Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր շենքի նիստերի լեփլեցուն դահլիճում այսօր տեղի ունեցավ ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի քառահատոր աշխատության III-IV հատորների՝ «Հայաստանի Հանրապետություն. Լոնդոնից Սեւր, փետրվար-օգոստոս, 1920» եւ «Հայաստանի Հանրապետություն. Սալի եւ մանգաղի միջեւ. Մասնատում եւ խորհրդայնացում» գրքերի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Այն կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտը եւ Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ): Հրավիրված էին պատմության եւ հայագիտության ոլորտի ճանաչված դեմքեր, երիտասարդ գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Որդիական խոնարհումով շնորհանդեսը բացեց եւ ներկաներին ողջունեց ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հակիրճ ներկայացրեց հռչակավոր պատմաբանի ավանդը հայագիտության զարգացման գործում՝ նշելով մասնավորապես քառահատոր աշխատության անանց նշանակությունը:
Երախտիքի խոսքով՝ ուղղված ինչպես շնորհանդեսի կազմակերպիչներին, այնպես էլ գրահրատարակիչներին ու թարգմանիչներին, հանդես եկավ Ռիչարդ Հովհաննիսյանը՝ վերհիշելով 30 տարվա վաղեմության իր հայաստանյան տպավորությունները եւ իր հանդեպ ՀՀ ԳԱԱ-ի բարյացակամ վերաբերմունքը:
Իր խոսքում ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն ընդգծեց, որ անաչառ, հիմնավոր սկզբունքների տեր գիտնականի ամենամեծ հայրենասիրությունը նրա կոթողային աշխատություններն են, որոնք Հայաստանի առաջին Հանրապետության 2-2,5 տարվա պատմությունը ճշմարտացիորեն, չափազանց ընկալելի շարադրմամբ փոխանցում են հայ եւ օտարերկրացի ընթերցողներին:
Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը՝ վերլուծելով «Հայաստանի Հանրապետություն» շարքի վերջին երկու հատորները, նկատեց, որ դրանց գլխավոր արժանիքներից մեկը ոճի գրավչությունն է: Նրա կարեւորմամբ՝ հատկանշական են նկարագրվող ժամանակաշրջանի՝ 1919-1920թթ. արտաքին քաղաքական իրադրության եւ ներքին կյանքի փոխկապակցված մատուցումը, ինչպես նաեւ մեր պետականության անընդհատականության սկզբունքի պահպանումը:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը ողջունեց Ռիչարդ Հովհաննիսյանի հիմնարար աշխատության ամբողջական լույսընծայումը: Վերջին զույգ հատորյակների բովանդակությունը նախորդների պես խարսխված է տարբեր երկրների պահոցներից քաղված փաստական նյութի եւ բարեխիղճ գիտական պրպտումների վրա: Հետեւաբար, նրա դիտարկմամբ, քառահատոր երկասիրությունը ուսանողների ու երիտասարդ պատմաբանների համար իսկական սեղանի գիրք է:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը հիմնային համարեց Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն» շարքի չորս հատորները, առանց որոնց հնարավոր չէ ուսումնասիրել պատմության այն շրջանները, որոնք ներառված են խնդրո առարկա ուսումնասիրություններում:
Ամփոփիչ խոսքում Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց առաջին Հանրապետության եւ մեր օրերի պատմության դասերից քաղված երկու կարեւոր արժեք, որոնց պետք է փայփայել աչքի լույսի պես՝ Հայրենիքի տարածք եւ պետականության որակ: