Բրոնզե մարդիկ
Երևանում կառուցելու ու քանդելու գաղտնի ռիթմը. Կարծիք
Երևանում արձանաշինության բում է: Թվում է, որ նորակառույց շենքերով ու թաղամասերով գերհագեցած մեր փոքր մայրաքաղաքը (հատկապես կենտրոնը) նոր կառույցների տեղ պարզապես չունի, բայց իշխանությունները համառորեն փորձում են իրենց կառուցածը դեկորացնել նաև հուշարձաններով:
Միաժամանակ հին շենքերի ոչնչացման բում է: Տրամաբանությունը հուշում է, որ Հռոմից էլ հին Երևանում պետք է աչքի լույսի պես պահպանվեն այն հատուկենտ շենքերը, որոնք կառուցվել են 18-րդ դարի վերջին ու 19-րդ դարի սկզբին: Կարմիր, սև ու վարդագույն տուֆից կառուցված այդ շենքերը սովորոբար մեկ կամ երկու հարկանի են, դրոշմված են մանրակրկիտ մշակված նախշերով ու ամենակարևորը՝ իրենց մեջ կրում են պատմությունը:
Բայց այդ փոքր շենքերը շատ թանկ քառակուսի մետրեր են զբաղեցնում, որոնց վրա կարող են վեր խոյանալ բազմաբնակարանային անդեմ հրեշներ ու շահույթ բերել կառուցապատողին: Փողը որոշիչ է, և իշխանությունները հեշտությամբ պատմական արժեքները ապամոնտաժելու թույլտվություն են տալիս:
Մի քանի անգամ քաղաքը փորձեց մշակութային արժեքի կարգավիճակ ունեցող իր հին շենքերը պաշտպանել: Ընդ որում՝ պաշտպանել աղմկով ու հաճույքով: Բան դուրս չեկավ, Երևանի երեսից ջնջվեցին, օրինակ, երկու գեղեցկուհիներ՝ Աֆրիկյանների սևազգեստ տունը և Արամի փողոցի վրա գտնվող կարմիր շենքը:
Ուշագրավ է, որ վերջինս ոչնչացվեց գիշերը, գաղտնի եղանակով, որպեսզի ոչ ոք չհասցնի ահազանգել ու շենքին տեր կանգնել: Կառուցապատող սեփականատերը ասաց, որ շենքը պայթեցրել է գիշերը՝ վախենալով հնարավոր բողոքից:
Երևանի իշխանությունները ջնջում են հին շենքերը նույն պարբերականությամբ, ինչ նոր արձաններ են տեղադրում: Երևի ուզում են, որ բետոնի ու քարի մեջ խեղդվող Երևանը զրկվի հուշերից ու միաժամանակ նոր սիմվոլներով զարդարվի:
Հետաքրքիրն այն է, որ այդ նոր սիմվոլները իրականում վաղուց պատմության գիրկն անցած ու փոշոտված նշաններ են՝ նույնքան հնաոճ գեղագիտությամբ: Հիմնականում պետական մակարդակով տեղադրվում են սոցռեալիստական ոճի մոնումենտալ արձաններ, որոնք մարմնավորում են ոչ միանշանակ վաստակ ունեցող սովետական մարդկանց:
Անցյալ տարի փորձ արվեց տեղադրել ԽՍՀՄ հայտնի քաղաքական գործիչ, «կարմիր տեռորի» մեջ թաթախված Անաստաս Միկոյանի արձանը: Այդ նախաձեռնությունը լուրջ հանրային դիմադրության արժանացավ, և իշխանություններն, ի վերջո, իրենց մտադրությունից հետ կանգնեցին: Եվ ինչպես ասում են՝ դա իրենց համար դաս եղավ:
Հաջորդ անգամ, երբ ցանկություն առաջացավ մեկ այլ հայազգի սովետական գործչին բրոնզի մեջ հավերժացնելու ցանկությունը, իշխանությունները դա արեցին առանց հանրային քննարկումների: Ավելի ճիշտ՝ գաղտնի:
Մի օր արթնացանք ու տեսանք, որ քաղաքի պուրակներից մեկում արդեն մոնտաժվել է ԽՍՀՄ մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը, ինչը դժգոհության առիթ դարձավ: Բաբաջանյանը հայտնի է ոչ միայն որպես նացիստական Գերմանիայի բանակին հարված հասցրած զորավար, այլև որպես Հունգարիայի ազատագրական ընդվզման ճնշող: Հունգարիան ուզում էր դուրս գալ Սովետի հսկողությունից, և Հայաստանը, որն իր անկախությունը ձեռք է բերել դուրս գալով Սովետի կազմից, հիմա արձան է տեղադրում ազատագրական պայքարի ճնշողին:
Պատմությունն, իհարկե, բոլոր ժամանակներում էլ խմբագրվում ու հարմարեցվում է ներկա պահին, բայց այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում, մեղմ ասած՝ տարօրինակ է:
Մի կողմից քաղաքի պատվանդաններին են հայտնվում սովետական անցյալը կրող անձինք, իսկ մյուս կողմից՝ շրջանառության մեջ է դրվում քաղքենիական էկլեկտիկան, ասենք՝ դուդուկով մարդիկ, թմբուկով մարդիկ, ծաղիկներով մարդիկ, խաչով մարդիկ:
Մի քանի տարի առաջ քաղաքի նստարաններին տեղադրվեցին պոետների ու հայտնի մարդկանց արձանները, որոնք միջին վիճակագրական մարդու հասակից ավելի ցածր էին ու շատ անորակ նյութից (գիպսից և կավից) էին պատրաստված: Փոքր ու փխրուն ֆորմաների մեջ խցկված մեծ մարդիկ չդիմացան փորձությանն ու արագ կոտրվեցին, փշրվեցին ու անհետացան:
Իսկ, ահա, բրոնզե հսկա հուշարաձանները չեն կորելու: Մանավանդ, որ կանգնեցված են բարձր պատվանդանների վրա: Երևի իշխանությունների կարծիքով՝ այդպես ավելի ապահով է ու վեհ: Ընդհանրապես, անդեմը միշտ ապահով է: Վտանգավորը առանց դիմակի դեմքն է:
Արդեն մի քանի տարի է դիմագիծ ունեցող շենքերն անհետանում են՝ փոխարինվելով անդեմ բարձրահարկներով: Իսկ հետո դրանց շրջակայքում բուսնում են անհասկանալի արձանախմբերը, բրոնզե կոմպոզիցիաներն ու... եկեղեցիները:
Այո, Երևանում նաև եկեղեցաշինության բում է: Եվ անհասկանալի է, թե ինչու հատկապես Երևանում, քանի որ Հայաստանի ողջ տարածքում դարավոր եկեղեցիներ կան, որոնք վերակառուցման, նորոգման ու խնամքի կարիք ունեն:
Տարակուսանք առաջացրեց նաև Գարեգին Նժդեհի արձանը, որի թե՛ արտաքին տեսքը, թե՛ ուղերձը հանրային վեճեր առիթ դարձան: Նժդեհը իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի սիմվոլն է, քանի որ հենց նրա մտքերի վրա էլ խարսխված է կուսակցության գաղափարախոսությունը:
Բրոնզե երկար թիկնոցով Նժդեհը, որը թիկունքից նման է միատարր ժայռանման բեկորի, առարկությունառաջացրեց նաև պաշտոնական Ռուսաստանում, որը Նժդեհին անվանեց «նացիստ»: Ինչից հետո իշխանությունները ստիպված եղան բացատրել ու արդարանալ, որ ազգային հերոս Նժդեհը իրոք մտահոգ էր ազգի համար:
Արձանները, որոնք հայտնվում են Երևանում, քաղաքի իշխանությունների մտահղացմամբ՝ պետք է ուղենիշներ լինեն, բայց ստացվում է, որ բոլոր արձանները թեժ դիսկուրս են առաջացնում հասարակության մեջ: Եվ շատ դեպքերում՝ դա աշխատում է հենց իշխանությունների դեմ:
Բայց քանի որ արդյունք չկա, այս ողջ իրականությունն ու ֆրագմենտացված քննադատությունը թևաթափ է անում: Քաղաքացիները չունեն հնարավորություն ազդելու իրենց քաղաքի արտաքին տեսքի վրա: Երևանը խեղդվում է դատարկ կաղապարների նման կառույցներով, որոնք հուշ չեն պարունակում ու գեղագիտության տեսակետից էլ թերի ու որոշ դեպքերում՝ գռեհիկ են:
Բավականին հուսահատեցնող է այս ամենը: Մանավանդ, երբ տեսնում ես, որ նորից բարձրահարկի համար փոս է փորվում, նորից մի գեղեցիկ շենք է վտանգվում ու նորից բրոնզ է ձուլվում:
Երևի եկեղեցիներն էլ շատանում են, որ կարողանանք ամեն քայլափոխի աղոթել՝ խնդրելով Բարձրյալին ազատագրել Երևանը անճաշակ առևտրա-գաղափարախոսական հրեշներից: