▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպիսի քաղաքական պոռնոգրաֆիա մինչեւ հիմա գոյություն ուներ միայն Հյուսիսային Կորեայում

Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայոց նորագույն պատմության մեջ եղել են անցնող տարուց ավելի ծանր ու ողբերգական տարիներ: Սակայն դժվար է հիշել առավել անհույս ու նվաստացուցիչ ժամանակաշրջան, քան 2016 թիվը: 1991-ին մեր Հայրենիքի վրա իջավ խավարն ու ցուրտը, սակայն դա Անկախության հռչակման տարին էր: 1992-ին մենք կորցրեցինք Արցախի գրեթե կեսը, բայց դա նաեւ Շուշիի ու Բերդձորի ազատագրման տարին էր: Չարի ու բարիի այսպիսի փխրուն հավասարակշռություն կարելի է գտնել մեր երկրի վերջին քառորդ դարվա ամեն տարում: Անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո դեռ պահպանվում էր հույսը: Անգամ 2008 թվականի մարտի 1-ից հետո դեռ մնում էին պատրանքներ: Այսօր չկա ոչինչ: 
2016-ը Հայաստանում սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմով, որն արձանագրեց մեր առաջին ռազմական պարտությունը Արցախյան հաղթանակից հետո: Այդ մղձավանջը շարունակվեց հուլիսյան երկշաբաթվա ապստամբությամբ, որը հանդիսացավ մեր քաղաքացիական պարտություն: Եւ ավարտվում է տարին ժողովրդավարության համաշխարհային հետընթացով՝ ԱՄՆ-ից մինչեւ Ֆրանսիա եւ Ռուսաստանից մինչեւ Թուրքիա, որը նշանակում է մեր անկախացման հույսերի քաղաքական տապալում:
Ամենասարսափելին այն է, որ մենք գրեթե ամբողջությամբ մսխել ու սպառել ենք դիմադրության սեփական ներուժը, հաշտվելով տասնյակ քաղբանտարկյալների առկայության, իշխանական անպատժելի բռնության եւ ընդդիմադիրների անմեղսունակության հետ: Ամենակարեւորն է, որ անորոշ ժամկետով հետաձգվել է չարի վերջը՝ մեր բոլոր դժբախտությունների կազմակերպիչ ու ղեկավար Կրեմլի պարտությունը: Թրամփիզմի հաղթանակն ԱՄՆ-ում, եվրոպացիների տատանումներն ու նահանջը դեպի ազգայնամոլություն ու մեկուսացում կարծես թե նոր շունչ հաղորդեցին ու նոր արյուն լցրեցին սատկող չեկիստական հրեշի երակները: Եթե դեռ հոկտեմբերին եկող 2017 թիվը թվում էր շատերին (եւ ինձ այդ թվում) ռուսական հեղաշրջման հարյուրամյակի անխուսափելի կրկնության տարի, ապա արդեն նոյեմբերին պարզվեց, որ ամերիկյան շաբաթը եկավ ռուսական ուրբաթից շուտ եւ դա ժամանակավոր դադար է տալիս Պուծինին: Տեսեք, թե ինչպես են ոգեւորվել չեկիստական գործակալները Հայաստանում: Յոթ հազար նախկին կույսեր մի գիշերվա մեջ ստացան իրենց կուսության կուսակցական վկայականները, հետեւելով քաղաքական նորաձեւության վերջին ճիչերին: Այսպիսի քաղաքական պոռնոգրաֆիա մինչեւ հիմա գոյություն ուներ միայն Հյուսիսային Կորեայում: Սա նույն պատճառահետեւանքային կապն է, ըստ որի հայոց բանակի մի ամբողջ կորպուս հանձնվում է Ռուսաստանին, իսկ Հայաստան համերգներով այցելում է Իոսիֆ Կոբզոնը... Հիշենք՝ դեռ անցյալ տարի մեր բանակի գումարտակները ծառայում էին ՆԱՏՈ-ի ստորաբաժանումների հետ միասին ՄԱԿ-ի դրոշի ներքո, իսկ մեզ այցելում էին Հռոմի Պապն ու Քանյա Ուեսթը, ընտանյոք հանդերձ...
Հայաստանն այսօր խոպան է: Մեր հայրենակիցներն այնքան երկար ու այնպիսի քանակներով էին գնում խոպան, որ խոպանն ինքը եկավ ու չոքեց մեր դուռը: Խոպանչի իշխանություն եւ խոպանչի ընդդիմություն, խոպանչի բնակչության խոպանչի մտածելակերպ: 
Ձմեռը սկսվեց, բայց ոչ մեզ համար: Մեզ համար ձմեռը տեւում է արդեն ութ տարի շարունակ ու անընդմեջ՝ 2008 թվականի վերջին փետրվարյան գիշերն ու մարտի մեկի ցուրտ ու մութ առավոտյան Հայաստանում ժամանակը կանգ է առել: Եւ այլեւս չի շարժվում: Մի ստուգեք ձեր ժամացույցը, մի նայեք պատի օրացույցին, մի նշեք տարեդարձները՝ դա միայն պատրանք է ու ցնորք: Հայաստանում շարունակվում է արջամկան օրը, եւ այդ օրը 2008 թվականի մարտի 1-ն է: Մուկը գնաց, արջը եկավ, բայց արջամուկը մնում է քնած եւ չի արդնանում: Սերժ Սարգսյանը արջամուկ է: Նա քնած է իշխում, երբեմն բառի բուն իմաստով, եւ միգուցե դա ամենաճիշտ վարքագիծն է տվյալ իրավիճակում: Մուկը գնաց, իսկ արջամուկը սպասում է, թե երբ է գնալու արջը: Մինչեւ արջը չգնա՝ այս մղձավանջը շարունակվելու է, այդ ձմեռը չի ավարտվելու, այս արջամուկը չի արթնանա: 2016-ը՝ արջամկան ութերրորդ տարին է: Ես չեմ շնորհավորում ձեր Ամանորը: Իմ միակ մաղթանքն է՝ արդնացեք: Գոնե 2017-ին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее