Եվ այսպես` երեկ արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ ռուսները մեզ հերթական անգամ «քցել են»` հետ կանգնելով անցած տարի Վլ. Պուտինի այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունից` «Նաիրիտ» քիմիական գործարանը գնելու եւ այնտեղ հսկայածավալ ներդրումներ անելու ուղղությամբ: Երեկ ՀՀ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը «Նաիրիտ»-ի գործարկման հնարավորություններին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը, որն էլ կանխավ շրջանառվող խոսակցությունների համաձայն, պիտի որ գներ «Նաիրիտ»-ը, սահմանված ժամկետներում որեւէ առաջարկ չի ներկայացրել: Ավելին, ըստ Զախարյանի` «Ռոսնեֆտ»-ն արդեն մեկ ամիս է` այս հարցի շուրջ Հայաստանի էներգետիկայի նախարարությանը պատասխան չի տալիս: Զախարյանը նշել է, որ «Ռոսնեֆտ»-ի հետ վերջին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օգոստոսին, որը, սակայն, այդպես էլ մնացել է օդում կախված:
Թե որն է «Ռոսնեֆտ»-ի` հայկական կողմի հետ տեւական ժամանակ բանակցված առաջարկից հետ կանգնելու իրական պատճառը` հայտնի չէ: Համենայն դեպս` առայժմ այդ մասին որեւէ պաշտոնական պարզաբանում ներկայացված չէ: Որպես հավանական տարբերակ կարող է մատնանշվել այն, որ ռուսական խոշորագույն նավթային ընկերությունը հայտնվել է Արեւմուտքի պատժամիջոցների տակ ընկած ընկերությունների թվում, ինչը լուրջ խնդիրներ է հարուցել ընկերության համար: Սակայն այս պարզաբանումն էլ ոլորտի գիտակների համար հիմնավոր չի թվում, քանզի հենց վերը նշված պատժամիջոցների պարագայում հայկական կաուչուկի արտադրության զարգացումն ու ռուսական շուկա արտահանումը պետք է որ է՛լ ավելի գայթակղիչ թվար ներդրող ընկերության համար, չէ՞ որ առաջիկայում ռուսական շուկայում շեշտակիորեն մեծանալու է կաուչուկի պահանջարկը:
Ամեն դեպքում` այլեւս ոչինչ չի խանգարում, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դարձյալ բարձրացնի «Նաիրիտ»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նախորդ տարի, ինչպես հիշում ենք, խորհրդարանական մեծամասնությունն այս նախաձեռնությունը տորպեդահարեց` պատճառաբանելով, թե նման հանձնաժողովի գործունեությունը կարող է հիասթափեցնել պոտենցիալ ներդրողին եւ հանգեցնել բանակցությունների վիժեցմանը: Ինչպես տեսանք, ռուսներն առանց այդ էլ փոշմանեցին, արդյունքում` «Նաիրիտ»-ի 107 միլիոնանոց պարտքը եւս մի քանի տասնյակ հազար դոլարով մեծացավ, իսկ գործարանը թալանած նախկին պաշտոնյաներն էլ` ավելի տաքուկ ու անվտանգ տեղեր գտան:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում