաղացնում: Էդքանից հետո ո՞վ ա գժվել` գա տուն:

-         Եկեք խոսենք հայկական մշակույթից:

-         Դա նույնն է, ոնց որ խոսենք հայկական արտադրության մեքենաներից: Ո՞նց խոսենք չեղած բանի մասին:

-         Ուզում եք ասել, որ ամեն ինչ ծայրաստիճան վա՞տ է:

-         Ես չեմ ուզում ասել, ինքներդ տեսեք: Ի՞նչ մշակույթի մասին կարող է խոսք լինել, երբ Արման Հովհաննիսյանը վաստակավոր արտիստ է, Արմեն Մարգարյանը` չէ: Արմեն Մարգարյանի անունն եմ տալիս, որովհետեւ ակադեմիական թատրոնում տարվա մեջ Արմենը զբաղված է խաղացանկային ներկայացումների մեծ մասի մեջ: Դա է՞ մշակույթը: Երբ կարդացի, որ Երեւանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, ինձ թվաց прикол են անում: Ես լավ առաջարկ ունեմ կառավարությանը. թող մշակույթի նախարարության փոխարեն շաուրմայանոց բացեն, գիտե՞ք` ոնց կաշխատի, էսօր մեր երկրում երկու բան ա փող բերում` հարսանիք երգելն ու շաուրմայանոց բացելը:

-         Պատմեք <<Սոված-ծարավ>> ներկայացման մասին: Ինչպե՞ս ծնվեց ներկայացումը, ինչպե՞ս սկսեցիք համագործակցել Հովհաննես Դավթյանի հետ: Ներկայացումը բավականին համարձակ ոճով էր գրված, ինչն էլ բավականին քննարկումների առիթ դարձավ:

-         Ներկայացումը գրել ենք Հովհաննես Դավթյանի հետ համատեղ: Ընդհանրապես, ցանկացած պարագայում հնարավոր է` հրաժարվեի նման աշխատանքից, որովհետեւ մեր երկրում մի դերասանի թատրոն հասկացությունը դեռ ամուր հիմքեր չունի: Բայց հաշվի առնելով այն, որ դերասանը Հովհաննես Դավթյանն է, առանց կես վայրկյան մտածելու համաձայնեցի: Նա ունի լուրջ կրթություն, ավելի քան 10 տարվա փորձ ակադեմիական թատրոնում: Ու էդ ամենից զատ, իմ երկար տարիների ընկերն է: Իսկ ինչ վերաբերում է համարձակ ոճին, դա թող հանդիսատեսն ասի:

-         Ինչպե՞ս են վերաբերվում թատերական քննադատները Ձեր ներկայացմանը:

-         Իրենց մուտքն ընդհանրապես արգելված է մեր ներկայացումներին (ծիծաղում է-հեղ.):

-         Կասե՞ք` ո՞րն է Ձեր աշխատանքներից ամենահարազատը Ձեզ համար:

-         Միանշանակ` <<Մահամերձը>>, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: <<Մահամերձն>> ինձ համար ոչ թե աշխատանք էր, այլ հրաշալի ժամանակահատված: Էլի եմ ասել, չեմ ուզում սենտիմենտալ թվամ, բայց <<Մահամերձի>> ամեն տառը ես ապրել եմ: Երբ <<Մահամերձը>> վերջացրի, սթրեսի մեջ էի, մի շատ կարեւոր բան պակասել էր կյանքիցս (ժպտում է-հեղ.):

 

Հարցազրույցը` Մանե Երիցյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее