▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երաժիշտներ առանց սահմանների. ինչպես է «Unison Duet»-ը դրամահավաք-համերգներ իրականացնում սահմանամերձ գյուղերի համար

 

«Եթե կան բժիշկներ առանց սահմանների, ապա պետք է  լինեն նաև երաժիշտներ առանց սահմանների»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց դաշնակահարուհի Շուշաննա Հակոբյանը, ով իր գործընկերոջ՝ Ռուբեն Աղիյանի հետ ստեղծեց «Unison Duet»-ը: Հիմքում երաժշտությունն է և երաժշտության միջոցով մարդկանց համար բարի գործեր կատարելն է:

 

Ամերիկահայ երաժիշտները 2016-ից մեկնարկել են համերգ-դրամահավաքներ, որոնց շնորհիվ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի երաժշտական դպրոցը ստացել է պրոֆեսիոնալ գործիքներ, գրականություն, աուդիոսարքավորումներ։

Ի ուրախություն երաժիշտների՝ տվյալ դպրոցների սաներն արդեն իսկ հաջողություններ են գրանցել՝  մասնակցելով հանրապետական և միջազգային մրցույթներին:

«Մենք դասական երաժիշտներ ենք և ունենք մշակած մեթոդիկա, որը կիրառում ենք Լոս Անջելեսում և մեծ հաջողություններ գրանցում: Հատուկ գրքեր ենք հրատարակել, որոնց շնորհիվ խմբերին հետաքրքիր ձևով ուսուցանվում է այդ երաժշտական գիտելիքները»,-ասաց Ռուբեն Աղիյանը:

«Unison Duet»-ի երաժիշների հերթական դրամահավաք-համերգը տեղի է ունենալու օգոստոսի 4-ին՝ ժամը 19։00-ին, Երևանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, ստացված ողջ հասույթը կուղղվի Տավուշի Ազատամուտ և Լուսաձոր գյուղերի երաժշտական կյանքի զարգացմանը։

«Գումարն ուղղելու ենք գործիքներ գնելուն, ուսուցիչների աշխատավարձերին, բացվելու են քանոնի և ջութակի նոր դասարաններ: Շատ ուրախ ենք, որ սա Լուսաձորում նախադեպը չունեցող առաջին երաժշտական կենտրոնն է լինելու: Ընդհանուր առմամբ, մենք ընտրել ենք սահմանամերձ գյուղերը, որովհետև, ինչպես ասում է գործընկերս՝ Ռուբենը, երբ նայում ենք Հայաստանի քարտեզին, ևս մեկ անգամ հասկանում ենք, որ պետք է բոլոր սահմանների ոգին ամուր պահենք՝ կրթօջախներ բացվելով կամ եղածները զարգացնելով, իսկ այս ամենի շնորհիվ մենք ցանկանում ենք, որ սահմանները զարթոնք ապրեն: Ի վերջո, մենք այն ազգն ենք, որ գնում էինք պատերազմի և քոչարի պարում: Գաղտնիք չէ նաև, որ սահմանամերձ շրջաններում շատ են կենցաղային խնդիրները, իսկ մենք չենք ցանկանում, որ այդ երեխաները զրկված լինեն արվեստին մոտ լինելու հնարավարությունից»,-ասաց Շուշաննա Հակոբյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Unison Duet»-ի անդամները նշեցին, որ օգոստոսի 4-ին իրենց միացել են նաև Հայաստանից դուրս բնակվող շատ անվանի հայ երաժիշտներ, ինչի առիթով իրենք շատ շնորհակալ են, քանի որ տվյալ երաժիշտների զբաղվածությունը մեծ է, և նրանք առաջին հերթին նվիրում են նաև իրենց ժամանակը:

«Մեզ միացել են անվանի երգիչներ Իրինա Զաքյանը, Հովհաննես Այվազյանը, Վագո Օհանյանը, Արսեն Սողոմոնյանը, Տիգրան Օհանյանը, Լևոն Առաքելյանը, Ռուզաննա Թովմասյանը և այլք։ Հավելեմ, որ մինչ այդ նույն նպատակով համերգով էինք ներակայացել Մոսկվայում: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այնտեղ հրաշալի աշխատեցին ՀՀ դեսպանատան՝ մշակութային հարցերով զբաղվող թիմը, որը գլխավորում է Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի տնօրեն Վլադիմիր Գաբեն: Մենք իսկապես շատ շնորհակալ ենք բոլորին, հրաշալի ընկերներ ենք ձեռք բերել, ովքեր միանում են մեր նախագծին, նպաստում արվեստի տարածմանը և հայապահպանությանը»,-նշեց Շուշաննա Հակոբյանը:

Զրույցն ամփոփելիս Շուշաննա Հակոբյանը հավելեց, որ նախորդ տարի իրենք համատեղ ձայնասկավառակ էին թողարկել, որի շնորհանդեսն էլ իրականացրել էին հենց դրամահավաք-համերգի ժամանակ, այս շրջանում աշխատում ենք մեկ այլ մեծ նախագծի վրա:

«Օպերա է, հուսանք, որ հաջորդ տարի կկարողանանք իրականացնել դրա պրեմիերան Հայաստանում, իսկ մինչ այդ կաշխատենք մեր դրամահավաք-համերգների վրա, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները»,-ընդգծեց Շուշաննա Հակոբյանը:

Հեղինակ՝ Լ.Հ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее