«Սննդի անվտանգության պետական տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանի պաշտոնաթողությունը ոմանց մեծ զարմանք պատճառեց, քանի որ նա ՀՀԿ երիտթևի և, մասնավորապես, Էդուարդ Շարմազանովի և Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի մտերիմ ընկերն է: Ընդ որում, այս թևը չի մարսում ԿԸՀ նախկին անդամ Բախչագուլյանի պաշտոնաթողությունը, քանի որ դա նաև բավականին տգեղ է արվել՝ տեսչության պետն իր պաշտոնաթողության մասին իմացել է մամուլից:
ՀՀԿ երիտթևը կատարվածը վերագրում է Աբրամ Բախչագուլյանի երբեմնի հանդգնությանը, որն առնչվում է Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի «Մուլտի ագրո» ընկերության թթվասերի մեջ սոդա խառնելու հետ կապված 2012-ին կատարված բացահայտումներին: Հիմա, փաստորեն, եկել է «քարերը հավաքելու ժամանակը», և վարչապետի խնամին որոշել է պատժել հանդուգն պետին: Սակայն Աբրամ Բախչագուլյանի պաշտոնանկությունը բացատրում են նաև նրանով, որ վարչապետի և խոշոր արտահանողների հանդիպման ժամանակ վերջինները դժգոհել են, որ արտահանման ձախողման գլխավոր պատճառներից մեկը հենց տեսչության ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելն է»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում