▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարդ է պատկերացնել` նորընծա վարչապետն ինչպես է պատրաստվում վերականգնել վստահություն կոչվածը

Երգահան, հեղինակ-կատարող, բանաստեղծ Ազատ Աբրահամյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հասարակական կյանքը Հայաստանում՝ կիսաքուն ծերունու է նմանվում. էն,որ դանդաղորեն փակվում են աչքերը, գլուխը դանդա՜ղ կորցնում է հավասարակշռությունն ու ներքև սահում, մեկ էլ կտրուկ վերադառնում է ելման դիրք, իբրև դանթացողը բնավ էլ ինքը չէր:

Հարմարվել ու համակերպվել ենք, մինչդեռ էս համատարած «ծերության»  մեջ հրաշալի մի երիտասարդություն է ապրում, որոնց վաղվա օրվա անորոշության ու չստացված նպատակների համար պատասխանատու ենք մենք՝  «հնաբնակներս» :

... Եթե էս իշխանությունն իրոք իրավիճակ բժշկելու լուրջ նպատակներ ունի,որոնք բխում են ազգային ու պետական անվտանգության պահանջներից,այլ ոչ, կրկին, ելնելով սեփական դիրքերն ապահովագրելու վտանգներից,ուրեմն,արդեն պետք է,որ անցած լիներ տեսանելի գործնական քայլերի:

Գուցե «տեսողությանս» հետ ինչ-որ բան էն չէ, բայց իրավիճակն առողջացնելու որևէ համոզիչ գործունեություն դեռևս չեմ նկատում:

Մարդկանց վստահությունը տարիներ շարունակ կեղեքվել է: Այժմ մի իրավիճակ է, ուր որևէ նախաձեռնություն հաջողության խիստ ցածր հավանականություն ունի: Եվ,անկեղծ ասած, ինձ բարդ է պատկերացնել,թե նորընծա վարչապետն ինչպես է պատրաստվում վերականգնել այդ վստահություն կոչվածը, երբ ,օրինակ, ինձ համար՝ վստահություն ձեռք բերելու ամենագլխավոր նախապայմանը արժեհամակարգային փոփոխություններն են:

Մի քանի կոպեկով աշխատավարձերի կամ թոշակների բարձրացումներն ու որոշ ծառայությունների սակագների իջեցումները՝ վաղ,թե ուշ,վերադառնալու են նույն ելման դիրքի,ինչպես՝ դանթացող ծերունին...

Հարկավոր է առողջացնել երկրում տիրող արժեհամակարգային իրավիճակը:Որքան էլ փորձ արվի բարելավել երկրի սոցիալական վիճակը,մարդկանց ներսում ձևավորված արժեհամակարգը մշտապես խոչընդոտելու է հասարակական կյանքի առողջացմանն ու զարգացմանը:  Ինչպե՞ս, օրինակ,ինձ նման մեկը պետք է հավատա էս երկրի հեռանկարին, երբ, Աստված գիտե՝ ովքեր են էսօրվա հեղինակություններն ու գործիչները:Էդ՝ գրքից, մշակույթից,հասարակ քաղաքավարությունից ու հոգևոր արժեքներից զուրկ «վաստակավորներն»  ու «հրամանատարները»  ինչպե՞ս պետք է իմ մեջ բարձրարժեքության փոխվստահաություններ ձևավորեն:

Ինձ նմանները, փառք Աստծո,մեր երկրում փոքր թիվ չեն կազմում: Ով՝ ով, բայց ես գոնե դա գիտեմ իմ հանդիսատեսի շնորհիվ:

Իմաստուն առաջնորդները,բոլոր ժամանակներում, իրենց իշխանությունն ամրապնդելու և ժողովրդականություն ձեռք բերելու նպատակների իրականացումը տեսել են հենց նշածս արժեհամակարգերի ստեղծման հիմքերում:Ներգրավելով՝ հասարակության կողմից վստահելի ու գնահատանքի արժանացած հեղինակությունների,մշակութային գործիչների,նրանք կարողացել են հոգևոր կապ ստեղծել՝ հասարակության և իշխանությունների միջև:Առողջ հասարակություններում այդ ընտրյալ միջնորդներին՝ մտավորականներ են կոչում( ոչ իհարկե իշխանությունների կողմից խզբզված ):

Իսկ մեր երկրում,ցավոք,իրական մտավորականներից շատերն անգամ ապրելու տարրական հնարավորություններ չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее