Վերջին տարիներին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նշանակությունը և կարևորությունը բիզնես միջավայրում էականորեն բարձրացել է: Սա կարելի է համարել ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի գործարար շրջանակներին բնորոշող գործոն և համաշխարհային միտումներից մեկը:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորությունը հասկանում են ինչպես ընկերությունների ղեկավարները, հասարակական կազմակերպությունները, այնպես էլ` սպառողները: Այն կարող է դրսևորվել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր բարեգործությունների տեսքով: Վերջին շրջանում շատ ընկերություններ նախընտրում են թվային բարեգործությունը՝ հավելվածների միջոցով, ինչն արագացնում է գործընթացը, դարձնում ավելի թափանցիկ և ճկուն: Բարեգործության այս ձևը առանձնահատուկ է նաև նրանով, որ ընկերությունն այդ գործընթացին մասնակից է դարձնում նաև հանրությանը՝ ձևավորելով սոցիալական պատասխանատվության համընդհանուր մշակույթ:
Այդպիսի փորձ ունեն մի շարք ընկերություներ՝ IDBank-ը և Idram-ը՝ իրենց «Մի դրամի ուժը» նախաձեռնությամբ, Yandex Armenia-ն՝ «Օգնենք միասին» ծրագրով, կամ օրինակ reArmenia հարթակը: Նշված ծրագրերը հնարավորություն են տալիս օգտատերերին ինքնուրույն ընտրել գումարի չափը, հետևել գործընթացին, տեսնել, թե ինչպես են այդ գումարները հասնում շահառուներին՝ այդպիսով մասնակիցը դառնալով այդ գործընթացին: Փորձը ցույց է տալիս, որ նման բարեգործությունների մեծ մասն ուղղվում են հիմնականում առողջապահական ոլորտին: Օրինակ, Yandex Armenia-ի՝ «Օգնենք միասին», ծրագրի շրջանակներում հավաքված ամբողջ գումարն ուղղվում է առողջական խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների բուժմանը:
Ծրագիրը հնարավորություն է տալիս հարթակի օգտատերերին Yandex Go հավելվածում օգնել բարեգործական կազմակերպություններին: Օգտատերերը կարող են ընտրել, թե որքան գումար են ցանկանում փոխանցել աջակցության համար, որն էլ կավելացվի ընթացիկ ուղևորության արժեքին: Յուրաքանչյուր ամսվա վերջում Yandex Go-ն իր կողմից կրկնապատկում է նվիրատվությունների միջոցով հավաքված գումարը՝ մեծացնելով իր ներդրումը բարեգործական կազմակերպություններին: Ընդ որում նվիրատվության բաժանորդագրումը կարելի է միացնել և անջատել ցանկացած պահի: Չնայած այն հանգամանքին, որ «Օգնենք միասին» ծրագիրը նոր է գործարկվել, բայց դրան մասնակցում է արդեն ավելի քան 2700 մարդ:
Նույն տրամաբանությունն է գործում նաև IDBank-ի և Idram-ի՝ «Մի դրամի ուժը» ծրագիրը: Հաճախորդների յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերություններն իրենց հաշվից 1 դրամ փոխանցում են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը, որի հիմնական ուղղություններն են՝ կրթությունը, առողջապահությունը, բնապահպանությունը: Արդյունքում՝ ցանկացած անձ, ով կատարում է վճարում, անմիջապես դառնում է ծրագրի բարի կամքի դեսպանը՝ առանց մի դրամ ավել ծախսելու։
reArmenia հարթակի ձևաչափը թեև նախորդ երկուսից մի փոքր տարբեր է, բայց այն ևս միտված է նույն նպատակին:
Այս առցանց հարթակը միավորում է ամենատարբեր մարդկանց՝ լուծելու մի շարք կարևոր խնդիրներ։ reArmenia-ում միավորվում են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, արդյունքում կատարված դրամահավաքների շնորհիվ կյանքի են կոչվում մի շարք գաղափարներ:
Այսպիսով՝ թեև ԿՍՊ-ն համարվում է բիզնես ռազմավարության կարևոր մաս, այնուամենայնիվ պակաս կարևոր չէ նաև սոցիալապես պատասխանատու հանրություն ձևավորելը: Նման փոքր բարեգործությունները, որոնք նախաձեռնել են Yandex Armenia-ն, IDBank-ն ու Idram-ը, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպություններ ու հարթակներ, կարևոր են հասարակության շրջանում սոցիալական պատասխանատվության վարք ձևավորելու առումով:
Բացի այդ, Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ճիշտ զարգացումը շատ կարևոր է և՛ երկրի զարգացման, և՛ յուրաքանչյուր բիզնեսի շահերի տեսանկյունից:
Աղբյուրը՝ Թերթ․am