Արդեն 12-րդ օրն է՝ գյումրեցի բլոգեր Արթուր Ադամյանը հացադուլ և նստացույց է հայտարարել «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի «Վառեմ-մարեմ»-ի շենքի մոտ. պահանջը՝ շինությունը փլուզումից փրկելն է։ Արթուր Ադամյանը պատկան մարմիններից պահանջում է գոնե երկաթե ամրաններով շենքը շրջափակել, մինչև վերանորոգման նախագիծ կմշակվի։
«Շիրակի փոխմարզպետն ասում է, որ 2027 թվականին սկսելու են շենքի շինարարությունը։ Խնդիրն այն է, որ մինչև 2027 թվականը այս շենքն ուղղակի կարող է չլինել։ Ես փոխմարզպետին ասել եմ՝ եթե դուք վստահ եք, որ մինչև այդ ժամանակ շենքը չի փլուզվելու, ապա եկե՛ք, այս շենքի մեջ մի բնակարան վերանորոգեմ, ապրե՛ք մինչև շինարարությունը կսկսվի»,–պատմել է Արթուր Ադամյանն ու ասել, որ պատկան մարմիններից որևէ մեկն այս ընթացքում չի այցելել իրեն, միայն մեկ զանգ է ստացել ՄԻՊ–ից։
«Մենք մարզպետ չունենք, մարզպետարանը վաղուց անտերության է մատնված։ Վաղը կամ մյուս օրը գնալու ենք մարզպետարանի դռները փակենք։ Մեկ է՝ այդ մարդը չի աշխատում, իմաստ չունի շենքն անիմաստ զբաղեցնելը։ ՄԻՊ–ն էլ բացարձակ անգործություն է դրսևորում. Կառավարության շահն է պաշտպանում, այլ ոչ թե քաղաքացու։ Մի անգամ ՄԻՊ–ից զանգել են, հորդորել են որպեսզի դադարեցնեմ հացադուլը, ասել են՝ անիմաստ է, դուք ոչ մի բանի չեք հասնի, կառավարությունն արդեն քննարկում է նախագիծը»,- հավելել է Արթուր Ադամյանը։
Արթուր Ադամյանը նշում է, որ ինքն էլ մասնագիտությամբ շինարար է և գիտի, որ նախագիծ կազմելն ու շինարարություն իրականացնելը մի քանի տարի է պահանջում, իսկ մինչ այդ շենքը կարող է փլուզվել։
«Առնվազն 4 տարի ժամանակ է հարկավոր, որքան էլ արագացնեն, չեն կարող մի օրում նախագիծ մշակել ու վերակառուցել։ Շենքն այսօր արդեն վթարային վիճակում է գտնվում, ցանկացած պահի կարող է փլուզվել և մարդիկ տուժեն»,–ասել է նա։
Արթուր Ադամյանն նշում է՝ ստորագրություններն իրավական ուժ չունեն, որովհետև անձնագրային տվյալներ չեն հավաքագրել, ստորագրահավաքը միայն պատկան մարմինների ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու նպատակ ունի։
«Սրանք ուղղակի, ինչպես վարչապետն է ասում, 3 մլն վարչապետների ստորագրություններն են»,–ասում է Արթուր Ադամյանը։
Նա պատմում է, որ առողջական խնդիրներ ունի և պատրաստվում է սրտի բաց վիրահատության, սակայն ասում է՝ հայրենի քաղաքում գտնվող պատմամշակութային շինության փրկության համար արժեր նման առողջական խնդիրների պայմաններում հրաժարվել սնունդից։
Դիտեք նաև՝