▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ մենք չենք զբաղվում մեզանով, դրանով սկսում են զբաղվել ուրիշները

Երբ մենք չենք զբաղվում մեզանով, դրանով սկսում են զբաղվել ուրիշները։ Երբ օտարները նկատում են, որ մենք իմիջայլոց ենք վերաբերվում մեր ազգային ավանդություններին, ուրիշներ են սկսում մեզ իրենց արժեհամակարգը թելադրել։ Ահա այստեղից էլ սկսվում են ազգերի ազգային դեմքի ձևափոխումն ու այլանդակումը։ Ահա նմանատիպ երևույթի ենք հանդիպում, երբ դիվանագետները թողած իրենց պարտականությունները, գործը, սկսում են մեր ազգի վերադաստիարակությամբ զբաղվել և այդ գործին տալով խոսքի, խղճի, սեքսի, կրոնի, ավանդության ազատություն անունը, որոնց արդյունքը, իբրև թե, ժողովրդավարությունն է…։ Եվ ահա մամուլից տեղեկանում ենք.

,,Ջոն Հեֆերնը անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը խղճի ազատության հարցում մի կողմ թողնի ավանդույթների պահպանումը,,
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը համարում է, որ չնայած Հայաստանը ավանդույթներով հարուստ երկիր է, բայց խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների իրավունքների հարցում անհրաժեշտ է, որ իր ավանդույթների պահպանումը մի կողմ թողնի: Այս մասին դեսպանն ասաց այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում կայացած «Եկեղեցի-Պետություն փոխհարաբերությունների մոդելները. Ժամանակակից միտումները» միջազգային գիտաժողովի ժամանակ( ի դեպ նշեմ, որ այս ,,գիտաժողովին,, հրավիրված չի եղել Հայ Առաքելական Մայր եկեղեցին): «Ավանդույթների պահպանումը կարևոր է, բայց ոչ բավարար: Հասարակության բոլոր հատվածների ներկայացուցիչները ապագայի տեսլական պետք է ունենան, որը կպահպանի բազմակարծություն, դավանություն, խղճի ազատություն»,- ասաց նա:

Գիտաժողովին ներկա «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանն էլ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում և Սահմանադրության մեջ հակասություններ է տեսնում: Անդրադառնալով այդ անհամապատասխանություններին Ստեփան Դանիելյանը ասաց. «2005-ին ՀՀ Սահմանադրությունում կատարվեցին փոփոխություններ, իսկ օրենքը ընդունվել է դեռևս Խորհրդային Միության ժամանակաշրջանում: Կան շատ հստակ կետեր, որոնք չեն համապատասխանում: Սահմանադրության մեջ նշված է, որ խղճի ազատությունը տարածվում է բոլորի վրա՝ անկախ քաղաքացիությունից, իսկ օրենքում ասվում է, որ այն տարածվում է միայն ՀՀ քաղաքացիների վրա»: Դանիելյանը հավելեց նաև, որ կան նաև այլ անհամապատասխանություններ, սակայն դրանց մասին խոստացավ խոսել մեկ այլ առիթով:

Անդրադառնալով գիտաժողովին նա նշեց, որ դրա նպատակն է քննարկել եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների մոդելն ու ժամանակակից զարգացումները:
«Հրավիրել ենք հայտնի գիտնականներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Արդեն մոտ 10 տարի է օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը, և դա շարունակվում է: Պատճառն այն է, որ պետությունը չի կարողանում մշակել համապատասխան քաղաքականություն և չի կարող դա արտահայտել օրենքների միջոցով: Ժամանակն է, որ այդ հարցին մոտենանք լուրջ, գիտականորեն: Կոնֆերանսի նպատակներից մեկն այն է, որ հասարակությունն ավելի լուրջ մոտենա հարցին»,- ասաց նա: Ստեփան Դանիելյանը նաև նշեց, որ օրենքը փոփոխելու երեք նախագիծ արդեն գոյություն ունի:

Կալիֆոռնիայի Ռիվերսայդ համալսարանի պրոֆեսոր Այվն Ստերենսկին անդրադառնալով պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին, նշեց, որ դրանք կարծես մարմնի երկու ձեռքեր լինեն, որտեղ աջ ձեռքը՝ իշխանությունը, ավելի մեծ գործառույթներ ունի, սակայն ձախն էլ է մարմնին անհրաժեշտ:
«Պետությունն ու եկեղեցին պետք է միմյանց լրացնեն: Եկեղեցին չպետք է իրեն ճնշված համարի, ոչ էլ երկրորդական համարի, դրանք երկուսը անհրաժեշտ է մարմնի ամբողջական աշխատանքի համար: Եկեղեցու դերը հրապարակում է, բայց ոչ իշխանության գլխին»,- ասաց նա:

Բրիգհեմ Յանգ համալսարանի քաղաքագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Դեյվիդ Կիրխամը նշեց, որ եկեղեցու և պետության միջև հարաբերությունները մեր օրերում տարբեր դրսևորումներ ունեն՝ կախված տվյալ պետության առանձնահատկություններից:

«Հարաբերությունների ընդհանուր մոդել գոյություն չունի: Այդ խնդիրը յուրաքանչյուր երկիր պետք է ուրույն կերպով լուծի»,- ասաց նա:

Նշենք, որ գիտաժողովին հրավիրված են մասնագետներ ԱՄՆ-ից և Ռուսաստանից: Այն աշխատանքները կշարունակի նաև վաղը:

Ուշադրություն դարձրեք նրանց հայտնած մտքերը, որը մեզ համար ապազգայնություն է նշանակում։

Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի գրառումը  

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее