▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարի Սամարացի» եկեղեցու հովիվն իր քույրիկ-եղբայրիկներով խարդախությամբ տիրացավ մահացած հորաքրոջս տանը

 

 

 

 

 

 

 

Ներկայացնում ենք քաղաքացի Գայանե Մաթևոսյանի բաց նամակը՝ առանց խմբագրման և մեկնաբանության՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին: Գայանե Մաթևոսյանի նամակն ուղղված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հորաքույրս՝  50-ամյա Սուսաննա Աբրամովան, վերջերս է մահացել: Նախքան բուն պատմությանն անցնելը նշեմ, որ 1988 թ.-ին ընտանիքի հետ Ադրբեջանից եկել և հաստատվել էր Հայաստանում: Այստեղ տուն էին գնել, հետագայում ամուսնացել և ամուսնալուծվել էր: Մոր մահից հետո էլ այդ տանը միայնակ էր բնակվում, քույր ու եղբայրներ չուներ:

Մենք՝ ընտանիքի հարազատներս (ես նրա զարմուհին եմ), Ուկրաինայում էինք բնակվում, երբ 9 տարի առաջ Սուսաննայի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել: Հորաքույրս հիվանդության հայտնաբերումից հետո սկսել էր բուժումը, մենք էլ մեր հերթին իրեն օգնում էինք: Երբեմն գալիս էր Ուկրաինա, սակայն նշում էր, որ իր տանն է ցանկանում ապրել: 5 տարի առաջ Սուսաննան հանդիպել էր «Բարի Սամարացի» աղանդի (իրենք եկեղեցի են ասում, բայց դա աղանդ է) անդամներին, որից հետո միացել էր նրանց: Բոլոր անդամներին ասում էր, որ իր քույր ու եղբայրներն են, բայց ամենակարևորն այն էր, որ պնդում էր, թե Աստծո շնորհիվ բժշկվել է: Այն «քույրիկ-եղբայրներին», ովքեր տուն չունեին կամ էլ մարզերից էին, բոլորին Սուսաննան իր հարկի տակ էր ընդունում:

Ամիսներ առաջ՝ ձմռանը, Սուսաննայի առողջական վիճակը կրկին վատացավ: Ես ապրում եմ նրա հարևանությամբ, սակայն Սուսաննայի  «քույրիկները» չէին թողնում շփվել իր հետ. առհասարակ, նրանք այն կարծիքին էին, որ բոլորը սատանա են, միայն իրենք են սուրբ: Սուսաննան էլ այդ ամենին հավատում էր և ասում, որ մենք պետք է փոխվենք:  Ես էլ հորաքրոջս ասում էի, որ կարևորն իրեն լավ է զգում: Հարկ է նշել, որ  Սուսաննան մեզ նաև պարբերաբար ասում էր, որ  իրենց հոգևոր հովիվն ասել էր, որ իր բուժման նպատակով իրեն Գերմանիա էին տանելու: Այնքան էր դա կրկնել, որ արդեն չէինք հավատում: Ուշագրավն այն է, որ Սուսաննայի հարևաններից ոմանք, ովքեր Գերմանիայի հետ կապ ունեին, նրան առաջարկել էին տունը վաճառել և մեկնել բուժվելու, սակայն հորաքույրս հրաժարվել էր` ասելով, որ  դա չի անի նույնիսկ հանուն սեփական կյանքի, քանի որ բացի տնից ոչինչ չունի:

Հուլիսի 16-ին ինձ զանգահարեց Սուսաննայի մտերիմ հարևանուհիներից մեկը և ասաց, որ հորաքույրս մահանում է: Դա ինձ զարմացրեց, քանի որ երեք օր առաջ էի հանդիպել նրան, թեև թույլ էր, սակայն մահանալու մասին խոսք լինել չէր կարող: Անմիջապես գնացի հորաքրոջս տուն, նա իսկապես լավ չէր և շրջապատված էր մոտ 5-6 «քույրիկներով», ովքեր անընդհատ աղոթում էին` ասելով, որ դաշտը կեղտոտ է: Ես էլ ասացի, որ պետք է գնամ նորածին երեխայիս կերակրեմ, դաշտն էլ կմաքրվի: Երբ վերադարձա, տեսա, որ հորաքույրս շատ վատ է, պառկել և աչքերը փակել էր, գիտակցություն չուներ: Ինձ այդ ընթացքում «քույրիկները» թույլ չէին տալիս տեղաշարժվել,  ապա  Սուսաննայի նոթատետրի կարիքը եղավ, և նրանք սկսեցին այն որոնել: Այդ ընթացքում, օգտվելով նրանց զբաղված լինելուց, խոհանոցում նկատեցի նրա արտասահմանյան անձնագիրը, վերցրեցի և ասացի, որ պետք է տուն գնամ:

Մոտ մեկ ժամից ինձ զանգում են նրա «եղբայրիկները» և հարցում, թե ուր է անձնագիրը՝ պատճառաբանելով, որ պետք է դեղեր ստանան: Ասում են, որ պետք է գան անձնագրի հետևից, պատասխանում եմ, որ դա Սուսաննայի հիմնական անձագիրը չէ, այլ այն անձնագիրն է, որով Սուսաննան իբրև թե նրանց հովվի հետ պետք է մեկներ Գերմանիա: Սպառնում են, որ պետք է դիմեն ոստիկանություն` գողության մեղադրանքով: Ավելի ուշ գալիս են և պահանջում, որ վերադարձնեմ անձնագիրը, քանի որ պետք է ուժեղ ցավազրկողներ վերցնեն, ասում եմ, որ եթե պետք է իրենց հետ կգնամ և գործարքը կանեմ: Հեռացան, ես էլ գնացի հորաքրոջս տուն, որտեղ բոլոր  «քույրիկները» ինձ շատ վատ դիմավորեցին` ասելով, որ կարող եմ իրենց չբարևել` կրկին խոսելով անձնագրից: Ապա ասեցին, որ արգելում են ինձ գիշերը մնալ Սուսաննայի մոտ: Մինչ ուշ գիշեր մնացի հորաքրոջս տանը, այդ ոհմակն էլ այնտեղ, չէին հեռանում`մի մասը ներսում էր, մյուս մասը` դռան մոտ: Սուսաննան հոգի էր տալիս, իսկ նրանք յոգուրտը լցնում էին Սուսաննայի բերանը: Ինձ ասացին, որ գնամ  բժիշկ բերեմ:

Բշկուհուն ասացի, որ ինձ ստիպում են ուժեղ ցավազրկողներ բերել և ներարկել, սակայն նա ասաց, որ Սուսաննայի պարագայում եթե նման ներարկում արվի, նա միանգամից կմահանա: Բժկուհին հավելեց, որ եթե նման բան կրկին ասեն, ապա իրենք կդիմեն համապատասխան մարմինների: Ինձ հետ եկավ Սուսաննայի տուն և ասաց, որ նա հոգի է տալիս: Հենց դուրս եկավ, «քույրիկներից» մեկը զայրացած ասաց, որ դիմում կգրի նրա դեմ` պնդելով, որ ես նրան կաշառել եմ, որպեսզի հորաքույրս մահանա: Դա լսելով` ասացի, որ կարող ենք շտապօգնություն զանգահարել: Շտապօգնության բժիշկները եկան, սակայն ի տարբերություն նախորդ բժշկուհու` հերքեցին, որ Սուսաննան կոմայի մեջ է գտնվում: «Քույրիկներից» սկսեցին ինձ կրկին մեղադրել: Ժամեր անց գնացի տուն և հաղորդագրություն ստացա, որ Սուսաննան մահացել է:

Գնացի հորաքրոջս տուն, սակայն դուռը փակ էր: Գնում եմ դիահերձարան,  վճարումներ եմ կատարում և ասում, որ ես եմ նրա հարազատը: Նշեմ, որ Սուսաննայի «եղբայրիկները» այդ ընթացքում ինձ հետապնդում էին, ամեն տեղ հետևիցս էին գալիս, դիահերձարանի մոտ էլ խնդրեցին, որ բոլոր արարողությունները մեկ օր ուշ կատարեմ, խելքս կերան, զիջեցի: Երբ արդեն տանն էի և հեռախոսով խոսում էի Սուսաննայի եղբոր հետ (ոչ հարազատ), մեր տուն է գալիս մի տղամարդ` դռան մոտ կանգնեցնելով  մոտ 100 հազար արժողությամբ «Լեքսուս»: Ներս է մտնում և ասում, որ քույր Սուսաննայի հովիվն եմ` Հովհաննես  Հովակիմյանը:

Դիմելով ինձ և Սուսաննայի եղբորը`ասում է, որ ցանկանում է, որ քույր Սուսաննայի  հուղարկավորությունը բարձր մակարդակով անցկացվի: Նա հավելեց, որ Սուսաննան իր մոտ գումար ունի: Սուսաննայի եղբայրը նրան ասաց, որ դրա կարիքը չկա, իսկ այդ գումարով էլ կարող են բարեգործություն անել` մանկատուն տանել կամ զոհված զինվորների ընտանիքներից մեկին օգնել: Պատասխանում է, որ անպայման այդ գումարով պետք է Սուսաննային բարձր մակարդակով հողին հանձնեն: Օրհնում է մեզ և որոշում ենք միասին գնալ դիահերձարան. ցանկանում էր դագաղը տեսնել: Արդեն դիահերձարանում տեսնելով դագաղը, որի համար վճարել էի 200 դոլլար (ամենաթանկն էր), ասաց, որ սպիտակ դագաղ է ցանկանում, ինչին ի պատասխան՝ նրան պատասխանեցին, որ դա երիտասարդ աղջիկների համար է նախատեսված: 

Նստեցինք մեքենան և գնացինք դագաղ գնելու, ընտրեց 500 հազար դրամ արժողությամբ դագաղ` ասելով, որ քույր Սուսաննային դա է պետք: Ասաց, որ ցանկանում է իր Սուսաննա քրոջ համար Թոխմախում գերեզմանատեղ վերցնել, ավելին` կողքին էլ այլ գերեզմաններ չպետք է լինեն: Ասացի, որ ընտանեկան գերեզման ունենք, սակայն նա ընդդիմացավ` ասելով, որ Սուսաննան պետք է  մենակ լինի: Սգո սրահ վարձեց` վճարելով 300 հազար դրամ, ասացի, որ պետք է սգո սրահից հետո գոնե կես ժամով հորաքրոջս իր տուն տանենք, ասաց, որ դեմ չէ: Հոգեհանգստի ժամանակ Հովհաննեսը, նայելով Սուսաննային, ասաց. «Քույր Սուսաննա, դու հաղթեցիր այս պատերազմում»: Սգո սրահից, սակայն, ուղևորվեցինք անմիջապես  գերեզմանոց: Հատկանշականն այն է, որ հուղարկավորության օրը, երբ բարևեցի Հովհաննեսին, նա նույնիսկ չպատասխանեց: Զգացի, որ մի բան այն չէ:

Հուղարկավորությունից հետո գնացինք ռեստորաններից մեկը, որի համար կրկին Հովհաննեսն էր վճարել, ավելի ճիշտ՝ նա ասել էր, որ այդ ամենն անում է Սուսաննայի գումարներով, որոնք նա իրեն էր տվել: Գրեթե բոլորը  «Բարի Սամարացի»-ից էին, երգում էին, ուրախանում, փառաբանում տիրոջը: Հուղարկավարությունից մեկ օր անց զանգում եմ Սարգիս անունով մի տղամարդու (Հովհաննեսի աջ ձեռքն էր) և ասում եմ, որ ուզում եմ կապ հաստատել  հովվի հետ: Կես ժամ անց ինձ հայտնում են, որ  նա ինձ հետ խոսելու ոչինչ չունի: Ասում եմ, որ  եթե 2 ժամ անց չկապվի ինձ հետ, հարցն այլ ձևով եմ բարձրացնելու: Ի վերջո, ինձ հաջողվում է հանդիպել Հովհաննես Հովակիմյանին: Վերջինս նախ զանգահարում և ասում է, որ ոչինչ չունենք քննարկելու, ինչին պատասխանում եմ, որ  եթե նա հարուստ է, ապա չի կարող մեր բերանները փակել: Հանդիպում ենք, և ես նրան ասում եմ, որ ինձ անհագստացնում է Սուսաննայի տան հարցը, ինձ պետք է տան բանալին, չէ՞ որ իրենք են փակել: 

Պահանջեցի, որ Սուսաննայի բոլոր փաստաթղթերն ինձ հանձնեն, ասացի, որ հակառակ դեպքում իմ ձեռքից չի պրծնի: Հարցրի, թե ումն է Սուսաննայի երկհարկանի տունը, ասաց, որ տունն արդեն վաճառված է: Նրա խոսքով` Սուսաննան մեկ տարի առաջ վաճառել է իր տունը, ավելին՝ գումարն էլ ծախսել է (Սուսաննային ճանաչողները գիտեն, որ նա մահից օրեր առաջ գումար չուներ): Ի վերջո, ինձ ուղարկում են փաստաթղթերից մեկի պատճենը, որում նշված է, որ տունը վաճառվել է հուլիսի 7-ին, գնորդն էլ Հովհաննես Հովակիմյանի որդին է` Հակոբը:  Դեռ մի բան էլ Հովհաննեսն ինձ ասում էր՝ իբրև Սուսաննային նույնիսկ Գերմանիա էին տարել, դա էլ այն դեպքում, երբ անձնագիրը փաստում է, որ Սուսաննան երկրից չի բացակայել: Ինչևէ, Հովհաննեսը պնդում է, որ 26 միլիոն դրամ է Սուսաննային վճարել, իսկ ես պնդում եմ,  որ նման  բան չի կարող լինել: Ավելին` նրանք նույնիսկ թույլ չեն տալիս Սուսաննայի անձնական իրերը վերցնենք. ես պնդում եմ, որ խարդախությամբ յուրացրել են հորաքրոջս տունը:

Իրենք են Սուսաննային տարել բժշկի և նրան առաջարկել տունն իրենց անունով անել, որպեսզի Գերմանիա տանեն, իսկ Սուսաննան մահացավ, իսկ տունն էլ մնաց Հովհաննեսի որդուն:  Ի դեպ՝ դիահերձարանում  այդ «եղբայրիկ»-ն ինձ ասել է, որ ոչ մի դեպքում Սուսաննայի գլուխը չհերձեն, ինչին տվել էի իմ համաձայնությունը, սակայն ավելի ուշ բժիշկն ասել էր, որ հիվանդությունը տարածվել էր նաև գլխում, այսինքն` Սուսաննան ի վիճակի չէր որոշումներ կայացնել, ինչից էլ նրանք օգտվել էին: Հավելեմ նաև, որ այդ Սարգիսը նաև ինձ սպառնացել էր` ասելով, որ եթե  նույն ձևով շարունակեմ,  այլ մարդիկ այս ամենին կմիջամտեն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее