Ամեն օր խորհելով Բակոյի, Ռուբենի, Լևոնի, մեր բանտարկյալների մասին՝ խեղդվում եմ անզորությունից։ Իսկ մտքերիս մեջ միշտ վերադառնում եմ Բակոյին։ Երևի այն պատճառով, որ ավելի մտերիմ էի նրա հետ։
Իմ հիշողության մեջ նա նստում է կեսգիշերից հետո իր տան բակում և փայտ է գցում թիթեղյա վառարանի մեջ, որի վրա կարտոֆիլ, սոխ ու հաց են թխում։ Ծխախոտի ծխից աչքերը սեղմելով՝ նա ուղղում է իր հին բաճկոնն ու թունդ թեյ ախորժում։
Մենք հաճախ էինք հանդիպում. մեկ անգամ Հռոմում, բավականին հաճախ՝ Երևանում, բայց ամենից հաճախ՝ Ստեփանակերտում։ Եվ ես նրան հիշում եմ հենց այնտեղ՝ իր տան բակում, նստած թախտի վրա՝ պատմություններ պատմելիս, կատակելիս և մտախոհ լռելիս։
Օրգանական: Բնական: Ուժեղ: Չպատկերացնելով իր կյանքը այդ այգուց, տնից, Ստեփանակերտից ու Արցախից հեռու։
Չեմ կարող պատկերացնել, արդյոք՞ նա գիտե այն ամենի, ինչ մենք ենք ապրում։ Չգիտեմ, թե ինչպես է նա գնահատում բանտում իրեն հասանելիք տեղեկությունները։ Եվ հասկանալով այս ամենը, ես չեմ կարող դիմադրել հեռաակա, երևակայական խոսակցությանը։
Արդյո՞ք նա ենթադրում է, որ իշխանությունները լռում են իր և ընդհանրապես բանտարկյալների մասին։ Որ Հայաստանի դեսպանները չեն աշխատում նրանց ազատ արձակման համար, որ միջազգային մարդասիրական ՀԿ-ները մեր բանտարկյալներին ազատ արձակելու պահանջներ չեն գրում, որ ԱԳՆ-ն իր հայտարարություններում չի հիշատակում նրանց, որ պետության առաջին դեմքերը չեն ուզում (կամ նույնիսկ ՝ չեն համարձակվում) խոսել նրանց մասին, նրանք կարծես չկան: Չեն եղել:
Գիտի՞, արդյոք, որ սփյուռքում՝ Բուրջ Համուդից մինչև Լոս Անջելես, բանտարկյալների պաշտպանության նպատակով նշանակալից ձեռնարկներ չեն կազմակերպվում։
Ի՞նչ է զգում նա՝ գիտակցելով, որ իր ճանապարհին՝ Արցախի մարտիկի ու պահապանի ճանապարհին, որտեղ նա ստիպված էր զոհաբերեր իր ազատությունը՝ հանուն արցախահայության ապահով ելքի, նշաձող է հայտնվել:
Նա գիտի՞, որ Արցախի հայրենասեր վերնախավի գերությունը դավաճանական համաձայնության արդյունք է։
Արդյո՞ք նա գիտակցում է, որ Հայաստանի իշխանությունները նույն կերպ են վարվում Արցախի քաղաքների քաղաքապետերի հետ, ինչպես Ադրբեջանի իշխանությունները՝ իր հետ։
Կարո՞ղ էր պատկերացնել, որ հայ ոստիկանները կջարդեն Հայաստանում արցախյան պետականության վերջին խորհրդանիշի՝ Արցախի ներկայացուցչության դարպասները՝ նույն եռանդով, որով Յաշմայի հատուկ ջոկատայինները պղծում էին Արցախի սրբավայրերը։
Ընդունու՞մ է, որ Արցախի կորուստը դարձել է սովորական, իսկ պարկեշտ հասարակության մեջ դրա մասին խոսելը համարվում է անհարիր։
Վստահ եմ, որ Բակոն ունի այս հարցերի իր պատասխանները։ Համոզված եմ, որ նա համաձայն չէ իմ հնչեցրած կոշտ ձեւակերպումների հետ։ Իսկ նրա անհամաձայնության արմատն այն է, որ նա ռոմանտիկ է։ Նա միշտ հավատում է հեփի-էնդին: Ես չեմ զարմանա, եթե տակավին վստահ է դրանում:
Եվ եթե ես նրան ասեի. ասում են, որ դուք Բաքվի բանտում չեք, այլ Ռուսաստանում ինչ-որ տեղ, կա՛մ Բաքվի կենտրոնում գտնվող հարմարավետ բնակարանում, նա կծիծաղեր ու չէր հավատա։
Մեր մտացածին խոսակցության մեջ ես նրան կասեի, որ իր ազատության համար նույնիսկ կիսատ-պռատ համացանցային խնդրագիր չկա, նա էլ կպատասխաներ, որ իր ազգն ապրում է իրական, ոչ թե ֆեյսբուքյան, վիրտուալ աշխարհում։
Իմ սատիրիկ հարցին, թե հիմա ինչի մասին է մտածում և խոսում Արայիկը, նա, վերադարձնելով իր քմծիծաղը, կպատասխաներ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, ամենևին էլ կարևոր չէ, թե կոնկրետ ինչ է մտածում, առավել ևս ասում է...
Ես շատ կուզենայի Ստեփանակերտի տան բակում գտնվող թախտի վրա՝ վառարանի մոտ ծխելիս նրան ուղղել այս հարցերը:
Այսօր Բակո Սահակյանը դարձավ 64 տարեկան։
Թշնամու բանտերում պահվում են մարդիկ, ովքեր կռվել են իրենց ժողովրդի և հայրենիքի համար, ծառայել նրան և իրենց գործողություններով մեզ բացատրել անձնազոհություն բառի նշանակությունը։
Եվ ցավում եմ, որ իմ ժողովուրդը, հուսով եմ, որ ոչ բոլորը, մոռացության են մատնել նրանց: