Լրագրող Կիմա Եղիազարյանը 7or.am-ում անդրադարձել է հեռուստաեթերում` հատկապես Հանրային հեռուստաընկերությունում տիրող վիճակին ու, մասնավորապես, գրում է.
Ջաղինյանը վստահեցնում է, որ նոր եթերաշրջանում փոփոխություններ կտեսնենք.
«Ռաբիզության հետ կապված՝ ասեմ, որ ապրում ենք մի
ժամանակահատվածում, երբ Բեթհովենը դա շուն ա,
Մոցարտըդա կոնֆետ ա, Չարենցը դա հազարանոց ա,
Կոմիտասըդա փողոց ա: Ես սիրում եմ իմ աշխատանքը եւ
ես ամեն ինչ անելու եմ, որ դա փոփոխվի: Ծրագրեր ենք անում եւ
անելու, իսկապես փոխվելու է, կտեսնեք»:
Իրոք, զարմանալի է. մարդը պաշտոն է ստանում եւ հանկարծ այնպիսի մտքեր է սկսում արտահայտել, որ կարծես՝ քո դիմաց սուրբ է կանգնած:
Այն, ինչի մասին խոսում է խորհրդի նորաթուխ նախագահը, այդ ամենը նա քարոզել ու տարածել է 22 տարի՝ գլխավորելով «Շարմ-հոլդինգը»:
«Շարմ»-ն է արտադրել ու բոլոր հեռուստաընկերություններին մատուցել այնպիսի «հեռուստանախագծեր» ու ֆիլմեր, որոնց «դրական ներգործությունը» հանրության վրա եղել է վերջինիս լիակատար դեգրադացումը:
Զանազան «ֆեշըն շոուների» ու «տրանզիտների», «Տաքսի՝ էլի լավ ա»-ների պրոդյուսերը տարիներ շարունակ, մեծ հաշվով, զբաղվել է հանրության շրջանում անգրագիտության ու ռաբիսության տարածմամբ:
Կարեւոր է նկատել այն, որ 2008-ից այս կողմ հասարակական տարբեր կազմակերպություններ, մշակույթի գործիչներ պարբերաբար դիմել են Սերժ Սարգսյանին՝ խնդրելով բարելավել հայկական հեռուստաեթերի վիճակը: Հարցի շուրջ տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, այդ թվում՝ Հանրային խորհրդում, անգամ մշակվել են չափորոշիչներ, որոնցով իբր պետք է առաջնորդվեին հետուստաընկերությունները: Նույնիսկ, մրցանակներ են սահմանվել՝ որոշելու, թե որն է ամենատգեղ եթերը եւ այլն:
Սակայն այս ամենը զրոյական նշանակություն է ունեցել, քանի որ ինչպես նախկինում գործել են, այսօր էլ շարունակում են «նույն ոգով» գործել հեռուստաընկերությունների մեծ մասը: Շարունակում են մատուցել նույն «խլամ» արտադրանքը՝ հոգեզրկելով ու այլասերելով հանրությանը, դե, իսկ «ռեյծինգի» մրցավազքում շարունակելով հսկայական գումարներ աշխատել: Ջհանդամը թե՝ ազգին չեն ապուշացնում ու հիմարացնում, ջհանդամը թե՝ իրենց արտադրած սերիալներով ու պլագիատ ծրագրերով չի բարոյալքվում ու տխմարանում հեռուստադիտողը:
Իսկ «բարելավումը» այն եղավ, որ Ջաղինյանը նշանակվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:
Դե, մարդը «Գարեգին Նժդեհ» մեդալ ունի, «Մովսես Խորենացի» մեդալ ունի (հետաքրքիր է, Խորենացու «Հայոց պատմություն» գրքի շապիկը գոնե տեսե՞լ է), մշակույթի նախարարության ոսկե մեդալ է ստացել…
Երեւի՝ «գլամուռ» բուծելու տեւական ջանքերի համար:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում