▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգի գենոֆոնդը վտանգված է, եթե կեղծվում են սննդամթերքը և դեղորայքը

Սննդամթերքի անվտանգությունը մեր երկրում

-Ազգի գենոֆոնդը վտանգված է, եթե կեղծվում են սննդամթերքը և դեղորայքը։

 Դառնանք սննդամթերքի խնդիրը վերլուծելուն մի երկրում, որտեղ, ինչպես գյուղից քաղաք եկած պապիկը զարմանքով ասաց՝ պանրի մեջ կաթ չկա, երշիկի մեջ միս չկա։

  Սննդի փորձագետի մասնագիտությունն ընտրած բարեկամուհուս հետ փոքրիկ էքսկուրս կատարելով երևանյան մեծածախ և մանրածախ առևտրի կետերում՝ փորձեցի պատկերացում կազմել՝ ինչ է այսօր մատուցվում ազգաբնակչությանը, և որքանով իրազեկված սպառող է հայ մարդը։

 Փորձագետն ինձ իրազեկեց հայաստանյան սպառողական շուկայում վաճառվող գենետիկորեն ձևափոխված տեսքով երշիկեղենի բաղադրության մասին։ Պարզվեց՝ դրանք այնքան սոյա և օսլա են պարունակում, ինչի պատճառով այդ գույնն են ստացել, կամ  համեմունքների և կանաչեղենի առատությամբ քողարկված վատորակ մսից են պատրաստված։ Տեղական վերտառությամբ հավի միսն էլ իր գույնով մասնագետին հուշեց, որ այդ հավերը կամ հավի ազդրերը ևս սառեցված, ներմուծված  ցածրորակ շարքից են։

 Ամռան տապին, երբ առավել սուր բնույթ են ստանում սննդի անվտանգությանն առնչվող խնդիրները, մենք ականատես եղանք, թե ինպես առանց սահմանված ջերմաստիձանի պահպանման վաճառվում են մսամթերք, կրեմային քաղցրաբլիթներ, լցնովի  պաղպաղակներ, տեղում պատրաստվող սառը, քաղցր հյութեր։ Մանրածախ  առևտրի որոշ կետերում, որտեղ սնունդով լի սառնարաններն անգամ շուրջօրյա միացված չեն հոսանքի խնայողության նկատառումներով հավանաբար, հաճախ գրեթե գետնին են շարված սննդամթերքով լի՝ թխվածքաբլիթների ու ճանճերի ելումուտով չորաբլիթների տուփերը։

 Թեև մեր հանրապետությունում գործում է Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքը, որը սահմանում է սպառողի կողմից պատշաճ որակի, կյանքի և առողջության համար անվտանգ ապրանքների ձեռքբերման, սպառողի շահերի պաշտպանության իրավունքները,  այնուամենայնիվ ինչպես պարզվեց՝ մեր ազգաբնակչության զգալի մասը իրազեկության ցածր մակարդակ ունի։

  Սննդամթերք գնելիս շատերն անգամ ուշադրություն չէին դարձնում պահման ջերմաստիճանային պայմաններին,  տուփի վրա մակնշված ժամկետին։ Թեպետ այստեղ ևս զեղծարարը հնարամիտ է գտնվել. ականատեսը եղանք նաև սննդամթերքի պիտանելիության ժամկետի լզողած պատկերի, երբ նշված թիվը տարակուսանքի տեղիք է տալիս։ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման։ Առավել ռիսկային են իհարկե ներմուծած ապրանքատեսակները՝ գեղեցիկ փաթեթավորմամբ, օտարալեզու մակնշմամբ տարատեսակ չիփսերը, թխվածքաբլիթները, շոկոլադե կոնֆետները, կրեմները, մայոնեզը, ձկան պահածոները, որոնք ոչ պիտանի են դառնում նաև պահպանման անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով, ինչպես նաև յոգուրտները, կիսելների խտանյութերը, մանկական այլևայլ սննդամթերք, որոնք հավելանյութերի մեծ քանակություն պարունակելով՝ ունեն մինչև 6 ամիս և ավելի պիտանելիության ժամկետ։ Այս պարագայում հարկավոր է գոնե նախապատվությունը տալ տեղական արտադրանքին՝ օրերի քիչ քանակությամբ պիտանելիության ժամկետով, որպեսզի հնարավորինս խուսափենք հավելանյութերից։ Նշենք, որ ՀՀ օրենսդրությամբ արգելված են առողջության համար մեծ վտանգ ներկայացնող որոշ սննդային հավելումներ կիրառել ՀՀ արդյունաբերության մեջ, այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված թույլատրելի քանակները գերազանցող ներկանյութեր, գործող նորմերին չհամապատասխանող փաթեթավորման նյութեր սննդամթերքի համար, օրինակ՝ մուգ պոլիէթիլենային տոպրակներով սննդամթերք տեղափոխելիս 4-6 ժամվա ընթացքում տեղի է ունենում թունավոը նյութերի տեղաշարժ դեպի սնունդ՝ այն դարձնելով վտանգավոր։

  ՀՀ- ում սննդամթերք արտադրող, փաթեթավորող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պարտավոր են ապրանքատեսակի վրա հայերեն մակնշել անվանումը, զտաքաշը կամ ծավալը, սննդամթերքի բաղադրությունը, դրանում հավելանյութերի ցանկը, արտադրության տարեթիվը և պիտանիության ժամկետը, պահման պայմանները, ինչպես նաև տեղեկատվություն սերտիֆիկացման մասին՝ ՀՍՏ նշանը։

Հավաստենք, որ մեր երկրում անհամեմատ մեծ առաջընթաց կա արտադրության ոլորտում, եթե համեմատենք տասը կամ քսան տարի առաջ տիրող իրավիճակի հետ, երբ սննդամթերքի կամ խմիչքի արտադրամասերի մեծ մասը նկուղներում էր գործունեություն ծավալում՝ չպահպանելով սանիտարահիգիենիկ կանոններն անգամ։ Այսօր ունենք արդեն ժամանակակից չափանիշներին համապատասխան շատ արտադրամասեր՝ եվրոպական տեխնոլոգիաներով հագեցած, իսկ արտադրման գործընթացը հնարավորինս ավտոմատացված է և հիգիենիկ։ Այլ խնդիր է հումքի որակը։ Զրուցակիցս իր մասնագիտական այցերի ընթացքում բացահայտել էր, որ անգամ կովերին և խոզերին, էլ չխոսենք հավերի մասին, էկոլոգիապես մաքուր կերով չեն կերակրում այլ վաճառքի ենթակա խմբաքանակին սնուցում են մեր ազգի համար չարիք դարձած և գործարարների գրպանի պարունակությունը հաստացնող հորմոնների մեծ չափաբաժիններով՝ հսկայական շահույթ հետապնդելով։ Իսկ իրենց երեխաներին գործարարները կերակրում են առանձին վայրերում պահվող մաքուր անասնակերով սնվող կենդանիների անարատ մսով։

 Դիտարկենք մեր երկրի սահմաններն անառիկ պահող հայ սպայի  սպառողական զամբյուղը, ով ծառայողական պարտականություններն իրականացնում է փոքրիկ մի գյուղում կամ ավանում տեղակայված զորամասում։ Նա, ամուրիի կենցաղով ապրելով, օգտվելով տվյալ գյուղի միակ խանութից, որտեղ առկա տեսականին ցուցափեղկերի վրա հանգրվանած է վաղնջական ժամանակներից, ուտում է անհիգիենիկ տեսքով դժգույն երշիկ՝ կարծրաթղթե համով, մի քանի օրվա, եթե ոչ շաբաթվա կիսաթթված թթվասեր, պահածոյացված ձուկ՝ անհայտ ծագման և հավանաբար վաղուց արդեն՝ ժամկետանց ...

 Առողջ սննդամթերքը ազգաբնակչության առողջության և մատաղ սերնդի գենոֆոնդի պահպանման կարևոր գործոնն է։

 

Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее