«Էս տեղի համար ով ա 100 դրամ տալիս, գնա, էլ էստեղ չկանգնես»: Այսօր Երևանում շատ են հնչում նմանատիպ արտահայտություններ, որոնց հեղինակները կայանատեղերի աշխատակիցներն են՝ հենց իրենք «ստայանչիկները»: Այս «մասնագիտությունը» Հայաստանում օրեցօր մեծ պահանջարկ է ստանում, քանի որ աճում է ավտոկանգառների համար գումար գանձելու պրակտիկան: Ովքե՞ր են «ստայանչիկները», արդյոք նրանք օրենքի շրջանակներու՞մ են գործում և ի՞նչ կլինի, եթե, օրինակ, Երևանի Արամի փողոցում կանգառած ավտոմեքենայի վարորդը մեքենան տարածքից հեռացնելուց հետո նրանց գումար չվճարի:
ASEKOSE.am-ի թղթակցի բարձրացրած այս հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) տեղեկացրին, որ ավտոկայանատեղերի համար տեղական տուրքի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով և ոչ թե` կանգառի հսկիչ-վարորդի «բանակցություններով»: Խոսքը «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի մասին է: Դրանում, մասնավորապես, ասվում է, որ ավտոկայանատեղի տուրքը գանձվում է ՀՀ դրամով: Տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ.
2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ.
3) մեկ շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ.
4) մեկ ամսվա համար` մինչև 25000 դրամ ներառյալ.
5) մեկ տարվա համար` մինչև 100000 դրամ ներառյալ:
Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված տուրքի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:
Օրենքում նաև նշվում է, որ ավտոկայանատեղում պետք է փակցված լինի համապատասխան ցուցանակ` վճարովի ավտոկայանատեղի, դրա տարածքի, ավտոկայանատեղի համար տուրքի վճարման պարտականության չափի, պայմանների և պատասխանատվության մասին հայերեն պարզ և ընթեռնելի նշումներով, ինչպես նաև` ավտոկայանատեղ կազմակերպող մարմնի հայեցողությամբ` այլ տեղեկատվությամբ: Ընդ որում` ցուցանակը կարող է ներառել նաև օտար լեզուներով տեղեկատվություն: Մինչդեռ Երևանում այս օրենքի այս կետին շատ քիչ ավտոկայանատեղերի ներկայացուցիչներ են հետևում: Մեր թղթակիցը որոնումների արդյունքում Երևանում վերջապես գտավ մի ավտոկայանատեղ, որտեղ օրենքի պահանջին համապատասխան ցուցանակ է տեղադրված:
ք. Երևան, «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոն
Չնայած օրենքի առկայությանը` կան վարորդներ, որոնք կայանելու համար գումար չեն վճարում, օրինակ՝ Հայաստանում վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ-ի տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանը, ով չվճարելով հանդերձ՝ երբևէ որևէ խնդրի չի բախվել: Ըստ նրա՝ ավտոկայանատեղերում գումար վերցնելը, ամեն դեպքում, անօրինական է: «Ընդունվել է օրենք կայանատեղերի տուրքերի վճարների մասին, սակայն որքանով որ մենք տեղյակ ենք` մինչև հիմա կառավարությունը այդ մասին որոշում չի ընդունել, քանի որ օրենքում նշվում է, որ այդ հարցերը կարգավորվում են կառավարության որոշմամբ»,- բացատրեց Է. Հովհաննիսյանը:
Փաստորեն, հակասություն է առաջանում, ինչն էլ վարորդներին շփոթության մեջ է գցում: Այնուամենայնիվ, Է. Հովհաննիսյանի նշած որոշումը, որը վերաբերում է կառավարությանը, ընդունվել է. խնդիրը կարգեր սահմանելու մեջ է: Բանն այն է, որ վերոհիշյալ օրենքը ընդունվել է ավելի վաղ, այն կառավարության որոշումից կախված չէ: Բայց կարող է առաջանալ հետևյալ խնդիրը՝ օրենքում կարող է գրված լինի, որ այս կամ այն կարգը սահմանում է կառավարությունը, ու հնարավոր է կառավարությունը այդ կարգերը դեռ չի սահմանել, այստեղից հետևություն՝ օրենքը չի կարող լիարժեք գործել: Կոնկրետ մեր բարձրացրած խնդրին վերաբերող օրենքում՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքում նշվում է, որ որոշ կարգեր պետք է կառավարությունը որոշի, իսկ կառավարությունը, պարզվում է, որոշել է դրանք.
- http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=78717
- http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=78715
- http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=80366
- http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=81416
Այսպիսով, ստացվում է, որ ավտոկայանատեղերի համար գումարների գանձումը Հայաստանում օրինական է, բայց… Բայց ոչ բոլորն են հետևում օրենքին, օրինակ՝ չեն տեղադրում համապատասխան տեղեկատվական ցուցանակներ: Հետևաբար, եթե ավտոկայանատեղերը չեն համապատասխանում օրենքում նշված կարգերին, ապա վարորդը կարող է գումար չվճարել, իսկ եթե համապատասխանում են՝ վարորդը պարտավոր է այդ գումարը վճարել, այլապես՝ կարող է ենթարկվել համապատասխան պատասխանատավության կամ տուգանվի:
Խոսելով այս խնդրի մասին, ըստ Է. Հովհաննիսյանի, պետք է նշել, որ հիմա Երևանում առկա որոշ կայանատեղերի հսկիչներ օրենքի ակնառու խախտում են կատարում: «Անգամ տեղեր կան, որտեղ պահանջում են վարորդից, որ ուղղահայաց կանգնի մայթին, ինչը թույլատրելի չէ: Ստացվում է, որ վարորդը օրենք է խախտում, իսկ դա ֆիքսում են քաղաքում տեղադրված տեսախցիկներն ու արձանագրում որպես խախտում: Արդյունքում՝ վարորդը տուգանվում է: Այսինքն՝ բավական չէ, որ գումար է տալիս հսկիչին, մի հատ էլ տուգանք է վճարում»,- բացատրեց Է. Հովհաննիսյանը:
Մի կողմ դնելով ավատոկանգառների համար գումար վճարելու օրինական և անօրինական լինելու խնդիրը` «Աքիլեսի» տնօրենն անդրադարձավ նաև այս խնդրի բարոյական կողմին: Արդյոք արդարացի՞ է դրսում որոշ ժամանակով կայանելու համար գումար վճարել ինչ-որ մեկին, կամ անհրաժեշտությու՞ն է դա, թե՞ ոչ: «Երևի դա ինչ-որ բանով արդարացվում է: Գուցե և մի կողմից ճիշտ է, որ երբ մեքենան կանգնեցնում ես մի տեղ, վստահ ես լինում, որ ինչ-որ մեկն այն հսկում է, մեքենայի ապահովության համար է դա արվում, և այդ ապահովման համար պետք է ինչ-որ մեկին վարձահատույց լինես, բայց այդ ամենը պետք է կարգավորվի: Հսկիչը պետք է լինի պատասխանատվություն կրող և գիտակցող մարդ»,- եզարափակեց Է. Հովհաննիսյանը:
Ի դեպ, ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունից փորձեցինք պարզել՝ արդյոք «ստայանչիկ» բառն ունի՞ հայերեն թարգմանություն և պարզեցինք, որ որպես այդպիսին մեկ բառով չի թարգմանվում, այլ թարգմանվում է «ավտոկանգառի հսկիչ», «ավտոկանգառի պահակ» և այլն:
Հեղինակ՝ Սեդա Հերգնյան