Շատերն էին զայրացել, երբ «Բիլայն»-ի գովազդի ահռելի ցուցանակը տեսել էին Երևանի կենտրոնում գտնվող շենքի վրա, որը պահպանվում է պետության կողմից:
Այն, ի վերջո, հեռացվեց մտահոգ քաղաքացիների ու լրագրողների բողոքից հետո:
«Բիլայն»-ը դրանից հետո պարզաբանում ներկայացրեց, թե պաստառը հեռացրել է՝ իր բաժանորդների բողոքին արձագանքելով:
Այդ փաստի առիթով բազում բողոքողներ գիտեմ ու նաև անձամբ ես՝ վաղուց «Բիլայն»-ի բաժանորդը չեմ, սակայն հատկապես ինձ հետաքրքիր է՝ ինչու՞ «Բիլայն»-ը չի կարողանում բաժանորդների ու Երևանի, Հայաստանի մասին մտածել մինչև որոշումներ կայացնելը:
Ինձ նաև անչափ հետաքրքիր է ՝ էլ ի՞նչ որոշումներ են կայացնում «Բիլայն»-ի պատասխանատուները Երևանում ու նրանց գլխավոր գրասենյակում, որին տեղյակ չեն հայաստանյան բաժանորդները:
Օրինակ ՝ ինչպե՞ս էին արձագանքում ադրբեջանցիների պահանջին՝ ըստ որի ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը՝ «Բիլայն») պետք է Լեռնային Ղարաբաղում դադարեցնի իր գործունեությունը:
Կամ՝ ինչպե՞ս են արձագանքում սպառողների բողոքներին ու ահազանգներին, ովքեր կասկածում են իրենց քաղաքային ու բջջային հեռախոսահամարների հաշիվներին , իսկ դրանք ստուգելու համար ՝ միշտ բախվում են այնպիսի բյուրոկրատական քաշքշուկների հետ, որ ստիպված հրաժարվում են իրենց իրավունքները պաշտպանելու ու կասկածները հստակեցնելու մտքից:
Վերջերս, Asekose.am-ին տեղեկություններ հասան, որ «Բիլայն»-ը մտադիր է զգալի կրճատել Հայաստանում սոցիալական ծրագրերին ուղղված ու բարեգործական նպատակներով նախատեսված ծախսերը:
Ըստ ասեկոսեների՝ «Բիլայն»-ում «իրար մեջ շշնջում են», թե այս որոշումը պայմանավորված է բաժնետերերի շարքում ազգությամբ թուրք ներդրողի հայտնվելը, ով չի ցանկանում իր բիզնեսից գումարներ հատկացնել՝ Հայաստանում բարեգործական ծրագրերին:
Եթե այդպես է՝ գուցե հայաստանցինե՞րն էլ հստակեցնեն իրենց վերաբերմունքը, քանի որ այդ բիզնեսն ու նրա ծաղկուն ընթացքը հենց բաժանորդներն են ապահովում:
Իսկ եթե այդպես չէ՝ ուրեմն՝ վատ է, որ «Բիլայն»-ը, բարեգործության վրա գումարներ խնայելու հարցում, խորամանկ «տրյուկ» է օգտագործում:
Ամեն դեպքում, հիշեցնելով ռուսական ներդրումով Հայաստանում գործող բանկի՝ ադրբեջանցի սեփականատիրոջ հետ կապված աղմկահարույց պատմությունը, կարծում եմ, որ բաժանորդներն իրավունք ունեն պարզելու իրենց մտահոգող լուրերն ու ասեկոսեները... Բաժանորդներ, որոնք ինչ-որ մեկին հարստացնելուց առավել ցանկանում են, որ օտարերկրա ընկերությունները նաև իրենց «սոցիալական պարտքի» զգացողությունն ունենան մեր հայրենիքի, հայ մարդկանց խնդիրների հանդեպ ու մեզ հետ անկեղծ լինեն:
Հուսով, որ մեր այս հրապարակման առիթով «Բիլայն»-ի արձագանքը չի ուշանա, խոստանում ենք այն պարտաճանաչորեն ներկայացնել նաև Asekose.am-ում:
Հեղինակ՝
Ա. Գրիգորյան