Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:
Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնը նշում է կիրակի, և քանի որ ըստ Եկեղեցական կարգի երեկոյան ժամերգությունից կամ Ս. հետո սկսվում է նոր օր, Ս. Հարության ավետիսը տալիս ենք շաբաթ երեկոյան:
Ըստ եկեղեցական տոնացույցի տարվա ընթացքում երկու անգամ է մատուցվում Ճրագալույցի Ս. Պատարագ՝ Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախօրյակին: Հենց այս երկու օրերին էլ Ս. Պատարագից հետո եկեղեցուց վառած ճրագներ են տանում տուն՝ որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Կիրակի առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, որին պատասխանում են՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Ս. Հարության տոնի խորհուրդը
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:
Առաջինը Հին Կտակարանի այն դրվագն է, երբ հրեաները, Աստծո խնամածությամբ և Մովսեսի առաջնորդությամբ անցնելով Կարմիր ծովը, փրկվեցին եգիպտական գերությունից: Եգիպտական գերությունից ձերբազատվելը խորհրդանշում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը:
Երկրորդը Քրիստոսի Հարությունն է: Աստծո Որդին՝ իբրև Գառն Աստծո, Իր արյունը թափեց մեղավոր մարդկության համար, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, որպեսզի բոլոր Իրեն հավատացողներին սրբելով մեղքերից՝ արժանի դարձնի հավիտենական կյանքին:
Եգիպտոսից Իսրայելի դուրս գալը խորհրդանշում է մարմնավոր գերությունից ազատվելը, իսկ այժմ Քրիստոսի Հարության զորությամբ մարդկությունը` Նոր Իսրայելը, փրկվում է մեղքի և մահվան տիրակալությունից` խավարից դառնալով դեպի աստվածային լույսը, հավատն ու հավիտենական կյանքը:
Այսպիսով՝ Հին Կտակարանի զատկական գառը օրինակն է Հիսուս Քրիստոսի:
«Ահա Գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1. 29): Հովհաննես Մկրտչի այս մարգարեությունը, թե Հիսուս պիտի քանդեր մեղքի կապանքները, կանխատեսում էր դժոխքի ու մահվան պարտությունը:
Զատկական կարմիր ձու
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Ձուն ներկում են բացառապես Ս. Հարության տոնի առթիվ՝ շաբաթ երեկոյան և կիրակի: Այն Ս. Հարության տոնի խորհրդանիշն է:
Ձու պետք է ներկեն նաև այն ընտանիքները, որտեղ ննջեցյալ կա: Մարդիկ հաճախ կարմիր ձուն ուրախության հետ են կապում, իրականում կարմիր գույնը խորհրդանշում է Քրստոսի թափած արյունը, որը նաև այն մարդու համար է, ով արդեն ննջել է: Եվ Զատկին ձուն որպես սգի նշան առանց ներկելու մատուցելը վայել չէ Քրիստոնյային, քանի որ մենք հավատում ենք, որ Դատաստանի օրը բոլոր ննջեցյալները հարություն են առնելու և նրանք, ովքեր արժանացել են Քրիստոսի թափած արյունով փրկվելուն, Աստծո Արքայությունում պիտի դասվեն:
Առավել մանրամասն` qahana.am կայքում