▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ հնարավորություն՝ մայրաքաղաքի խցանումներից խուսափելու համար

Mypage.am-ը գրում է.

Մայրաքաղաք Երևանը մեգապոլիս չէ, բայց մեր փոքրիկ քաղաքում մեքենաների անվերջ աճող քանակն իսկական պատուհաս է դարձել, թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար: Հաճախ խցանումների պատճառով մեր համաքաղաքացիները հայտնվում են անհարմար վիճակում, իսկ «խցանման մեջ էի» արտահայտութունը որպես արդարացում է ընկալվում վերադասի կամ գործընկերների կողմից:

Մոտ ապագայում հայ վարորդներին բացառիկ հնարավորություն կընձեռվի առավելագունս խուսափել «խցանում» կոչվող նյարդայնացնող ու հոգնեցուցիչ երևույթից: Բանն այն է, որ մի խումբ հայ ծրագրավորողներ՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» և «GG taxi»-ի աջակցությամբ, շուտով կգործարկեն հավելված, որը հնարավորություն կտա վարորդներին ծանոթանալ մայրաքաղաքի գլխավոր փողոցների ծանրաբեռնվածությանն ու ըստ այդմ՝ խուսափել խցանումներից:

Նախագծի համահեղինակներ Միհրան Հախնազարյանն ու Կարեն Մանուկյանը Mypage.am-ի հետ զրույցում ներկայացրեցին Start-up-ի մանրամասները:

«Մեր շատ համաքաղաքացիների նման մեզ ևս մտահոգում ու խիստ նյարդայնացնում են անդադար ու անվերջ թվացող խցանումները, և մենք սկսեցինք դրանք հաղթահարելու եղանակներ փնտրել: Հաճախ ճամփորդելով՝ միշտ զարմանում էի, թե ինչպես է հաջողվում մեգապոլիսներում այնպես կազմակերպել երթևեկությունը, որ խցանումներ գրեթե չլինեն: Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ որոշեցինք ստեղծել հավելված, որը հնարավորություն կընձեռի վարորդներին հետևել մայրաքաղաքի գլխավոր փողոցների երթևեկությանն ու նախօրոք տեղեկանալով դրանց ծանրաբեռնվածությանը՝ ընտրել առավել օպտիմալ երթուղի»,-մեզ հետ զրույցում ասաց Կ. Մանուկյանը:

Նախագածի համահեղինակ Միհրան Հախնազարյանը հրաժարվեց ներկայացնել դրա մանրամասները՝ խորհուրդ տալով փոքր-ինչ սպասել: «Մեր խնդիրը ոչ միայն արագ, այլ նաև ապահով երթևեկություն ապահովելն է: Դեռ չեմ ցանկանում բացել փակագծերը, բայց վստահաբար կարող եմ պնդել, որ նախագիծն աննախադեպ է և իսկական հեղափոխություն է այս ոլորտում»,-ասաց նա:

Նախագծի համահեղինակները նշեցին, որ այն անվճար է, իրենք որևէ կոմերցիոն շահ չեն հետապնդում: Հարկավոր է լինելու պարզապես հավելվածը ներբեռնել բջջային հեռախոսներում և առցանց ծանոթանալ մայրաքաղաքի փողոցների ծանրաբեռնվածությանը: «Սա դեռ սկիզբն է, մենք ծրագրում ենք նման համակարգեր գործարկել ոչ միայն մայրաքաղաքում, այլ Հայաստանի բոլոր մարզկենտրոններում ու խոշոր քաղաքներում»,-հավելեց Կարեն Մանուկյանը:

Կարծում ենք՝ այս նախագիծն իսկապես օգտակար և կիրառելի կլինի մեր քաղաքացիների համար: Իսկ դրա մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее