Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի կարևորության, այդ համատեքստում վերջինիս և Թուրքիայի հետ հարաբերությունների սրման և այլ հարցերի շուրջ Asekose.am-ը զրուցել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի միջազգային իրավունքի մագիստրոս, նույն համալսարանի գիտաշխատող Սուրեն Սարգսյանի հետ:
-Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի հետ կապված մեծ իրարանցում է, այն արդեն անվանում են պատմական: Ըստ Ձեզ ամենառաջնայինը` թե մեր, թե՛ միջազգային հանրության հետ կապված ի՞նչն է լինելու:
-Պապի այցը Հայաստան մի քանի կարևոր բաղկացուցիչ ունի։ Նախ, սա տարածաշրջանային այց չէ, ինչպես սովորաբար լինում է նման բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում։ Այսինքն` Պապը չի մեկնելու Վրաստան և Ադրբեջան, այլ այցելելու է բացառապես Հայաստան։
Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Պապը Հայաստան է այցելում, ինչպես ինքն է այցին նախորդող ուղերձում նշում, եղբայրական այցով՝ որպես ուխտավոր. այսինքն` Պապն ի լուր համայն աշխարհի քրիստոնյաների ասում է, որ այցելում է առաջին քրիստոնեական երկիր՝ ուխտագնացության։
Պետք է հաշվի առնել նաև, որ Պապը Հայաստան է ժամանում ոչ միայն իբրև հոգևոր առաջնորդ, այլ նաև՝ իբրև պետության՝ Վատիկանի գլուխ։ Հենց դա է պատճառը, որ օդակայանում Պապին պաշտոնապես դիմավորելու են հայոց հոգևոր և աշխարհիկ առաջնորդներն՝ ի դեմս կաթողիկոսի և նախագահի։
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ֆրանցիսկոս Պապը համարվում է կաթոլիկ աշխարհի առավել սիրելի առաջնորդ, և վերջինիս գահակալության օրոք Վատիկանի դիրքերն բավականին ամրապնդվել են հավատացյալ կաթոլիկ ժողովրդի շրջանում և ընդհանրապես՝ քրիստոնեական աշխարհում։ Պապը ոչ միայն որպես հոգևոր, այլ նաև որպես աշխարհիկ գործիչ է ընկալվում, և բավական է հիշել նրա անուրանալի դերակատարումը ԱՄՆ-Կուբա հարաբերությունների կարգավորման գործում։ Կարծում եմ նման միջազգային հեղինակություն վայելող անձի այցը Հայաստան չափազանց կարևոր նշանակություն կունենա Հայաստան-կաթոլիկ աշխարհ հարաբերությունների և Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման համար։
-Նախորդ տարի Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագը, ինչպես նաև Հռոմի պապի կողմից` 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը հրապարակայնորեն 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելը պատմական իրադարձությունն էր… Արդյո՞ք այս այցն իր կարևորությամբ ավելի մեծ կարող է լինել հայերի համար:
-Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված սուրբ պատարագը, որով ոգեկոչվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, բացառիկ քայլ էր Ցեղասպանության միջազգային ճանաչման և արդարության վերականգնման տեսանկյունից։ Սուրբ Պետրոսի տաճարում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագը մեր ազգի ամենածանր էջի նկատմամբ Պապի խոր հարգանքի տուրքն էր։ Պապի այցը Հայաստան, մեր ազգի ամենապայծառ էջի՝ առաջին քրիստոնյա երկիրը լինելու հանգամանքի նկատմամբ է Պապի խոր հարգանքի տուրքը։ Այս առումով Պապի այցը, ինչպես նաև Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագն իրենց կարևորությամբ և նշանակությամբ անուրանալի և բացառիկ երևույթներ են։
-Միջազգային մամուլը, անդրադառնալով Հռոմի պապի հայաստանյան այցին, նշել է, որ այդ փաստը լարվածություն կառաջացնի ու վատ կանդրադառնա Հռոմի ու Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների վրա: Այցը կրկին լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջև, ինչպես եղել էր նախորդ տարի: Ձեր կանխատեսումները…
-Կարծում եմ Ձեր նախանշած միջազգային մամուլը թուրքական և ադրբեջանական մամուլն է։ Կարծում եմ, որ Թուրքիայի նախագահի ոչ ադեկվատ արտահայտությունները Պապի անձի հասցեին, Թուրքիայի կողմից Վատիկանից դեսպանին հետ կանչելն ու թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններն այնքան լարվածություն են առաջացրել Վատիկանի և Թուրքիայի միջև, որ առավել մեծ լարվածություն արդեն հնարավոր չէ պատկերացնել։
-Եթե փորձենք դիտարկել Հռոմի պապի այցի կարևորությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող լարվածության տեսանկյունից, ապա այցն այդ առումով ինչ-որ նպատակ կարո՞ղ է ունենալ:
-Չեմ կարծում, որ այցն ինչ-որ ազդեցություն ունենա ԼՂ հարցի շուրջ ընթացող որևէ գործընթացի վրա։ Սակայն չեմ բացառում ադրբեջանական կողմի հնարավոր՝ ոչ ադեկվատ պահվածքը սահմանի ողջ երկայնքով Պապի՝ Հայաստանում գտնվելու օրերին,
-Ըստ շրջանառվող խոսակցությունների` եղել է ներքին պայմանավորվածություն, որի արդյունքում Ադրբեջանին «Ֆորմուլա 1»-ն իրենց մոտ անցկացնելու հնարավորություն է տրվել, ինչի դիմաց էլ մենք հյուրընկալում ենք Հռոմի պապին: Այս լուրերը որքանո՞վ իրատեսական կարող են լինել:
-Կարծում եմ՝ նման լուրն իրականության հետ որևէ աղերս չունի։ Պապի այցը Հայաստան վաղուց պլանավորված է եղել, և այդ ուղղությամբ հետևողականորեն աշխատել են Մայր Աթոռն ու դիվանագիտական կառույցները։ Իսկ Ադրբեջանը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել Ֆորմուլա 1-ի համար, քանի որ եվրոպական ոչ մի երկիր ճգնաժամի պայմաններում այս թանկարժեք նախագծի համար փող չցանկացավ քամուն տալ։
-Հռոմի պապ Ֆրանցիսկոցի դեպի Հայաստան ճանապարհորդության կարգախոսը հետյալն է` «այց առաջին քրիստոնյա երկիր»: Գաղտնիք չէ, որ մենք` հայերս, սիրում ենք այդ շեշտադրումը կատարել, ի՞նչ եք կարծում զուտ երկրի իմիջի ձևավորման տեսանկյունից այցը կարո՞ղ է մեծ հեռանկարներ ստեղծել Հայաստանի համար:
-Եթե նույնիսկ սիրում ենք անել այս շեշտադրումը, ապա՝ միայն ելնելով պատմական ճշմարտությունից։ Ինչ վերաբերում է դրանից որևէ օգուտ քաղելուն, ապա կարծում եմ, որ սա հստակ ուղերձ է աշխարհի 1.2 միլիարդ Կաթոլիկ եկեղեցու հետևորդներին այցելելու առաջին քրիստոնեական երկիր՝ իբրև ուխտագնաց։ Այս առումով վստահ եմ՝ Պապի այցն անհետևանք չի մնա։ Չմոռանանք նաև, որ Պապի այցին հետևելու են հազարավոր ԶԼՄ-ներ աշխարհի տարբեր ծայրերում և տարբեր անդրադարձներ են լինելու Հայաստանին, մեր մշակույթին, եկեղեցու պատմությանը, մեր ժողովրդի պատմությանը և այլն։ Այսինքն՝ Հայաստանը ինչ-որ առումով համաշխարհային մեդիա ծածկույթի ներքո է հայտնվելու Ֆրանցիսկոս Պապի այցի շնորհիվ։
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան