Hayzinvor.am-ը գրում է.
Թռիչքային քարտեզներ, օդաչուի անձնական նոթատետր. օտարերկրյա ռազմական կցորդները, ինչպես նաեւ լրագրողները պաշտպանության նախարարությունում ծանոթանում են ադրբեջանական խոցված ուղղաթիռից առգրավված թռիչքային փաստաթղթերին, որոնք վկայում են` 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել: Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված և՛ երթուղին, և՛ թիրախները ապացուցում են` անձնակազմի խնդիրն էր հարվածներ հասցնել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա: Թռիչքային քարտեզի համաձայն՝ մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր ցատկահրապարակ: Լյալյա-Իլյագի բարձունքի շրջանում ցանցի միջոցով ցուցադրված է ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:
«Տեսնես՝ ո՞վ է խոցված ուղղաթիռից հանել փաստաթղթերը»,- մտածում էի մինչ առաջնագիծ գալս: Եվ ահա տեղում ծանոթանում եմ «փաստաթղթերի փրկիչի»` կրտսեր սերժանտ Վահան Ստեփանյանի հետ: Պինդ ու ժպտերես զինվոր է: Մինչ ծառայությունը վոլեյբոլ է խաղացել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի պատանիների հավաքականում: «Գնդակը ձեռքս երկարացնել սովորեցրեց»,- կատակում է:
Երբ սկսում է պատմել, դեմքը լարվում է. «Ուղղաթիռն ընկավ: Վազեցի այդ դիրք. ես հենակետի ավագն եմ: Միանգամից մոտեցա այրվող ուղղաթիռին: Փաստաթղթեր էի փնտրում: Հակառակորդի զոհված զինծառայողի ձեռքի տակ սեւ գույնի, քառակուսաձեւ թղթապանակ նկատեցի: Կրակը մոտենում էր: Անմիջապես դուրս հանեցի: Հակառակորդի հրետանին այդ ընթացքում անընդհատ աշխատում էր: Վազեցի դեպի գետնատնակ, որ գոնե տեղ հասցնեմ թղթապանակը: Արդեն գետնատնակում բացեցի, որպեսզի համոզվեմ` պետքական բան եմ փրկել: Նշումներով քարտեզներ էին, թղթեր, գունավոր մատիտներ…»:
Ուզում եմ հարցնել զինվորին, թե՝ ինչպես գլխի ընկավ, որ ուղղաթիռում նման փաստաթղթեր կլինեն, թե որտեղի՞ց այդչափ ինքնուրույնություն ու հաստատակամություն:
«Հետո նորից գնացի դեպի ուղղաթիռը,- շարունակում է Վահանը: Մտածեցի` գուցե մի բան էլ գտնեմ: Կրակն ուղղաթիռի նախկին տեսքից գրեթե բան չէր թողել: Այն կողաշրջվել էր եւ, ուր որ է, վերջնականապես կմոխրանար: Դուռը քիչ թե շատ անվնաս էր: Ձեռքս խրեցի դռան գրպանը եւ հանեցի անձնական նոթատետրը: Ժամեր անց «ավարը» հանձնեցի դիրք եկած գումարտակի հրամանատարի տեղակալին` կապիտան Մուրադյանին»: Վահանը դեռ չի պարգեւատրվել:
Երբ նրան ասում եմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարծես թե նմանօրինակ արարքի համար զինվորը հերոսի կոչման է արժանացել, ծիծաղում է. «Ինձնից ի՞նչ հերոս…»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Կրտսեր սերժանտը, ով այրվող ադրբեջանական ուղղաթիռից դուրս բերեց կարևոր փաստաթղթերը