▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս հայն աշխարհին հայտնի է «Միստր 5 տոկոս» մականունով

«Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա կյանքիս երկու մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ»: Երբ ասում ենք հայազգի նավթային մագնատ, պատկերացնում ենք Ալեքսանդր Մանթաշյանցին, բայց նավթաշխարհում նրանից ավելի հանրաճանաչ էր Գալուստ Գյուլբենկյանը, որ աշխարհին հայտնի էր «Միստր հինգ տոկոս» մականունով:

Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է 1869 թ. մարտի 23-ին, Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում՝ Սարգիս և Տիրուհի Գյուլբենկյանների ընտանիքում:

Գյուլբենկյաններն ազնվական տոհմ էին: Նրանք սերում էին Ռշտունյաց Վարդ իշխանից, որին հայրենի Կեսարիայում թուրքերը Գյուլ բեկ կոչեցին, որից էլ ծագեց Գյուլբենկյան տոհմանունը:

Սարգիս աղա Գյուլբենկյանը հարուստ էր, զբաղվում էր գորգերի, մանուֆակտուրային արտադրությամբ և վաճառքով: Հայրը հույս ուներ, որ ավագ որդին իր ճամփան կբռնի և ընտանեկան բիզնեսն ավելի կընդլայնի: Բայց պատանու համար մանուֆակտուրային գործը շատ նեղ էր թվում: Ինքը՝ Սարգիս աղան, շուտով նշանակվեց Տրապիզոնի նավահանգստի կառավարիչ և օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ավելի ընդլայնեց իր գործն ու նավթաշխարհ մտավ: Նա նավթային բաժնետոմսեր գնեց Բաքվում: Հետագայում համագործակցեց Ալեքսանդր Մանթաշյանցի հետ և դարձավ նրա Բալախանովյան ընկերության ներկայացուցիչը Օսմանյան Թուրքիայում: Սարգիս աղան, խելացի գործարար լինելով, աշխատանքի մեջ նոր տեխնոլոգիաներ էր կիրառում, ինչն ապահովում էր հաջողությունը: Նա նաև խոշոր արտահանող էր, Օսմանյան կայսրության ամենահռչակավոր ու հաջողակ գործարարներից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գալուստ Գյուլբենկյանը նախնական կրթությունը ստացել է Գատըգյուղում՝ հայկական Արամյան-Ունջյան դպրոցում: Սակայն շուտով տեղափոխվում է ֆրանսիական Սեն Ժոզեֆ դպրոց և այնտեղ շարունակում ուսումը, իսկ միջնակարգն ավարտում է Ռոբերտ քոլեջում:

Դեռևս դպրոցական տարիներին կատարում է առաջին գործարքը. 7 տարեկան հասակում, դպրոցում պարգևատրվելով թուրքական արծաթադրամով, նա դա շուկայում փոխանակեց հունական հին մետաղադրամի հետ: Այդ մետաղադրամը մինչ օրս զարդարում է Գյուլբենկյան արվեստի թանգարանի ցուցափեղկերից մեկը:

1884 թ. Գալուստ Գյուլբենկյանը հաստատվում է Մարսելում՝ այստեղ ավարտելով Քինգս քոլեջը որպես ճարտարագետ և կիրառական գիտությունների մասնագետ։

Նա ցանկանում էր շարունակել ուսումը, սակայն հետևելով հոր խորհրդին՝ մեկնում է Բաքու՝ ծանոթանալու նավթային գործին: Այստեղ նա գրում է իր առաջին գիտական հոդվածը՝ «Նավթը էներգիայի աղբյուր», որը տպագրվում է փարիզյան գիտական ամսագրերում: Շուտով Մանթաշյանցը Գյուլբենկյանի հոր հորդորով Կոստանդնուպոլսում իր Բալախանյան ընկերության լիազոր ներկայացուցիչ է նշանակում հենց Գալուստին:

Նա աշխատանքին զուգընթաց շարունակ ճամփորդում է, սովորում, ուսումնասիրում…

1892 թ. Գյուլբենկյանները հաստատվում են Լոնդոնում: Այստեղ Գալուստ Գյուլբենկյանը հանդիպում է իր մեծ սիրուն՝ Նվարդ Եսայանին, և ամուսնանում նրա հետ: Նվարդը նույնպես ծագումով Կեսարիայից էր: Նրա մեծահարուստ ծնողները տարիներ առաջ հաստատվել էին Լոնդոնում և հաջողակ գործարարներ էին:

Նվարդը Գալուստ Գյուլբենկյանին երկու զավակ պարգևեց՝ Նուբար-Սարգիս և Սիրվարդ:

Գյուլբենկյանը, հաստատվելով Լոնդոնում, որոշում է սեփական գրասենյակը հիմնել: Նա դառնում է Մեծ Բրիտանիայում Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեսպանատների նավթային գծով խորհրդականն ու զբաղվում է նավթի ներկրմամբ: Կարճ ժամանակ անց Գյուլբենկյանի գործը մեծ շահույթներ է բերում:

Նա ստեղծեց Turkish Petrolium Company-ն, որի բաժնետոմսերի 17.5 տոկոսն իրեն էր պատկանում: Հետագայում այս ընկերության իրավահաջորդները դարձան Iraq Petrolium Co. LTD և British Petrolium կազմակերպությունները, որոնք աստիճանաբար թելադրող դարձան նավթի համաշխարհային շուկայում:

Գալուստ Գյուլբենկյանը, հանդիսանալով Iraq Petrolium ընկերության բաժնեթղթերի 5 տոկոսի սեփականատերը, դարձավ նավթաշխարհի խոշորագույն դեմքերից մեկն ու աշխարհում ճանաչվեց «Միստր 5 տոկոս» մականունով: Դա նրա փառքի գագաթնակետն էր: Հարուստ գիտելիքների շնորհիվ նա Իրանում և Արաբական թերակղզում կարողացավ նավթաբեր շատ հողատարածքներ ձեռք բերել, կարողացավ ձեռք բերել նաև անգլիական նավատորմին նավթ մատակարարելու մենաշնորհը: Իր կարողության շնորհիվ Գյուլբենկյանը մեծ ազդեցություն ուներ նաև համաշխարհային քաղաքականության մեջ: Շատ մեծ տերությունների ղեկավարներ ուղղակի ստիպված էին հաշվի նստել նրա կարծիքի հետ:

Սան Ռեմոյի խորհրդակցության ժամանակ նավթային ընկերությունների միջև տարաձայնություններ կային տարածքների բաժանման հարցում։ Գյուլբենկյանը ստանձնում է նախաձեռնությունն ու ինքն է կարմիր մատիտով գծում յուրաքանչյուր պետության տիրույթը, այդ պատճառով Սան Ռեմոյի պայմանագիրը կոչվել է «Կարմիր գծի» պայմանագիր։

Առհասարակ Գյուլբենկյանն անցյալ դարասկզբին նավթաշխարհի ամենամեծ հեղինակությունն էր և նավթային դիվանագիտության մեջ ամենաազդեցիկ դեմքը:

Գյուլբենկյանն արվեստների սիրահար էր: Նա հսկայական հավաքածու ուներ՝ համաշխարհային արվեստի մոտ 8000 անուն գլուխգործոց, որոնք ձեռք էր բերել տասնյակ տարիների ընթացքում: Երբ ԽՍՀՄ կառավարությունը 1929 թ. որոշեց տնտեսական խնդիրների լուծման նպատակով վաճառքի հանել Էրմիտաժի հազվագյուտ հավաքածուներից, առաջին գնորդներից մեկը հենց Գյուլբենկյանն էր: Ի դեպ, այս դեպքում էլ գործը գլուխ չեկավ առանց տնտեսական դիվանագիտության: Իր գործընկերներին համոզելով Եվրոպայում իրացնել նաև ռուսական նավթը՝ Գյուլբենկյանը Ստալինից ստացավ «առաջին գնորդի» իրավունքը և բազում արժեքավոր ու հազվագյուտ նմուշներ գնեց չնչին գնով:

Նա նաև մեծագույն բարեգործ էր: 1930 թ. Գալուստ Գյուլբենկյանը ստանձնեց Հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարությունը: Սակայն շուտով հրաժարականի դիմում ներկայացրեց: Նրա բարեգործությունների և նվիրատվությունների զգալի մասը կապված են Հայ առաքելական եկեղեցու հետ:

1922 թ. նա Լոնդոնում Հաղբատի զանգակատան նմանությամբ, ինչը միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է, կառուցում է Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին: 1929 թ. Երուսաղեմում հայոց պատրիարքությանը կից կառուցում է Կյուլպենկյան մատենադարանի շենքը, մեծ նվիրատվություններ է անում Կոստանդնուպոլսի սբ.Փրկիչ հիվանդանոցին: Մերձավոր Արևելքում իր ծախսերով տասնյակ դպրոցներ, հիվանդանոցներ, ազգային հաստատություններ է հիմնում և պահում:

1936 թ. Գյուլբենկյանը մեծ ներդրում կատարեց Մայր Աթոռում՝ կառուցապատման և թանգարանի շինարարության համար հատկացնելով 400 հազար ԱՄՆ դոլար: Հետագայում իր կտակում Գյուլբենկյանը Մայր Աթոռին նվիրաբերեց ևս 450 հազար ԱՄն դոլար՝ վերանորոգման աշխատանքների համար:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1942 թ., Գյուլբենկյանը հաստատվեց Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում՝ այնտեղ տեղափոխելով իր ողջ ունեցվածքը: Գյուլբենկյանի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ Պորտուգալիան չեզոք պետություն էր և չէր մասնակցում աշխարհամարտին:

Մեծ հայորդին ժուժկալ կյանքով էր ապրում: Նրա սիրած զբաղմունքը զբոսանքն էր երեկոյան Լիսաբոնում: Սակայն դա էլ իր դժվարությունն ուներ: Շատերն էին ցանկանում մոտիկից տեսնել Գյուլբենկյանին՝ հռչակավոր մեծահարուստին: Իսկ նա իրեն մոտ էր թողնում միայն մանուկներին, պայմանով, որ նրանք չաղմկեն: Վերջում, իհարկե, մանուկները բարերարից հեռանում էին առատ դրամական ընծաներով:

Մեծ բարերարը մահացավ 1955 թ. հուլիսի 20-ին և թաղվեց Լիսաբոնի սբ.Սարգիս եկեղեցում: Նրա երազանքը՝ հանգրվանել հայրենիքում, չիրականացավ:

Իր հսկայական կարողությունը Գյուլբենկյանը կտակեց բարեգործության: Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ որդուն զրկեց ժառանգությունից, քանզի ընդդիմանալով հոր կամքին՝ նա ամուսնացել էր անգլուհու հետ:

Մեծ հայորդու մահից հետո, իր կտակի համաձայն, 1956 թ. հիմնվեց Գյուլբենկյան հիմնադրամը՝ 300 մլն ոսկի՝ մոտ 840 մլն դոլար հիմնադիր կապիտալով: Կտակի համաձայն՝ Գյուլբենկյան հիմնադրամի կենտրոնակայանը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին, ինչպես Նոբելյան հիմնադրամը։

Հիմնադրամը Գյուլբենկյանի մահից հետո կայուն եկամուտներ ապահովելու նպատակով կապիտալ ձեռք բերեց նավթային աշխարհում: Պորտուգալական Partex նավթարդյունաբերական ընկերությունն այժմ ամբողջությամբ պատկանում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամին (տարեկան բյուջեն՝ ավելի քան 100 միլիոն եվրո):

Գյուլբենկյան հիմնադրամի հոգածության տակ է Երևանի մատենադարանը: Գյուլբենկյան հիմնադրամը հայկական համայնքների և հայ գիտամշակութային կյանքի զարգացմանն ամեն տարի 3.5 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացնում:

Այժմ աշխարհի տարբեր անկյուններում Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամին են պատկանում Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը, որը հիմնվել է Գյուլբենկյանի անձնական հավաքածուի հիման վրա, Ժամանակակից արվեստի թանգարանը Լիսաբոնում, Գյուլբենկյան նվագախումբը, որ համարվում է Լիսաբոնի ամենախոշոր նվագախմբերից մեկը, Գյուլբենկյան գրադարանը, Գյուլբենկյան գիտության ինստիտուտը, Գյուլբենկյան հիմնադրամի այգին Լիսաբոնում, Գյուլբենկյան բալետը։

 

Վահե Անթանեսյան  

Նյութի աղբյուրը՝ ankakh.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее