▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չափազանց կարևոր խորհուրդներ հայտնի բժշկուհի Ասպրամ Աղբալյանից

Հարցազրույց հայտնի բժշկուհի Ասպրամ Աղբալյանի հետ։

-Բժշկուհի, սիրով ողջունում ենք Ձեզ։ Մեր ընթերցողները լավ են հիշում, թե ինչպես COVID – 19  համաճարակի շրջանում դուք Ձեր անձնական փորձով ու խորհուրդներով օգտակար եղաք մեզնից շատերին՝ փրկելով բազմաթիվ կյանքեր։ Այդ օրերին Ձեզ հետ Asekose.am կայքում մեր հարցազրույցը շատ մեծ արձագանք ունեցավ։ Առջևում տոներ են, առողջապահական տեսանկյունից ի՞նչ խորհուրդներ կտայիք։
-Նախ շնորհակալություն եմ հայտնում այս հնարավորության համար։ Ճիշտ եք, առջևում տոնական օրեր են, բայց պետք է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք, որոնք անհրաժեշտ են առողջ  ապրելակերպի համար։ Առաջին հերթին ամեն մարդ պետք է գիտակցի, որ իր առողջությունն իր ձեռքերում է։ Այն պահպանելու և չհիվանդանալու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոք կարողանա գիտակցված և պատասխանատու ձևով ծրագրել և անցկացնել իր առօրյան։ Մարդու առողջությունը 15-20 %-ով կախված է նրա ժառանգական խնդիրներից, 20-25% ՝շրջակա միջավայրից։ Եթե չհաշվենք տարբեր տեսակի բնական բուժման միջոցները, ապա պետք է նշել, որ միշտ չէ որ անհրաժեշտ է դիմել դեղահաբերին, որոնց օգտակարությունը ընդունված է համարել ընդամենը 10-15% ։ Այս պարագայում ամենակարևորը մարդու կյանքի պայմաններն ու ապրելակերպն են, որոնք կարող են կազմել մոտավորապես 50-55% ։


-Ի՞նչ ենք հասկանում առողջ ապրելակերպ ասելով։
-Համառոտ բացատրությամբ այն ճիշտ սննդակարգն է, գիտակցված և չափավոր ֆիզիկական  ակտիվությունը, դրական տրամադրվածությունը և հավատքը սեփական ուժերի նկատմամբ։
Ա․ Ճիշտ սննդակարգը պետք է բացառի ճարպակալումը, որը բազմաթիվ հիվանդությունների աղբյուր
կարող է լինել։

Գիրությունից խուսափելու համար, հարկավոր է պահպանել դիետա, որի մեջ անհրաժեշտ է
սահմանափակել ածխաջրերի՝ հացահատիկի և քաղցրի օգտագործումը։ Ապացուցված է , որ ճարպակալումը կարող է դառնալ մահվան պատճառ։ Խորհուրդ է տրվում ավելի շատ օգտագործել այնպիսի ուտելիքներ, որոնք պարունակում են սպիտակուցներ և բանջարեղեն։
Բ․ Ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն խոչընդոտում է ճարպակալմանը, այլև այն գիտակցվում է որպես
սրտանոթային մարզումների ձև։

Տարիքի հետ ֆիզիկապես ակտիվ լինելու անհրաժեշտությունը մեծանում է, որովհետև առաջանում են տարբեր աստիճանի սրտի և անոթների հետ կապված խնդիրներ։ Նրանք ովքեր ունեն նման հիվանդություններ, իրավունք չունեն նստակյաց կյանք վարել։ Այսօրինակ մարդկանց համար բուժման լավագույն միջոցներից մեկը ամենօրյա քայլքն է։ Կախված հիվանդության ծանրությունից՝ օգտակար է օրվա մեջ 30 րոպե քայլելը։ Ժամանակակից աշխարհում կան մարզվելու կամ վազելու բավականին շատ միջոցներ ու սարքեր, բայց բնական քայլքը՝ հատկապես մաքուր օդում, անփոխարինելի է։
Գ․ Առողջ կենցաղի համար բարձր տրամադրության կարևորությունը բնավ առասպել ու չափազանցություն
չէ։

Այն բերում է այնպիսի կենսաքիմիական գործոնների, որոնք նպաստում են իմունային համակարգի
բարձրացմանը, իսկ վախն ու տխրությունն իջեցնում են այն՝ դառնալով տարբեր հիվանդությունների
սկզբնավորման պատճառ։ Բուժառուն ինքը պետք է ցանկանա առողջանալ և պահպանել առողջությունը։
Դ․ Սեփական ուժերի նկատմամբ հավատքը, մարդու ներքին հոգեկան հարստության անբաժան մասն է։
Համոզված եմ, որ այն նաև աստվածատուր զգացողություն է, որ մարդուն կարող է բարձրացնել վեհ ու կատարյալ այնպիսի հոգեվիճակի, որ անհատը հավատալով ինքն իրեն ու Արարչին, կարող է գործել հրաշքներ։ Այս առումով հետաքրքրական է այն հանգամանքը, որ հոգևոր գրականությունն առողջապահական տեսանկյունից ևս նպաստել է մարդու դրական տրամադրվածությանը և հոգեմտավոր վերելքին։ Ասածի լավագույն վկայություններից մեկն այն է, որ Ս․ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը գործածվել է բժշկության մեջ և տվել հրաշալի արդյունքներ։ Որքանով ինձ հայտնի է, անգամ որոշ գլուխներ օգտագործվել են հատուկ հիվանդությունների ժամանակ։
- Լիովին համաձայն եմ Ձեզ հետ։ Դրա համար էլ հաճախ ասում ենք, որ բժիշկներն Աստծու ձեռքերն են մեր իրականության մեջ, որոնք իրագործում են Արաչի կամքը, հատկապես, եթե տվյալ անհատն ունի այդ հոգևոր հարստությունը և կարողանում է այն համդրել իր առաքելության հետ։ Բժշկուհի՛, խնդրում եմ մեր ընթերցողներին տաք մի քանի գործնական խորհուրդներ ևս։
-Սիրով։ Ճիշտն ասած վերը թվարկված իրողությունների մասին կան բազմաթիվ հետազոտություններ,
գրքեր, հոդվածներ։

Քանի որ առաջիկայում տոնական օրեր են և մեր ժողովուրդն էլ այս շրջանում երբեմն
չարաշահում է տարբեր տեսակի կերակուրները, խուրհուրդ եմ տալիս, հնարավորության սահմաններում,
խուսափել ալկոհոլից, օգտագործել թարմ ուտելիքներ։ Ամենակարևորը, որ վերջիններս լինեն սահմանափակ քանակությամբ։ Կարելի է ուտել քիչ, բայց հաճախակի՝ չխառնելով տարբեր հակացուցված սննդատեսակներն իրար հետ։ Ուտելու ընթացքում ջուր և այլ հեղուկներ չխմել։ Դրանք կարելի է օգտագործել սննդից առաջ կամ հետո՝ առնվազն մեկ ժամ տարբերությամբ։ Եթե դժվար է պահպանել այն, ապա խորհուրդ է տրվում խմել մեկ բաժակ տաք ջուր ուտելուց 15 րոպե առաջ։ Այն կնպսատի նաև սննդի քիչ օգտագործմանը և լավ մարսողությանը։ Լավ կլինի հրաժարվել գազավորված ըմպելիքներից ընդհանրապես։ Կա հստակ հակացուցում․ մրգերը ևս չի կարելի ուտել ճաշելուց անմիջապես հետո։ Նախընտրելի է սնվել դանդաղ և հատկապես չչարաշահել աղի օգտագործումը։
-Շատ շնորհակալ եմ օգտակար խորհուրդների համար։ Մեր վերջին հարցազրույցի ժամանակ դուք աշխատում էիք Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, իսկ այժմ տեղափոխվել եք հիմնական բնակության Միացյալ Նահանգներ։ Ի՞նչ ծրագրեր ունեք այստեղ, ինչպե՞ս կարող եք Ձեր օգտակարությունը բերել մեր ժողովրդին նաև Լոս Անջելեսում։
-Անկեղծ ասած, ես իմ կյանքի կոչումը տեսնում եմ բժշկության և մարդկանց օգտակար լինելու մեջ։

Ողջ ծառայությանս ընթացքում հավատարիմ եմ եղել Հիպոկրատի երդումին, իմ մարդկային ու բարոյական
համոզումներին։ Օգտակարությունս բուժառուներին փորձում եմ բերել առցանց, սոցիալական հարթակների միջոցով։ Այն հիմնականում խորհրդատվական բնույթ ունի։ Որոշ ընթացակարգեր անցնելուց հետո, երազում եմ իմ անձնական բժշկական հաստատությունը հիմնել նաև Լոս Անջելեսում։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել մեր ժողովրդին Նոր Տարվա և Ս․ Ծնունդի
կապակցությամբ՝ մաղթել քաջ առողջություն և ամենայն բարիք։
-Շնորհակալություն հաճելի զրույցի համար, մենք էլ Ձեզ ենք շնորհավորում, ցանկանում ենք, որ Ձեր բոլոր երազանքներն իրականան։ Շնորհավո՜ր Նոր տարի և Ս․ Ծնունդ։


Զրույցը վարեց Հովհաննես սարկավագ Գումրույանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее