▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս հիվանդությունների թիվ մեկ սնուցումը շաքարի մեծ քանակի ընդունումն է․ Գայանե Շահխաթունի

Արդյոք հայ սպառողները  գնումներ կատարելիս  կարդու՞մ են սնուցիչների պիտակն ու որքանո՞վ են տեղեկացված, որ քաղցր ըմպելիքները`գազավորված հյութերը, թեյը, սուրճը, մրգային ըմպելի յոգուրտները առաջացնում են սննդային կախվածություն: 

Մարդուն թվում է, թե իրեն տանջում է ծարավը, որը, բնականաբար, քաղցր ըմպելիք ընդունելուց հետո նոր ուժով է վրա հասնում: Սննդային պաթոլոգիայի այս տեսակին հավասարապես հակված են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, միայն թե կանայք ավելի հաճախ խմում են թեյ և կաթնային ըմպելիքներ, իսկ տղամարդիկ` սուրճ և կոլա: Արդյունքում` ավելորդ քաշ, փքված որովայն, աղիներում մշտական խմորումներ, գազեր:

Որպես կանոն, այդ խանգարմանը նպաստում է ծայրահեղ կենտրոնացում պահանջող աշխատանքը կամ, ընդհակառակը, չափազանց թերի գրաֆիկը, որը թույլ է տալիս շատ անգամներ թեյել:
Բացի դրանից,  սովորաբար քաղցր ըմպելիք ավելի շատ օգտագործում են նևրոզների հակված մարդիկ:

Ի՞նչ է պետք անել: Հարկավոր է մրգերից պատրաստել ըմպելիքներ՝ կոմպոտ, հյութ ու փորձել վերը նշված  նույն ըմպելիքներն օգտագործել առանց շաքարի (և առանց փոխարինիչների): 

Եվ, բնականաբար, տագնապի զգացումն աճելու դեպքում, նյարդաբանի ու ընդհանրապես՝  սննդաբանի  խորհրդատվությունները պարզապես անհրաժեշտ են:

Սննդաբան Գայանե Շահխաթունին ասում է․ «Վերջին 15 տարիներին մարդիկ առավել տեղեկացված են, իրազեկ են շաքարի վնասների մասին, քան երբևէ: Ես նկատում եմ, որ վերջին շրջանում շատերն են հրաժարվում շաքարից, բայց այստեղ մի բայց կա`շատերին թվում է, որ միայն շաքարն է վնասակար, այսինքն իրենք կրճատում են հենց շաքարը, շաքարավազը, բայց ես ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ մենք ուշադիր չենք մեր ընդունած յուրաքանչյուր սննդի մեջ պարունակվող շաքարի քանակին, արդյոք կա թե չկա, շատ սննդամթերքներ կան, որոնց մեջ կա մեծաքանակ շաքար, սակայն քչերն են տեղյակ այս մասին։ Սովորական յոգուրտները, շաքարաջրով պատրաստված անուշեղենները, չրեղենը, այստեղ պետք է խոսեմ նաև «Բնական հյութ» կոչվածի մասին, որոնք թվում է գազավորված չեն և կոչվում են բնական, իրենց մեջ մեծ քանակի շաքար են պարունակում, մուսերը, նուտելաները, խտացրած կաթերը, այս բոլորն իրենք իրենցով մեծաքանակ շաքարի աղբյուր են»:

Նշենք, որ շաքարը չի մտնում  այն պարտադիր սննդատեսակների մեջ, որոնք  անհրաժեշտ են թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: Հատկապես մինչև մեկ տարեկան  փոքրերին մանկաբույժները  խորհուրդ չեն տալիս  շաքարային պարունակությամբ որևէ հյութ տալ: Դրան կարող են փոխարինել մրգային խյուսերը: Մանկաբույժները, հասկանալով, որ  երեխաներին հնարավոր չէ ընդհանրապես զրկել քաղցրից,  խորհուրդ են  տալիս  սահմանափակել հատկապես քաղցրահամ հյութերը: 

Քաղցրահամ ու հատկապես գազավորված  հյութերի չարաշահումը բացասական ազդեցություն է ունենում  օրգան համակարգերի վրա:

Ուղեղ

Մեծ քանակությամբ շաքար պարունակող գազավորված ըմպելիքները դանդաղեցնում են ուղեղի աշխատանքը և ազդում մի քանի նյարդային գործընթացների վրա, հատկապես՝ հիշողության: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ գազավորված ըմպելիքների օգտագործումը ձևափոխում է ավելի քան 100 տեսակի սպիտակուցներ, որոնք մտնում են գլխուղեղի հյուսվածքների նյարդային համակարգի բաղադրության մեջ: Նմանատիպ ձևափոխություններ տեղի են ունենում Ալցհեյմերի հիվանդության ժամանակ:

Սիրտ

Այն մարդիկ, ովքեր ամեն օր գազավորված ըմպելիք են օգտագործում, ավելի հաճախ են դառնում սրտանոթային հիվանդությունների թիրախ: Հետազոտությունների հեղինակների խոսքերով՝ այս ազդեցությունների պատճառ է հանդիսանում շաքարը, որն առկա է գազավորված ըմպելիքներում: Այս ըմպելիքի կանոնավոր օգտագործումն ազդում է արյան ճնշման և սրտի աշխատանքի վրա, ինչպես նաև՝ 20%-ով բարձրացնում է կաթվածի ռիսկը:

Թոքեր

Գիտնականները հաճախ քրոնիկ շնչառական հիվանդությունների ի հայտ գալը կապում են գազավորված ըմպելիքների կանոնավոր օգտագործման հետ:

Ատամներ

Քաղցր գազավորված ըմպելիքները քայքայում են ատամների էմալը, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է կարիեսի: Դրանք նաև նվազեցնում են թքի pH-ը, ինչպես նաև խթանում են բակտերիաների զարգացումը: Դիետիկ ըմպելիքները բացառություն չեն:

Ոսկորներ

Գազավորված ըմպելիքները վատ են ազդում ոսկորների վրա և թուլացնում դրանք: Գերմանացի գիտնականներն ապացուցել են, որ ըմպելիքներում առկա կոֆեինը բացասաբար է ազդում կմախքի վրա: Գազավորված ըմպելիքներ խմողների ոսկորների բաղադրության մեջ բացակայում են հանքանյութերը, որոնք ամրացնում են կմախքը:

Վերարտադրողական օրգաններ

Որոշ գազավորված ըմպելիքներ պարունակում են բիսֆենոլ A, որը համարվում է կանցերոգեն: Գազավորված ըմպելիքներն առաջացնում են ճարպակալություն, շաքարախտ, բարձրացնում են երիկամների անբավարարության ռիսկը, խորացնում ինֆեկցիաները, և այլն:

Սննդաբան Գայանե Շահխաթունին նաև զգուշացնում է․ « Ինչու՞ ցանկալի չէ ընդունել շաքարի մեծ քանակ և ,հատկապես, ռաֆինացված շաքար, սա առաջին գործոնն է նախադիաբետի, ինսուլին-գլյուկոզի հարաբերության խախտման, ճարպակալման, փորկապությունների և մի շարք այլ խրոնիկ հիվանդությունների: Այս հիվանդությունների թիվ մեկ սնուցումը շաքարի մեծ քանակի ընդունումն է: Ինչ խոսք` մենք ամենից շատ խոսում ենք ռաֆինացված շաքարի մասին, սակայն ես կցանկանամ խոսել ոչ ռաֆինացված շաքարի և գլյուկոզա պարունակող մթերքների մասին: Մի այսպիսի կարծիք կա`մենք չենք օգտագործում ռաֆինացված շաքար, բայց ուտում ենք չրեր, մեղր, այսպիսի բնական ծագմամբ գլյուկոզաներ, և հավատացնում եծ Ձեզ, որ անգամ քաղցրահամ մրգերի մեջ շատ է գլյուկոզան, և դրանք գրեթե նույն ազդեցությունն են ունենում, ինչ ռաֆինացված շաքարը`մի տարբերությամբ, որ ռաֆինացված շաքարը քիմիական վերամշակում է ստացած, բայց այս երկուսն էլ նույն դիաբետիկին, նույն ճարպակալության խնդիր ունեցող մարդու համար միևնույն վնասն են հանդիսանալու: Բացի ռաֆինացված շաքարից նաև այս խմբի մթերքների չափից շատ օգտագործումն է վնասակար` հատկապես դիաբետիկներին: Վերջին տասնամյակում առողջապահական մեր ստանդարտները հատկապես ցուցում է հեռու մնալ գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա պարունակող բոլոր մթերքներից, եթե ոչ հեռացնել սննդակարգից, ապա խստագույնս քչացնել օգտագործման քանակը, դրա փոխարեն մեր սննդակարգում ավելացնել բանջարեղենները: Վերջին 10 տարվա ընթացքում նաև ակտուալ է նյութը`ստերիան, որը քաղցր բույս է, որից պատրաստում են թանձրուկներ, ոչնչով չի զիջում շաքարին, էլի շատ համեղ է, կալորիականությունը ցածր է, քանի որ այն խոտաբույս է, նրանով պատրաստում են շատ բլիթներ, և կարելի է այս նյութով փոխարինել շաքարը»,-խորհուրդ է տալիս նա։

Ի՞նչ են ասում հետազոտությունները

ԱՄՆ Հարվարդի համալսարանի բժիշկների հետազոտությունների համաձայն՝ շաքարի բարձր պարունակությամբ մրգային հյութեր պարբերաբար խմող երեխաները հաճախ  տառապում են ասթմայով:  Ճարպակալման և ասթմայի կապից բացի հայտնաբերվել է, որ քաղցր ըմպելիքների և մեծ քանակությամբ ֆրուկտոզայի գործածությունը նույնպես բարձրացնում է այս հիվանդության առաջացման ռիսկը:

Ամերիկացի բժիշկները պարզել են, որ ավելի շատ շաքարային հավելում սպառած մարդիկ ավելի հավանական է, որ կունենան սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի գործոններ։ 

Հատկանշական է, որ այն մադիկ, ովքեր մտահոգված են սրտային հիվանդություններով, կրճատում են ճարպի սպառումը, իսկ ճարպի սպառման կրճատումը կարող է բերել մշակված շաքարի սպառման ավելացմանը. այս ամենը փոքր-ինչ բարդանում է, քանի որ հնարավոր չէ ուշադրություն դարձնել ճարպի վրա և անտեսել շաքարը։

Եթե անհանգստացած ենք սրտային հիվանդությունների վտանգով, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդի մեջ առկա շաքարային հավելումների վրա, քանի որ, փոխելով շաքարի սպառման քանակը, մարդիկ կարող են բարելավել արյան լիպիդի մակարդակը և նվազեցնել սրտանոթային հիվանդությունների վտանգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее