«Եթե ուզում ենք փրկել հովազներին ոչնչացումից, պետք է բաց պահենք միջանցքները` ապահովելով հովազ-հովազ հանդիպումը: Ուզում եմ կիսել ուրախությունս. Եվրոպայում հովազ են տեսագրել: Նրա սև և սպիտակ, ավելի ճիշտ սև և մուգ մոխրագույն կերպարը նշմարվել է մթության մեջ: Կասկածից վեր է, որ դա հովազ էր, ավելի ճիշտ՝ հովազի պոչ: Դա իսկապես շքեղ պոչ էր և ինչն ամենակարևորն է` երիտասարդ հովազի պոչ, որին կարելի էր հանդիպել նաև մեզ մոտ (Անգլիայում): Այս հովազը ապրում է ոչ թե Փարիզի արվարձաններում կամ Բրենտֆորդի կենտրոնում, այլ Հայաստանում, որն այսօր եվրոպական երկիր է համարվում: Հիշեցնեմ, որ 2006թ. առաջին անգամ Հայաստանը մասնակցեց «Եվրատեսիլ» մրցույթին (Անդրեն ներկայացրել էր «Առանց քո սիրո» երգը, սակայն ընթերցողները հավանաբար կհիշեն Էմիի 2011թ. «Boom-Boom» երգը, որն ընդամենը մեկ միավորով չանցավ եզրափակիչ փուլ): Հայաստանը գտնվում է Անդրկովկասում` Սև և Կասպից ծովերի միջև: Այստեղ` Եվրոպայի հեռավոր վայրերում, շատ քիչ թվաքանակով, բայց դեռ ապրում է Կովկասյան հովազը՝ անչափ զգուշավոր և աննկատ ապրող խոշոր կատուն: Վերջին տարիներին Կովկասյան հովազին նշմարելու դեպքերը հաճախակի են դարձել Հայաստանում` հատկապես Իրանի հարավային սահմանի տարածքում: Այս մեկն ապրում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում՝ Գեղամա լեռների հարավ-արևմտյան սահմանում: Վերջին անգամ այստեղ հովազ տեսել էին երևի թե 8 տարի առաջ: Այս տարի հայտնաբերվել էին նաև որոշ մնացուկներ` կղկղանք և մազափունջ: Հովազն այն կենդանին է, որին նշմարելը/հանդիպելը համարյա անհնարին է: «Եվրոպական հովազ»… հակասական է հնչում, կարծես Պլեյստոցենյան կյանքի նկարագրություն լինի, սակայն իսկապես ոգևորիչ է այն, որ 21- րդ դարում հովազը դեռ կարող է ապրել Եվրոպայում:
«Հովազն այլևս ուրվական չէ, այլ իրականություն»,- հայտարարեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կենսաբազմազանության ծրագրերի համակարգող Մանուկ Մանուկյանը: Նա այն քիչ մարդկանցից է, ով տեսել է վայրի կովկասյան հովազին. «Մենք հավատում էինք նրա գոյությանը և համոզված էինք, որ մեր ստեղծած կենսական միջավայրը համապատասխանում է իրեն: Այստեղ խաղաղ է, ստեղծվել են որսի բազմաթիվ հնարավորություններ: Մենք տեսախցիկներն այնպես կդիրքավորենք, որ վաղ թե ուշ կունենանք նաև ամբողջական կենդանու լուսանկարները կամ տեսագրությունը»: 9 հայտնի ենթատեսակներից կովկասյան հովազն ամենախոշորն է: Հասուն ցեղատեսակների թիվը հասնում է շուրջ 1000-ի, որոնք հիմնականում հանդիպում են Իրանում: Նրանց ամենաբնորոշ հատկանիշներից է «խելացիությունն» ու զգուշավորությունը: Աֆրիկյան ենթատեսակները սիրում են ապրել մարդկանց տեսադաշտից դուրս՝ ծայրամասերում, գաղտնի դուրս են գալիս որսի և սիրում են մթությունը: Լինելով հարմարվող տեսակ՝ կարող են ապրել նաև մարդկանց կողքին՝ ի տարբերություն այլ գիշատիչների: Մարդիկ ապրում են հովազների հարևանությամբ՝ առանց դրա մասին իմանալու: Մարդկային գործունեության բացասական ազդեցության հետևանքով Կովկասյան հովազի թվաքանակը Հայաստանում ծայրահեղ կրճատվել է՝ հասնելով միգուցե ընդամենը 12-ի:
Նրանք թեև այնքան էլ շատ չեն, սակայն մեկուսացված էլ չեն: Ու քանի որ կենդանիների համար գոյություն չունեն պետական/քաղաքական սահմաններ, նրանք կարող են միանալ և շփվել Իրանի սահմանում գտնվող այլ հովազների հետ, որոնց թիվն հասնում է շուրջ 500 -ի: Կապ՝ ահա ամենակարևորը: Տարբեր երկրների կենդանիների, այդ թվում հովազների միջև ապահովել շփում, իսկ եթե ուզում ենք փրկել նրանց ոչնչացումից, պետք է նաև ապահովել միգրացիոն միջանցքներ՝ ապահովելով կենդանիների միջև կապը: Այս ամենով զբաղվում է FPWC-ն (Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ)՝ World Land Trust-ի գործընկերը: Ընկերությունը միջոցներ է տրամադրել FPWC-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մոտակայքում տարածք վարձակալելու և հիմնադրամի աշխատակիցների համար բարելավվելու այն պայմանները, որոնց, թերևս, բաժին է հասել ամենածանր աշխատանքը: Բնության և կենդանիների պահպանության գործում ներդրումներ կատարելու ամենաարդյունավետ տարբերակը ֆինանսապես աջակցելն է այն կազմակերպություններին, որոնք ունեն կամք ու պատրաստակամություն դրական փոփոխություններ մտցնելու:
Ահա այն ամենը, ինչով զբաղվում էWLT-ը: Այն գաղափարը, որ Եվրոպայում դեռևս ապրում են հովազներ, իսկապես ոգևորիչ է: Մենք առանձնահատուկ վերաբերմունք ունենք այս կենդանիների նկատմամբ, մեծ ցանկություն` տալու նրանց ավելի ապահով կենսապայմաններ: Հիանալի է գիտակցել, որ մեր մայրցամաքում իսկապես կան հովազներ, որոնք, չցանկանալով աչքի ընկնել, ապրում են ավելի քիչ բնակեցված գոտիներում, որսում են վայրի քարայծեր, սակայն երբեմն փորձում են ակնարկել իրենց գոյության մասին, ինչպես եղավ այս անգամ: Հույս ունեմ, որ այս գեղեցկագույն պոչը դեռ երկար կշարունակի իր ճանապարհը»:
Սայմոն Բարնս
Բրիտանական Թայմզ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)