Մայիսի 28-ին, Երևանի կենտրոնում, Վերնիսաժին հարող զբոսայգում՝ Նժդեհի անունով կոչված պուրակում, տեղի է ունենալու Գարեգին Նժդեհի արձանի բացման արարողությունը:
Այսօր արձանի տեղադրման աշխատանքները խնամքով ու ամենայն պատասխանատվությամբ կատարում էր նաև քանդակագործը՝ Գագիկ Ստեփանյանը, ով Asekose.am-ի հետ զրույցում նշեց. «Որքան էլ զբաղված էի գործով, տասնյակ մարդիկ մոտեցան ինձ՝ օրհնելով ու շնորհավորելով, թե ինչ լավ արձան է ստացվել»:
Անդրադառնալով համացանցում տարածված տարբեր կարծիքներին ու քննադատություններին, Գագիկ Ստեփանյանը նշեց. «Բնականաբար, տեղում էլ եղան մարդիկ, որ հարցրեցին, թե ինչու Նժդեհը ձիով չէ, կամ ինչու ձեռքին թուր չկա, սակայն արձանը դուր է գալիս և գիտակներին, և մասնագետներին: Կասեմ ավելին, ստացված է ոչ միայն քաղաքական, պետական գործչի ու մեծ գաղափարախոսի կերպարը, այլ հաջողված է նաև ճարտարապետության ու քանդակի կապը տարածքի հետ»:
Գագիկ Ստեփանյանի խոսքով, քանդակի վրա աշխատելուց առաջ ինքն ավելի խորն է ուսումնասիրել Նժդեհի պատմությունը, հավաքել է նրա բոլոր լուսանկարները, իսկ արդեն քանդակը կերտելիս նպատակ է ունեցել չշեշտել մեծ զորավարի կյանքի կոնկրետ ժամանակաշրջան, այլ ստեղծել նրա խիզախությունն արտացոլող հավաքական կերպարը:
«Այս արձանում երևում են Նժդեհի կամքը և ուժը»,-ասում է Գագիկ Ստեփանյան ու խնդրում քննադատողներին ուժ ունենալ՝ կարծիք հայտնելուց առաջ ուշադիր զննել քանդակն ու այն գնահատել սրտի կամոք: