Կարդացեք նաև՝ «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրենը Ծաղկաձորում շարունակաբար ընդլայնում է իր հողամասը
«Հետք»-ը գրում է. Հայաստանի հանգստի, զբոսաշրջության, առողջարանային և սպորտի կարևորագույն կենտրոն Ծաղկաձորում մեծ թվով բարձրահարկերի կառուցումը հակասում է և՛ քաղաքի գլխավոր հատակագծին, և՛ կարգավիճակին։ 2006թ․-ին Կառավարության ընդունած Ծաղկաձորի գխավոր հատակագծով քաղաքում բնակելի կառուցապատման զարգացումը նախատեսվել է բնակավայրի պահուստային հողերի վրա: Կառուցապատման առավելագույն բարձրությունը բնակելի նշանակության շենքերի համար նախատեսվում է երկու հարկ (առանց մանսարդային և նկուղային հարկերի հաշվառման), հասարակական կառուցապատման համար՝ 4 հարկ։
2022-ից սկսած Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորած «Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական, պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը» դրական եզրակացություն է տալիս Ծաղկաձորում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ կառուցելու նախագծերին։ Հանձնաժողովը, անտեսելով քաղաքի գլխավոր հատակագծի պահանջները, կառուցապատողներին թույլատրում է 4-ից մինչև 10-հարկանի բազմաբնակարան շենքեր կառուցել։
Ծաղկաձոր համայնքի ղեկավարը 2020թ․-ից մինչ օրս 14 ընկերության քաղաքում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու թույլտվություն է տվել՝ «Կեչի հանգստյան տուն», «Ծաղկաձոր սպորտային համալիր», «Պալլադա Ծաղկաձոր», «Կապիտալ Բիլդ», «4Ա կապիտալ», «Սատուրնավան», «ՄՈԴԵՐՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ», «Ծաղկաձորի հացատուն», «ԼԵԳԱԼ», «ՀԱՆ ԳՐՈՒՊ», «ԻՆՏՐԱ», «ԷԴԻՖԱՅՍ» սահմանափակ պատախանատվությամբ ընկերություններին, «Ալվինա հյուրանոցային համալիր» ՓԲԸ–ին և անհատ ձեռներեց Արսեն Սարգսյանին։
Բարձրահարկեր կառուցելու բիզնեսով են տարվել այնպիսի ընկերություններ, որոնց գործունեությունը տասնամյակներով հանգստյան տների, հյուրանոցային ծառայությունների մատուցումն է եղել Ծաղկաձորում, ինչպես՝ «Կեչի հանգստյան տուն» ՍՊԸ–ն։ Ընկերություններ, որոնց գործունեությունն աղերս չունի շինարարության հետ, օրինակ՝ 2006թ․-ից թեթև մարդատար ավտոմոբիլների մեծածախ առևտրով զբաղվող «Ալվինա հյուրանոցային համալիր» ՓԲԸ–ն։ Ընկերությանն այս տարի՝ 2024թ․-ին, բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծման թույլտվություն է տրվել։
Հատկանշական է, որ ընկերությունների մեծ մասը սկզբում համայնքի ղեկավարից նախագծման թույլտվություն է ստացել հյուրանոցային համալիր կամ Ծաղկաձոր հանգստյան գոտուն բնորոշ հանգստի այլ օբյեկտ կառուցելու համար։ Որոշ ժամանակ հետո համայնքի ղեկավարին խնդրել են մի «անմեղ» փոփոխություն կատարել ճարտարապետահատակագծային առաջադրանքում (նախագծման թույլտվություն)։ Համայնքի ղեկավարն ուղղում է կատարել իր նախորդ որոշման մեջ՝ «օբյեկտի անվանումը ուղղել և շարադրել «բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցում» բառակապակցությամբ:
«Կեչի հանգստյան տուն» ՍՊԸ-ին, օրինակ 2022թ․ նոյեմբերին նախագծման թույլտվություն է տրվել՝ առողջարանը հյուրանոցի վերածելու, լողավազանի և ռեստորանի մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքներ կատարելու համար։ 2024թ․ օգոստոսին ընկերության ղեկավարի դիմումի հիման վրա Ծաղկաձոր համայնքի ղեկավարը ուղղում է կատարել 2023թ․-ին իր տրամադրած ճարտարապետահատակագծային առաջադրանքում։ Փոխել է օբյեկտի անվանումը և հողի նշանակությունը՝ հյուրանոցի փոխարեն ընկերությունը բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կկառուցի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: