«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
Եթե ես ուսուցիչ կամ դասախոս լինեի, իմ սաներին մի բան կսովորեցնեի.
«Սիրելի աշակերտներ-ուսանողներ, երբեք չի կարելի քծնել մեծ ու փոքր պաշտոնյաներին, դա նրանց փչացնում է եւ դուք արդյունքում ստանում եք վատ իշխանություն»: Եթե ես քաղաքական գործիչ լինեի բոլոր հնարավոր առիթներով կկրկնեի. «Հարգելի ժողովուրդ, մի փչացրու քո իշխանությանը` մի քծնիր, մի շողոքորթիր, լայնաբերան մի ժպտա, մի գրկախառնվիր, հետը մի լուսանկարվիր...»: Որովհետեւ երբ դու որեւէ պաշտոնյայի ժպտում ես ու ողջագուրվում, նա դա շփոթում է անկեղծ սիրո ու համակրանքի հետ, նա կարծում է, թե համաձայն ես իր վարած քաղաքականության ու իր որդեգրած քաղաքական կուրսի հետ: Նա կարծում է, թե դու գոհ ես քո կյանքից եւ այդ ուրախ կյանքը հենց ինքն է քեզ պարգեւել: Այսօրվա պաշտոնյաներն այնքան հասուն եւ խելացի չեն, որ տարբերեն պարզ քաղաքավարությունը, հայկական ավանդական հյուրասիրությունը, պաշտոնյայից ակնկալիքները` անկեղծ սիրուց ու համակրանքից, իրենց քաղաքական հայացքները կիսելուց:
Իսկ եթե անգամ տարբերում են, ապա այդ տեսարաններն օգտագործում են իրենց փիառի եւ իշխանությունը պահելու, նաեւ` ընդդիմադիր զանգվածին ներշնչելու համար, թե` դուք փոքրամասնություն եք:
Եթե ես ընդդիմադիր քաղաքական գործիչ լինեի` կոչ կանեի մեր հանրությանը. Հարգելի ժողովուրդ, մի աշխատեք ջերմ ընդունելության արժանացնել ձեր մարզ, գյուղ այցելած վարչապետին` նրա «ոտքը կտրում է գետնից», նրան թվում է, թե ինքը ջերմորեն սիրված է ժողովրդի կողմից, թե ինքը ոչ մի սխալ բան չի արել այս 6 տարվա ընթացքում, երկիրն էլ հոյակապ վիճակում է:
Մի աշխատեք կեղծ բարեմաղթանքներ, դրական գնահատականներ շռայլել, մի թաքցրեք ձեր դժգոհությունը, մտահոգությունները: Մի վախեցեք ձեր թաղի ոստիկանից, համայնքապետից, գողականից` քննադատեք, խոսեք երկրի վիճակի, ձեր մարզի-գյուղի խնդիրների մասին: Ցանկացած պաշտոնյա, այդ թվում` վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, ձեր վճարած հարկերից է վարձատրվում եւ ձեր համայնքում իրականացվող ծրագրերն էլ ֆինանսավորվում են պետբյուջեից, այլ ոչ թե նրա անձնական գրպանից` պետք չէ դրա համար երախտագիտության զգացում ունենալ: